Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Հանգիստ եղեք, մենք իշխանափոխության հոտ չենք զգում» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 08,2014 12:31

«Հանգիստ եղեք, մենք իշխանափոխության հոտ չենք զգում, աշունը չի թեժանում, տերեւները չեն դեղնում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը`արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ հոկտեմբերի 10-ին եռյակը`ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», չի բացառվում, որ հավաքված մարդկանց պահեն հրապարակում:

Ընդհանրապես, ոչ իշխանական ուժերի հանրահավաքի մասին եւ արձագանքելով հարցին`ամսի 10-ին դեպի Երեւան եկող ճանապարհները փա՞կ են լինելու, Հովհաննես Սահակյանը նկատեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու չկա որևէ խոչընդոտ: «Եղանակի տեսությունը կարծես ձնաբուք չի կանխատեսում այդ օրերին, այնպես որ եռյակը թող առանց մտահոգվելու իր հանրահավաքը կազմակերպի: Մենք ունենք մեր դիրքորոշումը, ձևավորած կառավարությունն ու դրա գործունեության ծրագիրը, որին համահունչ իրականացնում ենք մեր քաղաքականությունը»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը`հավելելով, որ իշխանություններին չի անհանգստացնում այս հանրահավաքը և «ընդդիմություն գումարած այլընտրանք» ալյանսը:

Հարցին ի պատասխան`հավատո՞ւմ է եռյակի անկեղծությանը, պատգամավորը նախ ասաց, որ հավատում է Աստծուն ու հավելեց. «Իսկ եռյակի անկեղծությանը բոլորս էլ կարող ենք փորձենք հավատալ… Եթե չխորշեք ընդդիմություն տերմինն օգտագործելուց, ես կհավատամ իրենց անկեղծությանը»: Aravot.am-ի դիտարկմանը, որ այդ ուժերն իրենք են խորշում իրենց ընդդիմություն անվանելուց, Հովհաննես Սահակյանը արձագանքեց.«Այո, վերջին գործընթացների արդյունքում ընդդիմությունը սահուն վերածվեց ոչ իշխանական ուժերի…»:

ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նաեւ արձագանքեց այն հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ հրետանին այդքան ակտիվ չի պատասխանում եռյակը ներկայացնող ուժերի քննադատություններին ու իշխանությունների հեռանալու մասին հայտարարություններին. «Երբ զգանք լրջություն կա այդ ամենի մեջ՝ կխոսենք, որովհետև եթե կոնկրետ ասելիք լինի` մենք անպայման կասենք: Հայհոյախառն արտահայտություններից բացի, որևէ միտք չի ասվել, որին մենք պետք է արձագանքեինք: Երբ եռյակի առաջնորդները դուրս գան հարթակ եւ հստակ ասեն հրաժարականների մասին, այդ ժամանակ էլ մենք մեր ասելիքը կասենք ու ՀՀԿ հրետանին կհանենք»:

Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին սպասվելիք մեկ այլ իրադարձության` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցին եւ պատասխանելով Aravot.am-ի հարցին`Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ Հայաստանի`ԵՏՄ-ին անդամակցության կետ ներառված չէ, Հովհաննես Սահակյան ասաց. «Իհարկե մենք ակնկալում ենք, որ կստորագրենք հոկտեմբերի 10-ին համաձայնագիրը և հունվարի 1-ից կմիանանք ԵՏՄ-ին»:

Նա հավելեց, որ բազմաթիվ ու բազմապիսի հարցեր կան, կատարվել է հսկայական աշխատանք` Հայաստանին մինչև 800 տարբեր արտոնություններ տրամադրելու մասին է խոսքը. «Ավելորդ է նաև խոսել շուկայի հզորանալու մասին»: Իսկ թե հատկապես ի՞նչ արտոնությունների մասին է խոսքը`ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ այդ մասին տնտեսագետներն իրենց տեսակետը բազմիցս արտահայտել են ու դեռ կարտահայտեն:
Անդրադառնալով Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ տեղադրվելիք մաքսակետին էլ, ՀՀԿ-ական պատգամավորը ընդգծեց, որ երբեք Հայաստանի առաջընթացը, զարգացումը չի կարող լինել Արցախի հաշվին:

Այլ մանրամասները` տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031