ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Մակեդոնիայի տեղական ինքնակառավարման նախարար Լիրիմ Շաբանիի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը ժամանել են՝ մասնակցելու ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվող ՝ «Կառավարության եւ կառավարման կարողությունների զարգացում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով միջազգային համաժողովին:
Փոխվարչապետը ողջունեց պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը կարեւորում է Արեւելյան Եվրոպայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը եւ շահագրգռված է դրանց խորացմամբ: Նա նկատեց, որ նման մակարդակով այցելությունները երկկողմ կապերի ակտիվացման նոր հնարավորություններ են ստեղծում:
Զրուցակիցներն արձանագրեցին, որ երկու երկրներն էլ զարգացման ակտիվ փուլում են գտնվում եւ կարեւորեցին ինչպես տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, այնպես էլ կառավարման այլ ոլորտներում փորձի եւ գիտելիքների փոխանակումը, տարբեր մակարդակով փոխայցելությունների կազմակերպումը, ինչպես նաեւ եվրոպական կառույցներում, մասնավորապես՝ ԵԽ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում համագործակցությունը:
Հյուրերը փոխվարչապետին ներկայացրին նաեւ իրենց երկրի ապակենտրոնացման փորձը, վարչատարածքային կառուցվածքն ու զարգացման ծրագրերը:
Կարդացեք նաև
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին