Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրեբունին կվերականգնվի եւ կմատուցվի 3D ձեւաչափով

Հոկտեմբեր 08,2014 18:52

Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջանն Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող արգելոց-թանգարանն այլեւս լուրջ ծրագրի մաս է կազմում:

Պարոն Գյուրջյանը փաստում է, որ ամեն տարի Էրեբունի-Երեւան տոնակատարությունը սկսվում է թանգարանի հրապարակից ու տարածվում քաղաքով մեկ: Այժմ Երեւանի քաղաքապետարանը որոշել է փոխել ձեւաչափը եւ մայրաքաղաքի ծննդավայրը այլ մոտեցմամբ ներկայացնել: «Կա «Երեւան 2025» նախագիծ, որը կմեկնարկի միջազգային կոնֆերանսով: Նախագծի մեջ ներառված է քաղաքային տնտեսությունն իր բոլոր ոլորտներով: Ծրագիրը նաեւ մշակութային մաս ունի, կարեւորվելու է ժառանգության պահպանությունը, որը տուրիզմի զարգացմանը գրավականն է»,-ասում է Գյուրջյանը:

Նրա ձեւակերպմամբ, աշխարհում քիչ են հանդիպում Երեւանի նման քաղաքներ, որոնք, տվյալ դեպքում, մեր մայրաքաղաքը, ի դեմս Էրեբունու, Շենգավիթի եւ Կարմիր բլուրի, 100 հեկտար հնագիտական ժառանգություն ունի: «Ըստ էության, Էրեբունին, Կարմիր բլուրը եւ Շենգավիթն իրենցից լուրջ տուրիստական ռեսուրս են ներկայացնում, ընդ որում՝  Շենգավիթը 6000 տարեկան է, մյուս երկուսը մոտենում են 3000 տարվան»,- ասում է Էրեբունի արգելոց-թանգարանի տնօրենը ու հավելում, որ համապատասխան ծրագրի իրագործմամբ կկարեւորվի Երեւանը՝ իբրեւ պատմական քաղաք, մինչեւ 2018-ը Էրեբունին էլ կվերականգնվի այն չափով, չափով, ինչը հնարավորություն կտա  Էրեբունի-Երեւանի  2800-ամյակը պատշաճ դիմավորել: Մեր զրուցակիցը հույս ունի, որ դա կվերածվի համազգային տոնակատարության, ինչպես եղավ 2750-ամյակի դեպքում:

Գագիկ Գյուրջյանը հավաստիացնում է, որ քաղաքապետարանը վճռական է տրամադրված, արդեն կա նախագծի մակետը, նախանախահաշվային փուլն էլ ավարտված է: Նպատակ ունեն նաեւ որոշակի մակարդակի բերել Միջնաբերդը, ժամանակակից մեթոդներով ՝ 3D ձեւաչափով, ձայնալուսային միջոցներով մատուցել մեր հնագիտական ժառանգությունը:

Պարոն Գյուրջյանի համոզմամբ, դա նախադեպ կդառնա, որ փոխվի վերաբերմունքը նաեւ ուշ շրջանի միջնադարյան հուշարձանների հանդեպ:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031