Հոկտեմբերի 5-ին Նիկոսիայում ավարտված կարատեի Եվրոպայի 17-րդ առաջնությանը, որին մասնակցում էր 27 պետություն, Հայաստանը ներկայացնում էր Սպորտային կարատեի աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն Կամո Ունանյանը` անձնական մարզիչ Տիգրան Մուրադյանի ուղեկցությամբ:
Սկզբում Կամոն հանդես է եկել իր` 75 կգ, քաշային կարգում, անցկացրել չորս մենամարտ` Նորվեգիայի, Իռլանդիայի, Իսպանիայի և Շվեդիայի ներկայացուցիչների հետ եւ բոլորում էլ հաղթել մրցակիցներին: Հաջորդ օրը հայ մարզիկը մասնակցել է բացարձակ քաշային կարգի (open category) մենամարտերին եւ այստեղ էլ առավելության հասնելով մրցակիցների նկատմամբ` նվաճել ոսկե մեդալ: Մարզիկի խոսքերով, բոլոր մարտերն էլ բարդ ու դժվար են եղել, հատկապես բացարձակ քաշային կարգի քառորդ եզրափակիչը բելգիացի Սկոպ Մելվինի հետ, որում սկզբում պարտվելով 0-3` հետո 6-5 հաշվով հաղթել է: Ավելի դրամատիկ ընթացք է ունեցել եզրափակիչ մարտը:
Միավորների 4-6 տարբերությամբ պարտվելով Կիպրոսի ներկայացուցչին, հայաստանցին վերջին չորս վայրկյանում կարողացել է հաղթանակ կորզել մրցակցից: Թեեւ մենամարտերում Կամո Ունանյանը ստացել է վնասվածքներ, բայց նա, այնուամենայնիվ, արդարացնում է այդ ամենը ձեռք բերած մեծ հաղթանակով:
Կարդացեք նաև
Կամոն շատ ուրախ է, որ կարողացավ ևս մեկ անգամ Հայաստանի պատիվը բարձր պահել օտար հողում: «Շատ էի կարոտել մեծ հաղթանակներին: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր թե վատ, թե լավ պահերին կողքիս են եղել, անձնական մարզչիս, որն ամեն վայրկյան կողքիս էր: Եթե չլինեին նրա խորհուրդները, դժվար կլիներ նաև այս հաղթանակներին հասնելը», – ասում է Եվրոպայի չեմպիոնը:
Նոյեմբերի 5-ից 9-ը Գերմանիայի Բրեմեն քաղաքում կայանալու է WKF աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կրկին կներկայացնի Ազգային կարատեի ֆեդերացիայի անդամ Կամո Ունանյանը:
Աննա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ