Այսօր Վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանի դատական նիստին որպես վկա հարցաքննվեց փոխգնդապետ, Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը:
Դատավորի հարցին՝ ճանաչո՞ւմ է Դավիթին՝ Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ Կոմիտաս 5 հասցեի հավաքից նա շատ լավ է տպավորվել իր մեջ. «Դավիթ Հարությունյանը օգոստոսի 24-ին կանաչ եւ սպիտակ հորիզոնական զոլերով բամբակյա վերնաշապիկով էր, այդպես տպավորվել է: Նրանք սահմանափակում էին մյուս քաղաքացիների՝ ազատ երթեւեկելու իրավունքը տրանսպորտային միջոցների, այդ թվում նաեւ հետիոտների իրավունքները: Դավիթը միտումնավոր փակում էր ավտոների ճանապարհները, ավտոմեքենաների կափարիչին՝ կապոտին ձեռքով հենվում էր եւ չէր թողնում շարժվել: Ձեռքերով հենվելով ոստիկանության պարեկային մեքենայի կապոտին, չէր թողնում շարժվել: Ես ղեկավարում էի այդ օրը ծառայությունը: Դավիթին ոստիկանության ծառայողները, այդ թվում նաեւ ես բազմիցս զգուշացրել ենք, որ դադարեցրեք ձեր գործողությունները, հարգելի քաղաքացի, խնդրում եմ դուրս եկեք բանուկ մասից, ձեր ներկայությամբ դուք խախտում եք մի շարք օրենքներ, իսկ Դավիթը չարամտորեն դուրս չի եկել: Սպառելով բոլոր ողջամիտ միջոցները, համոզման ճանապարհով գնալու, ես անձամբ ձեռքից բռնելով դուրս եմ արել»,- պատմեց փոխգնդապետը:
Դավիթ Հարությունյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ ինչի՞ էին բողոքում քաղաքացիները: Կարեն Մովսիսյանը պատասխանեց. «Իմ իմացած տեղեկությունով, Կոմիտաս 5 հասցեում ինչ-որ շինարարական կազմակերպության դեմ»:
Հարցին՝ քաղաքացիների պահանջն օրինակա՞ն էր՝ նա պատասխանեց՝ «Ես դատավոր չեմ, ոստիկանը չի կարող փողոցում որոշել դա օրինական է, թե ոչ: Ըստ ինձ, շինարարությունն օրինական էր, որովհետեւ բազմաթիվ փաստաթղթերի փաթեթ կար: Ես ինձ իրավունք չէի վերապահում դրանից ավելի խորանալու»:
Կարդացեք նաև
Հարցին՝ բողոքի ակցիա օրինակա՞ն էր՝ Կարեն Մովսիսյանը դժգոհեց. «Ես բողոքի ակցիա հասկացողությունը չեմ ընդունում, ասեք հավաք: Հավաքի մասնակիցները ՃԵԿ-ի բազմաթիվ կանոններ են խախտել, խցանում էր առաջացել, հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն էին հայտնում, իրոք, անհարմար վիճակում էր հայտնվել ոստիկանությունը: Ոստիկանությունը իմ ստաժի 20 տարվա ընթացքում երբեւէ ոչ մի հավաք չի արգելել: Եթե ասում ենք դուրս եկեք երթեւեկելի մասից, դա նշանակում է արգելո՞ւմ է հավաք անցկացնել»:
Կարեն Մովսիսյանը հաստատեց, որ քաղաքացիներն այդ օրը պարզապես պահանջում էին դադարեցնել շինարարությունը, որ բացեն փողոցը. «Մենք լիազորված չենք դադարեցնելու շինարարությունը, ընդամենն իրենց ասել ենք՝ վերցրեք ցիվիլ ճանապարհ, դիմեք դատարան»:
Հարցին՝ դուք պաշտպանում էիք շինարարություն իրականացնողների շահե՞րը՝ Կարեն Մովսիսյանը պատասխանեց, որ ինքը պաշտպանում է ՀՀ քաղաքացու շահերը. «Ես առաջնորդվում եմ բացառապես ՀՀ օրենքներով»:
Փոխգնդապետը սուտ հանեց Դավիթ Հարությունյանին, նա դատարանում վստահեցրեց, որ ակտիվիստին ազատությունից զրկելու իրավական հիմքերը ներկայացրել է, ասել է, որ նա իրավունք ունի զանգ կատարելու, պաշտպան ունենալու. «Ասել եմ, որ եթե չի ենթարկվում ոստիկանների օրինական պահանջին, ապա կենթարկվեք վարչական պատասխանատվության»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ով ասեց, ինչպես ասեց, ոտից բռնեցին թե թեւից, ուր եւ ինչպես տարան, ինչ նշանակություն ունեն այլ եւ նման մանր ու խոշոր մանրամասները? Ժամավաճառությամբ ու դատարկ խոսքակռվի փոխարեն հարկավոր է ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ – ԻՆՉՈՒ, ՈՒՄ ՀԱՄԱՐ, ՆԱԽԱԳԾՈՎ ԱՐԴԵՆ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏԵՂՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՅՑ ԵՆ ԽՑԿՈՒՄ, հարուցելով բնակիչների վրդովմունքը: Միթե դժվար է հասկանալ, որ այդ հանցագործության հետեւանքով են իրար բախվել ՀՀ ոստիկանն ու ՀՀ քաղաքացին: Հիմա այս մարդկանց ջուր ծեծոցի են կապել որ ի՜նչ անեն: Միթե՜ պարզ չէ, որ իրական մեղավորներից ուշադրությունը շեղելու համար է այս ամենն արվում: Խելքի պիտի գալ եւ իրար խնայել – հանցագործն ուրիշ տեղում է!