Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն ակտիվիստին բաժնում սուրճ են առաջարկել, անձամբ տարել պետքարան

Հոկտեմբեր 08,2014 16:41

Այսօր Վարչական դատարանում քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի դատական նիստն էր՝ ընդդեմ ոստիկանության: Ռուզաննա Գրիգորյանը տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներին է մասնակցել եւ բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Նա պահանջում է ոստիկանության գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ եւ ճանաչել իր ազատ տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու իրավունքը:

Ռուզաննա Գրիգորյանի ներկայացուցիչը դատարանում իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն է: Նա ոստիկանության ներկայացուցչից՝ Սոնա Մելիքյանից փորձեց ճշտել, թե ինչու են օգոստոսի 24-ի ակցիայի ժամանակ իր վստահորդին տարել բաժին, վարչական կալանքի ենթարկել ու պահել այնտեղ 3 ժամ եւ ավելի:

Ոստիկանության ներկայացուցիչը վստահեցրեց, որ Ռուզաննային ավելի կարճ ժամանակով են պահել: Նա ասաց, որ Ռուզաննային ոչ մի կերպ չէին կարողանում ոստիկանական մեքենայից իջեցնել եւ մտցնել բաժին: Սոնա Մելիքյանի խոսքերով՝ «Ես անձամբ եմ մոտեցել, խնդրել, աղաչել եմ Ռուզաննային, որ իջնի: Ասել ենք, պահանջել ենք՝ այ աղջիկ ջան, իջի, գնանք ներս: Չէր իջնում: Ոստիկանների պահանջը չէր կատարում: Ես հայտարարեցի, որ եթե ինքը չիջնի՝ կձերբակալենք»:

Դատավոր Կարեն Ավետիսյանն ապշեց՝ եթե մարդը արդեն կալանքի մեջ է գտնվել, ի՞նչ է նշանակում կձերբակալենք. «Հնարավո՞ր է ձերբակալման մեջ գտնվող անձին նավսյակի նորից ձերբակալեիք՝ պինդ լինելու համար էլի ձերբակալությունը: Ձեր ներկայացրած զեկուցագիրը եւ ձեր խոսքերն այսօր ոնց որ նույն ֆիլմի տարբեր սերիաներից լինեն: Ոնց որ դուք պատիժ եք ներկայացնում անձին գնդակահարել շաբաթը երկու անգամ՝ մեկը հինգշաբթի, մյուսը՝ կիրակի»:

Հաջորդ զավեշտը, որ ներկայացրեց ոստիկանության ներկայացուցիչը, այն էր, որ Ռուզաննա Գրիգորյանին ոստիկանները բաժնում 3 ժամից պակաս են պահել, արձանագրություն են կազմել, նրան ազատ են թողել, բայց նա բաժնից դուրս է եկել ավելի ուշ: Թե ինչ է արել բաժնում մի քանի ժամ՝ ըստ ոստիկանության ներկայացուցչի, Ռուզաննան ինքը չէր գնում, ասեց՝ ընկերներիս հետ կգնամ, հավաքի մյուս մասնակիցների հետ:

Դատավորը զարմացավ՝ «Այսինքն, թողել եք, ասել եք 4 հարկանի շենքում քո համար պտտվի, շրջի, ծանոթացի բաժիններին, ինչ ուզում ես արա՞: Ոստիկանությունը վարչական վարույթ իրականացնելիս ժամի կաշկանդվածություն ունի: Պետք է դուրս գար շենքից, հետո անցաթուղթ կտայիք, կուզեր բանտիկներով, փուչիկներով կգար իր ընկերներին դիմավորելու: Ո՞նց էիք արձանագրելու, որ անձին 3 ժամից ավելի չեք պահել, պետք է գայիք ասեիք, որ իր ցանկությա՞մբ է գտնվել բաժնում»:

Սոնա Մելիքյանը պատասխանեց. «Սա այն դեպքն էր, երբ Ռուզաննա Գրիգորյանն ասում էր, որ չի ուզում դուրս գալ, իր ընկերների հետ դուրս կգա: Ոստիկանությունն, այսպես ասած, դուրս չի շպրտել, քանի որ շուտ է ավարտել 3 ժամից: Երբ 3 ժամը լրանար, նրան ուժով դուրս կանեին»:

Ավելին, Սոնա Մելիքյանը սկսեց պատմել, թե բաժնում ինչպիսի բարձր մակարդակի սպասարկում են իրականացրել Ռուզաննա Գրիգորյանի համար: Նրան անձամբ ուղեկցել է պետքարան, սուրճ է առաջարկել: Դատավորը զարմացավ՝ պետքարա՞ն ինչու էիք ուղեկցում, չէ՞ր կարող նա գնալ, ուզեցիք միասին գնալ: Սոնա Մելիքյանը պատասխանեց. «Հիմա որ ասեմ, ընդհանրապես կծաղրեք»:

Արտակ Զեյնալյանը հորդորեց իրեն այդ հարցով որպես վկա ներգրավել, քանի որ նրա հավաստմամբ՝ ոստիկանները չեն թողել իր վստահորդին դուրս գալ բաժնից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀԱՅՈՒՀԻ says:

    Ձեռքներդ հեռո՛ւ ՀՀ ինքնորոշված քաղաքացիներից, ռեժիմի հլու ծառաներ։ Մեր աահպագան Ռուզաննան և նրա նմաններն են, ոչ թե լիսկան ու նրա ինքնապաշտպանվող զավակները

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031