Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչը դատական նիստը վերածեց թատրոնի

Հոկտեմբեր 08,2014 13:47

Այսօր Վարչական դատարանում տրանսպորտի ուղեվարձի դեմ բողոքի ցույցին մասնակցած քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանի դատական նիստն էր՝ ընդդեմ ոստիկանության:

Ռուզաննա Գրիգորյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ոստիկանների գործողությունները, որոնք 2013-ի օգոստոսի 24-ին իրեն բերման էին ենթարկել եւ պահել բաժնում ավելի քան 3 ժամ:
Ոստիկանության ներկայացուցիչը՝ Սոնա Մելիքյանը, փորձեց դատարանում մի կերպ բացատրել, թե կոնկրետ ինչ խախտումների համար են Ռուզաննա Գրիգորյանին բերման ենթարկել եւ վարչական կալանք կիրառել. «Բողոքի ակցիա է եղել, նստացույց հանրահավաքներ՝ ուղեվարձի թանկացման դեմ: Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոնից հեռացնելու պահանջ էին դրել: Նման վանկարկումներ էին հնչեցնում եւ աշխատանքային ժամին խանգարում աշխատանքը քաղաքապետարանի: Ռուզաննա Գրիգորյանը ժամը 18.20-ի սահմաններում Երեւանի քաղաքապետարանի դռների դիմաց աղմկել է, գոռգոռացել, վանկարկել, փորձել է մտնել քաղաքապետարանի շենք եւ մասնակցել ավագանու նիստին: Ռուզան Գրիգորյանը որքան էլ ազատ արտահայտվելու իր իրավունքն իրացներ, միեւնույն է, քաղաքապետարանն աշխատում էր: Ոստիկանությունը պահանջել է չաղմկել, չգոռգոռալ, ասել են դադարեցնել այն, ինչը խանգարում է այլոց իրավունքներին՝ քաղաքապետարանի աշխատակիցներին: Ռուզաննա Գրիգորյանը չի ենթարկվել, դրա համար ենթարկվել է վարչական կալանքի: Չի պահպանել ամենատարրական հավասարակշռվածությունը սեփական իրավունքների եւ այլոց իրավունքների: Հասարակական կարգ է խախտել»:

Artak_Zeynalyan-2

Ռուզաննա Գրիգորյանի շահերը դատարանում ներկայացնում էր իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը (լուսանկարում): Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 24-ը շաբաթ օր է եղել, բացի այդ, 18.00-ից հետո աշխատանքային ժամ չի: Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, թե քաղաքապետն իրենց գրություն է ուղարկել, որ այդ օրը քաղաքապետարանի աշխատակիցներն անգամ աշխատանքային ժամի ավարտից հետո շարունակել են աշխատել: Ինչ վերաբերում է ոչ աշխատանքային լինելուն՝ ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ Տաղավար տոն է եղել ու կառավարության որոշմամբ՝ այդ օրն աշխատանքային է դարձել՝ մեռելոցի համար:

Դատական նիստը հումորային մթնոլորտում անցավ հատկապես այն բանից հետո, երբ ոստիկանության ներկայացուցիչը դատարանում հայտարարեց, որ Ռուզաննա Գրիգորյանն այդ օրն ուզեցել է քաղաքապետարանի մոտ ինչ-որ բեմականացում անել, ինչը թույլ չեն տվել ոստիկանները: Ընդ որում, ըստ պաշտպանական կողմի, այդ մասին Ռուզաննա Գրիգորյանն անձամբ է ոստիկանությանն ասել, որ ցանկանում են իրականացնել բեմականացում:

Դատարանում սկսեցին թատերական տերմինների ստուգաբանությունը՝ ինչ է բեմը, որտեղ պետք է ներկայացումներ անեն, ինչ է սցենարը եւ այլն: Ոստիկանության շահերի պաշտպանի խոսքերով՝ «Քաղաքապետարանի կենտրոնական մուտքի աստիճանները բեմ չեն, ուստի կենտրոնական մուտքի աստիճանները բեմահարթակի վերածելու համար պետք էր պատկան մարմնի թույլտվությունը: Ոստիկանների հետ բանակցային փուլը վարել է Ռուզաննան եւ նա չի ներկայացրել որեւէ թույլտվություն»:

Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ «Մեր վստահորդը ո՞ր իրավական ակտով, ո՞ր օրենքի համաձայն էր պարտավորված թույլտվություն ստանալ բեմականացում իրականացնելու համար: ՀՀ Սահմանադրության համաձայն, այն, ինչ արգելված չէ քաղաքացիներին, կարելի է»:

Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց. «Երեւանի քաղաքապետարանի կանոնադրության համաձայն, որեւէ գործողություն այնտեղ ծավալելու համար պետք էր թույլտվություն, որը վերաբերում էր քաղաքապետարանի բակին եւ հարակից տարածքներին»:

Դատավոր Կարեն Ավետիսյանը զարմացավ. «Եթե որեւէ անձ որոշել է Երեւանի քաղաքապետարանի շենքի աստիճանների մոտ, ասենք՝ կիթառ նվագել, պետք է դիմի քաղաքապետին, ստանա թույլտվություն եւ ինչ-որ մի ժամի սկսի կիթա՞ռ նվագել»:
Սոնա Մելիքյանը պատասխանեց՝ խոսքը վերաբերում էր բեմականացմանը. «Աստիճանները բեմահարթակ չեն»: Արտակ Զեյնալյանը հեգնեց՝ ո՞ւմ ճաշակով:
Դատավորը սկսեց մանրամասնել՝ «Մետրոյում չի՞ կարող բեմականացում լինել: Բեմականացումը պետք է անպայման թատրոններո՞ւմ լինի»: Սոնա Մելիքյանը սկսեց խորանալ հնարավոր բեմականացման հնարավոր սցենարի մեջ՝ ասելով, որ չի բացառվում, հենց Ռուզաննայի գոռգոռալն էլ այդ բեմականացման մի մասն էր: Դատավորն էլ սկսեց ծիծաղել՝ ի՞նչ իմացաք, հայտարարեց, որ բեմականացում, ակտ առաջին՝ հեռացեք, մի՛ թանկացրեք ուղեվա՞րձը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031