Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի գործի ոչ իրավական, ոչ քաղաքական էջը չի փակվել. Կարեն Անդրեասյան. 1in.am

Հոկտեմբեր 08,2014 18:45

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

– Դուք ՄԻ պաշտպան եք, կառավարության անդամ չեք: Եվ Ձեզ համար համեմատաբար հեշտ է անաչառ լինելը:

– Տնտեսական մրցակցության հանձնաժողովն էլ կառավարության անդամ չէ, նաև դատախազությունը կառավարության անդամ չէ, գլխավոր դատախազը կառավարության անդամ չէ: Այնպես որ` այնտեղ շատ մարմիններ կան, որոնք կառավարության անդամ չեն և կարող են անկաշկանդ կատարել իրենց առաքելությունը և ոչ թե փորձել լռեցնել, պարտակել սեփական խնդիրները:

– Զեկույցը ներկայացնելիս հայտարարեցիք, որ Մարտի 1-ի էջը փակված չէ: Ի՞նչ պետք է արվի այն փակված համարելու համար:

– Ես ակնկալում եմ, որ նվազագույնը, որ պետք է այս պահին արվի, դա կլինի հստակ տեղեկատվություն տրամադրելը, որովհետև վերջին անգամ, եթե չեմ սխալվում մեկ-մեկուկես տարի առաջ է գործի քննության մանրամասների մասին ինչ-որ տեղեկատվություն եղել: Ճիշտ կլիներ, որ այդ գործը շարունակվեր քննվել հասարակության հսկողության տակ` հաշվետվողական մոտեցումներով: Հետևաբար մեր զեկույցով պարբերաբար կոչ ենք արել տեղեկություն տրամադրել, թե ինչ քայլեր են արվել, կամ ինչ առաջընթաց կա այս գործի շրջանակներում: Սա մեր նվազագույն պահանջն է, իսկ առավելագույնը՝ բացահայտել 10 զոհերի բոլոր մեղավորներին և զոհերի հարազատներին ապահովել անհրաժեշտ փոխհատուցմամբ: Դա կդառնար մի ճիշտ նախադեպ, որպեսզի ապագայում երբևէ չկրկնվեին նման դեպքերը:

– Իսկ Ձեր կարծիքով ինչպե՞ս է քննվել Մարտի 1-ի գործը: Գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը մեր լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ այն լավ է քննվել:

– Ես իրավասու չեմ գնահատական տալ այնպիսի գործերին, որոնք դեռ ընթացքում են: Իսկ այս պահին չգերազանցելով իմ լիազորությունները՝ ընդամենն ասում եմ, որ պետք է հրապարակային տեղեկատվություն տրամադրվի, թե ինչպես է ընթանում քննությունը: Կարծում եմ, որ այդ գործի ո՜չ իրավական էջն է փակվել, ո՜չ էլ՝ քաղաքական էջը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031