Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Վահե Ղուկասյանի մեղքը նրանում է, որ ինքը պաշտպանվելիս ավելի դիպուկ է կրակել»

Հոկտեմբեր 08,2014 18:21

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Վերաքննիչ քրեական դատարանում դատավորներ Եվա Դարբինյանի, Գագիկ Ավետիսյանի եւ Արշակ Խաչատրյանի նախագահությամբ շարունակվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդի Վահե Ղուկասյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

Հիշեցնենք` առաջին ատյանի դատարանը վճռել է Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 17 տարի ժամկետով:

Պարոն Ալումյանը հայտարարեց, որ վկաներ Շուշանիկ Օհանյանի եւ Նարինե Բարսեղյանի վկայությունները հաստատում են Վահե Ղուկասյանի ցուցմունքը, թե առաջինը Արտյոմ Կարապետյանն է կրակներ բաց թողել իր ուղղությամբ, որից հետո ինքն է հանել ինքնաձիգը եւ կրակ արձակել.

«Վահե Ղուկասյանի մեղքը նրանում է, որ ինքը պաշտպանվելիս ավելի դիպուկ է կրակել, քան Արտյոմ Կարապետյանը: Այդպիսի գործողությունը չի կարող ենթադրել քրեական պատասխանատվություն»:

Հայկ Ալումյանը հավելեց, որ տուժող Հարություն Խաչատրյանին վնաս պատճառելու շարժառիթի առկայությունը հերքված է եւ  նախքան դեպքը տուժողն ու ամբաստանյալը որեւէ առնչություն չեն ունեցել:  Անդրադառնալով Հարություն Խաչատրյանին բաժին հասած գնդակին` փաստաբանը նշեց, որ մարմինը մտել է Խաչատրյանի արմկահոդի շրջանում դուրս եկել ուսից եւ նույնությամբ մուտք է գործել բերանի խոռոչ: Հայկ Ալումյանը նշեց, որ դատաբժշկաքննության արդյունքում պարզ է դարձել, որ  գնդակը տուժողին դիպչել է ոչ մասնատված վիճակում եւ մասնատվել է միայն բերանի խոռոչում:

Վահե Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարել: Հայկ Ալումյանի պնդմամբ` նա մեղավոր է ճանաչվել, քանի որ Հարություն Խաչատրյանի կողքին այդ պահին եղել է դուստրը` Քնարիկ Խաչատրյանը: Փաստաբանը նկատեց, որ Քնարիկ Խաչատրյանը վկայություն է տվել հոր վկայությունից հետո: Նա հնարավոր է համարում, էր 11-ամյա աղջկա վրա ազդել են տանը հնչած խոսակցությունները, քանի որ նա իր հոր հետ  բնակվել է նույն հարկում եւ արդյունքում` աղջիկը ցուցմունք տվել է, ինչպես իր հայրը.

«Առաջին անգամ հարցաքննվելուց Քնարիկ Խաչատրյանը այլ կերպ է նկարագրել, թե որտեղ է այդտեղ գտնվել: Նա ասել է` Շեկոն կանգնեցրեց ավտոմեքենան եւ ես գնացի պաղպաղակ գնելու, երբ լսեցի կրակոց երեւի, թե երկու հատ»:

Նա համարում է, որ առաջին ցուցմունքը ավելի արժանահավատ է: Հայկ Ալումյանը զարմանալի է համարում այն հանգամանքը, որ քննիչը, տեսնելով, որ վկայությունները հակասում են իրար, չի հարցրել, թե ինչո՞ւ են դրանք հակասում: Իսկ դատարանում էլ Քնարիկ Խաչատրյանը վկայություն չի տվել.

«Պետք է հաշվի առնել, որ երեխան գտնվել է տանը հնչած խոսակցությունների ազդեցության տակ: Եվ երկրորդ անգամ այդքան տպավորված չէր կարող լինել, ինչպես որ առաջին անգամ»:

Հայկ Ալումյանը նշեց, որ դատավճռի էականմասը հիմնված է եզրակացությունների վրա, ոչ մի վկայով ապացույց գոյություն չունիեւ անմեղության կանխավարկածը հաշվի չի առել: Փաստաբանը պահանջեց դատարանից բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում Վահե Ղուկասյանին անմեղ ճանաչել, իսկ մնացած մասով` նշանակված պատիժը մեղմացնել:

Դատախազ Շիրոյանը անդրադարձավ Վահե Ղուկասյանի ցուցմունքներին եւ այնտեղ առկա հակասություններին: Սակայն դատավորը նկատեց, որ դատախազն առաջին ատյանում կատարած ճառն է ներկայացնում.

«Ճառը առաջին ատյանում ներկայացնում եք այստեղ, վերաքննիչ բողոքի պատասխանը պետք  է ներկայացնեք: Ձեր ասածը մենք լսել ենք, ցանկանում ենք պատճառաբանությունների հերքում լսել: Պաշտպանը քսան էջ մանր տառերով պատճառաբանություն է ներկայացրել»:

Դատախազն էլ նշեց, որ կարծում է` պատճառաբանությունների դեմ պետք է ցուցմունքներին անդրադարձ կատարել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց 14-ին:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031