Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլի և մրցութային հանձնաժողովի որոշման հրապարակման մասին

Հոկտեմբեր 08,2014 11:42

Այսօր կհրապարակվի ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի որոշման արձանագրությունը, որում կներկայացվի ինչպես հարցազրույցի փուլն անցած մասնակիցների միավորները, այնպես էլ այս օրերին բարձրացված հարցերի վերաբերյալ հանձնաժողովի դիրքորոշումը:

Երեկ երեկոյան ավարտվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի պաշտոնի համար անցկացվող մրցույթի հարցազրույցի փուլը: Երկու օր շարունակ ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում սահմանված կարգով անցկացվող հարցազրույցի ընթացքում դատավորի թեկնածուները ներկայացրին մարդու իրավունքների բնագավառում ունեցած իրենց աշխատանքային փորձն ու հմտությունները, պատասխանեցին հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք նպատակ ունեին բացահայտելու մասնակիցների մասնագիտական ունակությունները, ինչպես նաև ցույց տվեցին իրենց լեզվական հմտությունները անգլերեն և/կամ ֆրանսերեն լեզուներից (բանավոր և գրավոր):

Թեկնածուները, պատասխանելով հանձնաժողովականների հարցերին, ներկայացրին իրենց դիրքորոշումը Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու վերաբերյալ, դատարանի նկատմամբ անվստահությունը մեղմելուն ուղղված քայլերը՝ այդ համատեքստում կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը, ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառումը:

Մրցութային հանձնաժողովի անդամ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հարցն ուղղված էր բոլոր թեկնածուներին. բացահայտել արդարություն, իրավահավասարություն, ժողովրդավարություն եզրույթների նորմատիվային բնույթը: Հիմնվելով տեսական գիտելիքի ու աշխատանքային փորձի վրա՝ հարցի առնչությամբ թեկնածուները ներկայացրին իրենց մոտեցումները:

«Ձեր պրակտիկայում ՄԻԵԴ նախադեպային որոշումը կիրառելու հնարավորություն ունեցե˚լ եք»,-հետաքրքրվեց հանձնաժողովի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը՝ փորձելով այդ առնչությամբ լսել թեկնածուների մեկնաբանություններն ու վերլուծությունը:

Ռուբեն Մելիքյանի այն հարցին, թե թեկնածուներն ինչ ներդրում են ունեցել Հայաստանում իրավունքի զարգացման գործում, հնչեցին տարբեր պատասխաններ: Թեկնածուները ներկայացրին այն փորձագիտական հետազոտությունները, որոնք կատարել են, մոնիթորինգային խմբերում կատարած աշխատանքը, տարբեր զեկույցների պատրաստումն ու քննարկումները, որոշ դեպքերում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններին ունեցած մասնակցությունը:

Հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հարցն ուղղված էր բոլոր թեկնածուներին. «Որո˚նք են հասարակական այն երեք արատները, որոնք խոչընդոտում են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը»: Ըստ թեկնածուների՝ խնդիրները տարբեր են, կոռուպցիայից մինչև դատարանների նկատմամբ անվստահությունը:

Հարցազրույցի փուլին մասնակցեց 11 թեկնածու.
Արմեն Հարությունյան (Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր),
Արայիկ Ղազարյան («Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից),
Նելիկ Հարությունյան (ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ),
Վիգեն Քոչարյան (ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս),
Լիզա Գրիգորյան (Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
Վահե Գրիգորյան (փաստաբան),
Դավիթ Խաչատուրյան (Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս),
Արայիկ Մելքումյան (Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր),
Դավիթ Հակոբյան (Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության իրավախորհրդատու),
Եղիշե Կիրակոսյան (ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական),
Նորա Կարապետյան (Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր):

Հարցազրույցի փուլին մասնակցեց 11 թեկնածու: Այսօր հայտնի կդառնան այն 3 թեկնածուների անունները, որոնք կներկայացվեն ՀՀ նախագահին:
Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031