Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի գործով» հարցաքննվեցին Արտուշ Հակոբյանի ընկերները (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2014 17:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին եկել «Բանդայի գործով» ամբաստանվող, ըստ մեղադրանքի կողմի՝ պարագլուխ Արտուշ Հակոբյանի մտերիմ ընկերը՝ Արմեն Մկրտչյանը եւ ընկերուհին՝ Լիա Սահակյանը: Ի դեպ, նրանք դատակոչվել էին Ա. Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանի միջնորդությամբ:

Արմեն Մկրտչյանը հրավիրվել էր դատարան, որպեսզի ճշտվեր, թե 2011թ. օգոստոսի 21-ին՝ Նապոլեոն Ազիզյանի բնակարանի վրա ավազակային հարձակման օրը, եղե՞լ է, արդյոք, ինքը Արտուշ Հակոբյանի հետ: Նա ասաց, որ 90-ական թվականների վերջերից ճանաչում է Ա. Հակոբյանին:

S3900017 S3900016 S3900015 S3900014 S3900018
Իր ծննդյան օրվա նախօրեին նա Զովունիից եկել է Գառնի, ուր հանդիպել է Արտուշ Հակոբյանի հորը եւ հորեղբորը՝ Սուրենին եւ Սամվելին: Ա. Հակոբյանի հետ խմել են, հաց կերել, ապա շատ ուշ ժամին եկել են քաղաք՝ Լիա Սահակյանի բնակարան: Ըստ այս վկայի՝ խմել են եւ այնտեղ էլ գիշերել, իսկ առավոտյան երբ զարթնել են, նորից են խմել եւ քանի որ ինքը գնալու էր որդու մոտ, որը ծառայում էր Վարդենիսում, ժամը 1-2-ի սահմաններում գնացել է: Մեղադրող Սասուն Խաչատրյանի հարցին, թե դուք կարո՞ղ եք հանուն ձեր ընկերոջ գնալ ամեն քայլի, անգամ սուտ ցուցմունք տալ, նա պատասխանեց, որ սուտ ցուցմունքի կարիք չկա եւ առհասարակ պատրաստ է ընկերոջ համար ամեն ինչի:
Վկան ասաց, որ դատարանում է միայն իմացել, որ ընկերը կապված է բանդայի հետ եւ որ չի հավատում Արտուշից որեւէ բան, քանի որ նա ապահովված էր, գումարի կարիք չուներ:
Այդ ժամանակ դատական նիստերի դահլիճում ինչ-որ անհայտ մարդ սկսեց ընդվզել, որ «իրեն խանգարում են»: Երբ նախագահող Մեսրոպ Մակյանը փորձեց ճշտել, թե ով է այդ քաղաքացին, նա պատասխանեց՝ «Արկաիդ», եւ սկսեց դիմադրել կարգադրիչներին, որոնք այդ պահին անմիջապես կատարեցին դատավորի հրահանգը՝ դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Նրան հասցրեց «ճանաչել» ամբաստանյալ Դավիթ Գալստյանը, որը փորձեց ինչ-որ բան հասկացնել տարօրինակ այցելուին:

Դատարան ներկայացած Լիա Սահակյանը 33 տարի եղել է Ա. Հակոբյանի ընկերուհին: Այն հարցին՝ նորմա՞լ էին ձեր հարաբերությունները, վկան պատասխանեց՝ շա՜տ:
Բնակարանը Արտուշ Հակոբյանի գործով խուզարկության էր ենթարկել, ըստ այս վկայի՝ 7 հոգով եկել էին, ամբողջ գիշեր նստել են. «ես մենակ, 7 տղամարդ»: Ոստիկանները, բացի ոսկեղենից, վկայի պնդմամբ, վերցրել են հորը պատկանող մեկնարկային ատրճանակը՝ անձնագրով: Հարցին, թե որեւէ քայլ ինքը դրանից հետո կատարե՞լ է, վկան պատասխանեց, որ իրեն մեկ տարի հետո են հրավիրել հարցաքննության, ինչպես ատրճանակը վերցնելու ժամանակ, այնպես էլ հարցաքննության, նա ասել է հոր զենքի մասին: Պաշտպան Հովիկ Արսենյանի հարցին, թե Արտուշ Հակոբյանի ընկերներից ո՞ւմ հետ է շփվել, նա պատասխանեց՝ Արմեն Մանուկյանի, որին 98 թվականից է ճանաչում, քանի որ եղել է նրա նախկին կնոջ հարեւանուհին: Իսկ հիշեց Արմեն Մանուկյանի ծննդյան օրը՝ օգոստոսի 21-ը, քանի որ 11 օր առաջ էլ իր ծննդյան օրն է եւ պատահել է, որ համատեղ են նշել ծննդյան օրը:

Դեպքի օրը՝ 2011-ի օգոստոսի 21-ի գիշերը, նա հիշեց այսպես. «Արտուշ Հակոբյանը եկել է իրենց տուն շատ ուշ, մոտ ժամը 1.30-ի սահմաններում», ինքը դա հիշում էր, քանի որ «Դժվար ապրուստ» սերիալն էր նայում եւ երբ վերջացել է, նրանք եկել են: Ի դեպ, սերիալը տեւել է 50 րոպե. դա էլ էր հիշում: Անգամ հիշում էր այն կոնյակը, որ բերել էր Արտուշ Հակոբյանը՝ ընկերոջ ծնունդը նշելու համար՝ «Հեննեսի», այն պահում է մինչ օրս: Հիշեց, որ Արտուշն իրեն կատակով «դամաշնի կագեբե» է ասել:

Մի քանի օր առաջ ստացել է ծանուցագիր, վկան զանգել էր Արտուշ Հակոբյանի հորը, հարցրել՝ ինչու համար են իրեն դատարան կանչում, հայրը պատասխանել էր՝ դեպքի օրվա գիշերվա հետ կապված: Երբ մեղադրող Սասուն Խաչատրյանը հարցրեց, թե Արտուշ Հակոբյանը պատրա՞ստ է ձեզ համար զոհաբերության, ձեզ օգնելու, վկան պատասխանեց՝ «Փառք Աստծո, մինչեւ օրս չի եղել, բայց պատրաստ է», իսկ երբ հետեւեց հաջորդ հարցը՝ իսկ դո՞ւք, վկան պատասխանեց հարցով՝ «զոհաբերությա՞ն, ոչ, երբեք»:
Դատարանը որոշում կայացրեց հրապարակել ամբաստանյալներից Քյարամ Ամոյանի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, անհնարին համարելով նրան դատարան բերելը, քանի որ ըստ պաշտոնական տեղեկանքների՝ նա հոգեկան խնդիրներ ունի, դատարանը նշանակել է երկրորդ փորձաքննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031