Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը՝ ի հեճուկս Կրեմլի հրապարակած օրակարգի. «Հոկտեմբերի 10-ին ստորագրություն կլինի»

Հոկտեմբեր 08,2014 13:35

«Ենթադրում եմ, որ հոկտեմբերի 10-ին ստորագրություն կլինի: Եվրասիական միությանն անդամակցելը բխում է մեր անվտանգության շահերից, և կարծում եմ, որ տարբերակված պետք է լինեն հարաբերությունները տնտեսական բլոկում»,-այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

Aravot.am-ի հարցին, բայց Կրեմլի հրապարակած օրակարգում Հայաստանին վերաբերող կետ չկա, պարոն Շահգելդյանն արձագանքեց. «Ես կարող եմ ենթադրել ստորագրության մասին»: Մեր դիտարկմանը՝ դա այնքան աննշան կետ էր, որ նույնիսկ օրակարգում չի՞ ընդգրկվել, պարոն Շահգելդյանն ասաց. «Դա կարևոր կետ է: Իսկ թե ինչու չի դրվել օրակարգ կամ ինչպես է օրակարգ ձևավորվել, դժվարանում եմ ասել: Ստորագրության խնդիրը լինելու է: Ենթադրվում է ամսի տասին՝ ելնելով այն քաղաքական իրավիճակից, որ կա»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածին, մասնավորապես նրան, որ Վեհաժողովը զեկույց է պատրաստելու Ղարաբաղի մասին, այն էլ խայտառակ վերնագրով, պարոն Շահգելդյանն ասաց. «Այն պատգամավորները, որոնք աջակցում են այս զեկույցին, կողմ են ադրբեջանական ռազմավարությանը»:

Մհեր Շահգելդյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ում անհրաժեշտ է, որ լինի ԼՂՀ ներկայացուցիչ: Պարոն Շահգելդյանը ԵԽԽՎ-ի նման վերաբերմունքը չի կապում ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման հետ:

Մեր հարցին՝ ճի՞շտ էր հայտարարելը, թե չեն համագործակցում զեկույցի նախապատրաստման աշխատանքներին, այնուհետև Արտակ Զաքարյանի հայտարարությունը, թե պետք է վերանայել համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ, պարոն Շահգելդյանն այսպես պատասխանեց. «Ինչ հայտարարվել, հայտարարվել է: Սա մի իրավիճակ է, որը մենք ուղղակի պիտի կարողանայինք նախապես հստակ տեսնել: Իմ խորին համոզմամբ՝ մենք ունեինք հնարավորություններ ազդելու գործընթացի վրա, ինչը չարեցինք, սակայն պիտի հաշվի առնել նաև այն, որ Ադրբեջանն ուներ մեծամասնություն, և այս երկրի կողմից կաշառված պատգամավորների մասին անգամ ԵԽԽՎ պատվիրակներն էին խոսում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031