Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում կյանքը թանկանում է. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 08,2014 11:36

Չնայած այն բանին, որ նախորդին փոխարինելու եկած ներկայիս կառավարությունը սկզբնական փուլում բավականին ինքնավստահ կերպով խոստումներ էր շռայլում երկրում տնտեսական աճի եւ մարդկանց բարեկեցության բարձրացմանն ուղղված կառավարության իրականացնելիք ծրագրերի շուրջ, Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը փաստում են, որ այս կառավարությունն էլ, նախորդի նման, չի կարողանում գոնե դույզն-ինչ փոքրացնել տրված խոստումների եւ տխուր իրականության միջեւ առկա խորը խզումը։

ԱՎԾ-ի հրապարակած վերջին տվյալներով՝ 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է հրուշակեղենի՝ 0.9%, կենդանական եւ բուսական յուղերի՝ 1.0%, ձկնամթերքի՝ 1.3%, բանջարեղենի եւ կարտոֆիլի՝ 5.9%, ձվի՝ 9.4% գնաճով։ Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-9.4% գնաճ, երկուսում՝ 4.4-0.3% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ։

Ընդ որում, ուշագրավ է, որ գնաճ է արձանագրվել այնպիսի ոլորտներում, որոնք վերջին տարիներին բավականին առաջընթաց էին գրանցել եւ բարեհաջող կերպով սպասարկելով ներքին շուկան՝ սկսել էին լայնածավալ արտահանման գործընթաց։ Մասնավորապես ձվի արտադրությունը ՀՀ-ում հաջողված ոլորտների թվին էր դասվում, որը, սակայն, արդեն անցած տարվանից սկսեց անկում ապրել, եւ ձու արտահանող երկրից ՀՀ-ն դարձավ ձու ներմուծող երկիր։ Ինչն էլ անխուսափելիորեն արտացոլվեց ոչ միայն ձվամթերքի որակական, այլեւ գնային հատկանիշների վրա։

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է ձվի 4.8-16.8% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում։ Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 9.4%-ով։

Չնայած այն բանին, որ այս տարին գյուղատնտեսական առումով ընդհանուր առմամբ համարվում է հաջողված տարի, գներն աճել են նաեւ պտուղ-բանջարեղենի շուկայում։ Մասնավորապես՝ բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ.-ի սեպտեմբերին 2013թ.-ի սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.7%, իսկ 2014թ.-ի օգոստոսի համեմատ՝ 5.9% գնաճ։ Վերջինս հիմնականում պայմանավորվել է սնկի՝ 6.3%, լոլիկի՝ 12.8%, կաղամբի՝ 17.4%, սմբուկի՝ 17.8%, կանաչ պղպեղի՝ 19.4%, սխտորի՝ 19.9%, ծաղկակաղամբի՝ 26.1%, վարունգի՝ 27.8% գնաճով։ 2014թ.–ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ գրանցվել է խառը կանաչեղենի՝ 3.5%, կանաչ սոխի՝ 4.5%, կարտոֆիլի՝ 5.5%, կանաչ լոբու՝ 5.8% գնաճ։ Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է գազարի՝ 22.0%, ճակնդեղի՝ 16.4%, գլուխ սոխի՝ 7.4% գնանկում։ Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ.-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի 2.1-14.3% գնաճ, իսկ մեկում՝ 0.3% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 5.6%-ով։

Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031