Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական համակարգի անցումն ու իշխանության վստահության հարցը

Հոկտեմբեր 08,2014 17:20

Հոկտեմբերի 10-ին Վենետիկի հանձնաժողովի նիստում` Փարիզում, կքննարկվի ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և արդեն հոկտեմբերի 14-ին պարզ կլինի հանձնաժողովի վերաբերմունքը ներկայացված հայեցակարգի վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հայտարարել էր, թե չի բացառվում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մերժի սահմանադրական բարեփոխումների` առաջարկված հայեցակարգը:

Aravot.am-ը «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց`արդյոք հնարավո՞ր է զարգացումների այդ ընթացքը, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Մեզ մոտ արդեն հասարակական կարծիք է ձևավորվել, այնպես որ, գործընթացները ոչ թե իրական, այլ իմիտացիոն բնույթ են կրում, դրա համար ցանկացած սցենարի զարգացում էլ հնարավոր է»:

Հետաքրքրվեցինք` խորհրդարանական համակարգին կողմնակի՞ց է, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Խորհրդարանական, կիսանախագահական, թե նախագահական համակարգ լինի, մեզ մոտ խնդիրն այդ ոլորտում չէ: Տրամաբանական է անցումը նախագահական, կիսանախագահական և հետո խորհրդարանական համակարգին: Բայց խնդիրը իշխանության նախաձեռնությունների հանդեպ վստահության բևեռի մեջ է»:
Տիկին Ալավերդյանը նշեց, թե այդ վստահությունը ձեռք բերելու համար ինչ քայլեր չպետք է արվեն. «Պետք չէ վերադարձնել արդեն բավականին ծանր տպավորություն թողած նախկին պաշտոնյաներին, ընդհանուր առմամբ դա վերաբերում է վարչապետի պաշտոնին, որը մեզանում պետք է վաստակել իրենց աննախադեպ ծառայությունները մատուցելով առաջին դեմքին: Ցավոք, այդ շարքը ոչ միայն սկիզբ է առել վաղուց, այլև հիմա ավելի մեծ թափ է առել: Դա է պատճառը, որ իշխանության անգամ լավագույն նախաձեռնությունը վստահության խնդիր ունի` արդյոք դա նույն խմբի և քաղաքական ուժի վերարտադրության վտանգ ունի, թե ոչ»:

Տիկին Ալավերդյանն այս համատեքստում հիշեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտնի հայտարարությունը և դատապարտեց նման գործելաոճը. «Դա նշանակում էր, թե պետք է իմանաք` ում թրի տակով անցնեք: Ցավոք, դա մեզ մոտ նորմ է դարձել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031