Լրահոս
Օրվա լրահոսը

«Երաժշտությունը կին չէ, որի հետ պիտի ամբողջ կյանքում ապրես». Ալեքսեյ Լյուբիմով

Հոկտեմբեր 08,2014 20:31

«Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ ռուս հայտնի դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովի մենահամերգը:

Դաշնակահարի կատարմամբ հնչեցին Մոցարտի, Շուբերտի, Կոմիտասի և Դեբյուսիի ստեղծագործությունները:

Մենահամերգին նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Ա. Լյուբիմովը բացատրեց, թե ինչու է սիրում Կոմիտասին. «Նրա մշակումներն այնքան նուրբ են, պարզ, առանց ավելորդ զգացմունքայնության ու պաթոսի, առանց լալկանության: Չափից դուրս զգացմունքային երաժշտությունն ինձ վանում է, չեմ սիրում, որ զգացմունքը մեծ պաթոսով է արտահայտվում: Կոմիտասի երաժշտությունն ինձ համար ժողովրդական երաժշտության բյուրեղյա աղբյուր է, դրա համար էլ ես այն սովորեցի: Իսկ երբ կատարեցի Մոսկվայում, մտածեցի՝ քանի որ արդեն նվագում եմ Կոմիտաս, պետք է նվագեմ նաև Հայաստանում: Չգիտեմ՝ ինչպես կընդունի այստեղի հանդիսատեսը, որովհետև ես, գուցե, այնքան էլ այնպես չեմ նվագում, ինչպես ընդունված է»,- ասաց ռուս դաշնակահարը:

Ա. Լյուբիմովը ճիշտ չի համարում անընդհատ նույն կոմպոզիտորների գործերը կատարելը, գտնում է, որ ինչքան հաճախակի է փոփոխվում նրանց ցանկը, ինչքան տարբեր երաժշտություններ են հնչում, այնքան ավելի հետաքրքիր է դառնում ապրելը. «Դասական երաժշտությունն այսօր ինչ-որ տեղ վտանգված է, որովհետև շատ է կատարվում և շատ տարբեր մարդկանց կողմից է կատարվում,- ասում է դաշնակահարը.- գիտեք՝ երբ միշտ նույն թխվածքն եք ճաշակում, որքան էլ այն համեղ լինի, միևնույն է, մեկ շաբաթ հետո այլևս չեք կարող այն ուտել: Եվ, ընդհանրապես, շատ գործեր կան, որոնք պետք է ուղղակի արգելել կատարել, ինչպես, օրինակ, Շոպենի, Չայկովսկու որոշ ստեղծագործություններ, որովհետև բոլորն արդեն դրանք անգիր են արել: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե Շոպենին, Բեթհովենին, Չայկովսկուն մի որոշ ժամանակ մոռանանք, այդ ընթացքում լսենք ուրիշ երաժշտություն: Այդպես ավելի լավ կլինի թե´ կատարողի, թե´ ունկնդրի համար: Ես ինքս չեմ կարողանում երկար ժամանակ տարվել մեկ կոմպոզիտորով: Այնքան բան կա նվագելու, որ ուղղակի իրավունք չունես մեկին կամ երկուսին սիրելու: Երաժշտությունը կին չէ, որի հետ պիտի ամբողջ կյանքում ապրես»:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031