Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապագա իրավաբաններից շատերը դեմ են խորհրդարանական համակարգին

Հոկտեմբեր 08,2014 12:35

Սահմանադրության մեջ ամրագրել աշխատանքի իրավունքը և շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման մասին դրույթ, բարձրացնել օրենքների՝ սահմանադրական հսկողությունը, Սահմանադրության մեջ ամրագրել տեղական հանրաքվեի ինստիտուտը, ունենալ սահմանադրական երաշխիքներ, որոնց շնորհիվ համայնքները կլինեն անկախ մարզպետարաններից. ապագա իրավաբաններից այսպիսի առաջարկներ են ստացվել «AM» իրավաբանական ընկերության կազմակերպած «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփումից հետո:

Հատուկ մրցանակների արժանացան՝ «Լավագույն վերլուծական միտք» անվանակարգում Ստելլա Շանդիրյանը՝ Ֆրանսիական համալսարանից, «Լավագույն գրավոր խոսք անվանակարգում» հատուկ մրցանակ հանձնվեց Նոնա Հարությունյանին՝ Եվրոպական ակադեմիայից:

Առաջին երեք տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Անի Ասլանյանը՝ Եվրոպական ակադեմիայից, Հովսեփ Դավթյանը՝ ԵՊՀ-ից և Պայծառ Քոչարյանը՝ Գավառի պետական համալսարանից:

Մրցանակակիրներից միայն մեկն էր արական սեռի ներկայացուցիչ: Այս առիթով Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանն ասաց. «Այն, որ աղջիկները նկատելի մեծամասնություն կազմեցին, զարմանալ պետք չէր, քանի որ նույն համամասնությունն է նաև ուսանողների կազմում: Իրավաբանական ֆակուլտետում, որտեղ դասավանդում ենք, 70-80 տոկոսը աղջիկներ են»:

Խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համեմատություն արեց կենցաղային հողի վրա՝ ՀՀ Սահմանադրությունը համեմատելով հին մեքենայի հետ, որը կարելի է փոխարինել ավելի հզոր շարժիչով մեքենայով: Նա շեշտեց, թե Սահմանադրությունը կենդանի և մշտապես զարգացող օրգանիզմ է, և եթե կա հնարավորություն այն զարգացնել, պետք է օգտվել դրանից:

«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանն ասաց. «Մենք կարևորել ենք լսելի դարձնել ուսանողների ձայնը: Նպատակն էր հասկանալ, թե ինչն է պակասում մեր գործող Սահմանադրությանը, որ մեր երկրի կյանքը լինի ավելի բարեկեցիկ և երկրի կառավարման և քաղաքական գործընթացները դառնան ավելի արդյունավետ»:

Առաջին մրցանակակիր Անի Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին ու մանրամասնեց. «Առաջարկել եմ առավել լայն իրավասություններ տալ ՍԴ-ին, օրենքների նկատմամբ սահմանել նախնական վերահսկողություն, որ մինչև ԱԺ կողմից ստորագրվելը անցնեն ՍԴ»:
Անի Ասլանյանը դեմ է խորհրդարանական համակարգին, քանի որ «ՀՀ-ի նման պետությունը պետք է ղեկավարի նախագահը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031