Լրահոս
Օրվա լրահոսը

«Կային ոստիկաններ, որոնք սեռական թուլություն ունեին». ակտիվիստ

Հոկտեմբեր 08,2014 19:47

Այսօր Վարչական դատարանում քննարկվեց ոստիկանության հայցը՝ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Հարությունյանին վարչական տույժի ենթարկելու մասին եւ հակընդդեմ հայցը ՝ ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

Դավիթ Հարությունյանը մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում շինարարության դեմ բողոքի ակցիաներին:

Դատարանում ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության կապիտան Մարիաննա Թումանյանը հիմնավորեց հայցն այսպես՝ որ Դավիթ Հարությունյանը փակել է Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը, խոչընդոտել է ոստիկանության ներկայացուցիչների աշխատանքի բնականոն ընթացքը. «Ոստիկանական մեքենայի դիմային հատվածն է փակել, աղաղակել, չի ենթարկվել ոստիկանության պահանջներին եւ դրա համար բերման է ենթարկվել բաժին: Տեսաձայնագրության մեջ պարզորոշ երեւում են իր գործողությունները, որ նա չի հնազանդվել, չի ենթարկվել: Ոստիկանները նշել են, որ ազատի այդ տարածքը, չխոչընդոտի մյուս քաղաքացիներին օգտվել ազատ տեղաշարժվելու իրենց իրավունքից, սակայն պահանջը չի կատարվել: Նա պետք է խաղաղ ակցիայի շրջանակից դուրս չգար»:

Դատավորը հարցրեց՝ ի՞նչ էր անում, մարտական գործողությո՞ւն էր անում, որ խաղաղ ակցիայից դուրս էր եկել:

Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ վարչական վարույթի ընթացքում ձեր ձեռքի տակ եղե՞լ է այդ տեսագրությունը: Դա հանդիսացե՞լ է որպես ապացույց:

Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ այն ձեռք է բերվել ավելի ուշ, այսինքն, Դավիթ Հարությունյանի արարքի որակման հիմքում դրված չի եղել այդ ապացույցը:

Ըստ Արտակ Զեյնալյանի, Դավիթ Հարությունյանին տարել են ոստիկանական բաժին՝ ոտնահարելով նրա ազատ տեղաշարժվելու եւ այլ իրավունքները. «Մեր վստահորդը գտնվել է անազատության մեջ 5 ժամ: Դրա իրավունքը ո՞րն է: Սկզբում 2.5 ժամ գտնվել է Արաբկիրի բաժնում, չեն կարողացել այնտեղ սպասարկել այդքան հավաքների մասնակիցների, այնուհետեւ տեղափոխել են Քանաքեռ-Զեյթունի բաժին: Ընդհանուր առմամբ մեր վստահորդը անազատության մեջ գտնվել է 5 ժամ»:

Արտակ Զեյնալյանը ներկայացրեց նաեւ հակընդդեմ հայցը, որ իր վստահորդը գնացել է Կոմիտաս 5 հասցեում՝ մասնակցելու բողոքի ակցիային: Ոստիկանները թույլ չեն տվել, որ նա անցկացնի իր բողոքի ակցիան, չեն ներկայացրել բողոքի ակցիայի հակաօրինական լինելու մասին որեւէ հիմք. «Ուժի գործադրմամբ Դավիթ Հարությունյանին տարել են Արաբկիրի բաժին, տեղում չեն կազմել արձանագրություն, տանողը չի ներկայացել, չի ասել իր պաշտոնը: Արաբկիրում ոստիկանները լուսանկարել են, վերցրել են մատնահետքեր՝ առանց նրա համաձայնության: Սահմանադրությունը երաշխավորում է մարդու ազատության իրավունքը, խոսքի ազատության իրավունքը, այլ անձանց հետ միավորումներ կազմելու իրավունքը, խաղաղ, առանց զենքի հավաք անցկացնելու իրավունքը, անձնական ազատության եւ անձեռնմխելիության իրավունքը: Իսկ վարչական վարույթը չի իրականացվել օբյեկտիվ եւ անկողմնակալ ձեւով: Վարույթ իրականացնողը շահագրգռվածություն է ունեցել դա անելու: Որակում է տվել մեր վստահորդի արարքին, որն իբր թե համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ 182-րդ հոդվածի պահանջներին: Բացակայում է զանցանքը եւ հանցակազմը, ուստի պահանջում ենք, որ ոչ իրավաչափ ճանաչվի ոստիկանության գործողությունները, որոնք խոչընդոտել են մի շարք իրավունքների եւ ազատությունների իրականացման ձեւով»:

Նիստի ընթացքում հարցաքննվեց Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ չի բացառում, որ եղել է փողոցի բանուկ մասում: Հարցին, թե ինչ էր անում այդ օրն այնտեղ՝ նա պատասխանեց. «Կային ոստիկաններ, որոնք սեռական թուլություն ունեին, աղջիկներին անընդհատ փորձում էին կպնել, ես պահանջել եմ, որպեսզի իրենք ասեին, թե ինչ իրավական հիմքով էին կազմակերպում այդ գործողությունները, մարդկանց քարշ տալով տանում էին: Ոստիկանին ասել եմ՝ այ մարդ, մի արա, մարդ է: Բրդելով ինձ տարել են մայթ»: Դավիթ Հարությունյանը սկսեց պատմել «վիզ պաչող» ոստիկանի մասին, սակայն դատավորը թույլ չտվեց: Ակտիվիստն ասաց, որ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մայթի վրա իր թեւից բռնել է ու ասել՝ «հլը սրան էլ հավքեք տարեք» ու նստացրել են մեքենա, տարել բաժին. «Ես իմ իրավունքներին ծանոթացել եմ Քանաքեռ-Զեյթունի բաժնում: Սկզբում բերեցին Արաբկիրի բաժինը: Բարձրացրեցին մի սենյակ, Արաբկիրի փոխոստիկանապետը գալիս գոռգոռում էր անկապ, սպառնում բոլորին: Եկան երկու հոգի՝ քաղաքացիական հագուստով, պահանջեցի վկայականը, ցույց չտվեցին: Նստացրեցին 06 մակնիշի մեքենա, բերեցին Քանաքեռի բաժին»:

 

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031