Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ անդամակցությունից հետո մաքսային եւ արտաքին առեւտրի ոլորտում կորցնում ենք մեր անկախությունը»

Հոկտեմբեր 08,2014 14:04

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում անդրադառնալով հոկտեմբերի տասին Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի հնարավոր ստորագրմանը, նշեց, որ պետք է կենտրոնանալ երկու հարցերի վրա՝ տնտեսական եւ սահմանադրական. «ԵՏՄ մասին պայմանագիրը, որը ստորագրվել է մայիսի 29-ին, ենթադրում է, որ բոլոր մաքսատուրքերի դրույքաչափերը որոշում է ԵՏՄ խորհուրդը, մինչդեռ հիմա դա Հայաստանի Սահմանադրությամբ է արվում։ Սրա արդյունքում Հայաստանի Սահմանադրության մի քանի դրույթների հետ կլինեն հակասություններ, եւ մենք փաստացի մաքսային արտաքին առեւտրի ոլորտում կորցնելու ենք մեր անկախությունը»։

Նրա խոսքով՝ այդ պարագայում բոլոր գործառույթները անցնելու են Մոսկվայի ձեռքի տակ, բոլոր բանակցությունները Մոսկվան է վարելու առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ եւ ցանկացած այլ երկրի հետ։

«Մենք պահանջում ենք այս հարցը բացառապես հանրաքվեով քննարկել, քանի որ անկախությունն էլ է հենց հանրաքվեով ձեռք բերվել»։ Սրա վերաբերյալ արդեն վարչապետին դիմում են ներկայացրել, նաեւ առավել ակտիվ պատգամավորներին առաջարկել են միանալ իրենց նախաձեռնությանը։

Տնտեսական փորձագետ Հրայր Մանուկյանի խոսքով էլ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում հունվարի մեկից թանկացումներ չեն լինի, բայց թանկացումները կլինեն 2018-2020 թվականներին։ Օրինակ Է բերում դեղորայքը։

Իսկ հունվարի մեկից, ըստ բանախոսի, կթանկանան թռչնամիսը եւ խոզի միսը. «ԵՏՄ-ում դրանց մաքսատուրքը 23 տոկոս է, իսկ հիմա տասը տոկոս, իսկ Հայաստանը Մաքսային միության անդամ չհանդիսացող երկրներից 48 մլն դոլարի թռչնամիս եւ 21 միլիոն դոլարի խոզի միս է ներկրում»։

Բանախոսների պնդմամբ՝ չի կարելի անդամակցել մի երկրի հետ, որը հիմա արդեն սկսում է օգտագործել իր պահուստային գումարները։ Ըստ նրանց՝ Ռուսաստանը նաեւ կոռուպցիայի մակարդակով աշխարհում առաջին տեղերում է, եւ որ այդ վիճակում տնտեսություն չի կարող զարգանալ։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031