Հայկական արտաքին քաղաքական ուղեծրի պատասխանատուները որոշում կայացրեցին մտնել մի միություն (ՄՄ), որի կնքահայրը և հիմնական ջատագովը Ռուսաստանն է: Հաշվի առնելով վերջին փուլի զարգացումները, որոնք կարծես թե առնչվում են հայկական միջավայրում հավերժական խնդիր դարձած կողմնորոշման հետ, ապա մերկապարանոց չենք համարում դիտարկել պատմական և ներկայիս փուլի մի քանի անցքեր, որոնք անդրադառնում են հայ-ռուսական հարաբերություններին:
Պատմական ակնարկ
Կողմնորոշման հարցը մեր պատմաքաղաքական միջավայրում ունի բուռն զարգացումներ անհիշելի ժամանակներից: Ուստի, պատմական քաոսի մեջ չմխրճվելու համար գանք 16-17-րդ դարերի դարաբաժանից, երբ Իսրայել Օրին մեր դեգերումների առանցքն ուղղեց դեպի Պյոտրյան Ռուսաստան: Ժամանակի քարոզչամեքենան և գաղափարական ընկալումներ սահմանելու իրավունքը պատկանում էր բացառապես Հայ Առաքելական եկեղեցուն: Այդ կառույցին խիստ հաճո էր այս քայլը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը ևս քրիստոնյա պետություն էր, իսկ կրոնական ասպեկտում չուներ այն հավակնությունները, որն ուներ կաթոլիկ արևմուտքը: Ի դեպ, հենց վերջիններս սկսեցին շրջանառության մեջ դնել մի վարկած, համաձայն որի, իբր թե, միջնադարում հայ նվիրյալ հոգևորականներ քնել ու երազ են տեսել, որ հյուսիսից կգա հզոր ցեղը և կփրկի մեզ: Եվ արդ եկել է պահը, որ այդ գործիչները տեսած երազները դառնում են մարգարեություններ: Այստեղ խորությամբ չենք քննարկի բոլոր այն փաստերը, որոնք վերաբերվում են ռուսական դիվանագիտության այդ փուլին: Պարզապես հիշեցնենք, որ Օրին այդպես էլ չտեսավ ռուս ազատարարներին: Օրու մահից հետո միայն, Պետրոսն այցելեց Կովկաս, որոշակի սոցիալական և քաղաքական հիմքեր ստեղծեց իր հաջորդների կովկասյան քաղաքականության համար, 1724-ին կնքեց Կ. Պոլսի պայմանագիրը, որով Հայաստանի այդ ժամանակի և ներկայիս տարածքը զիջեց Թուրքիային` իրեն պահելով մերձկասպյան շրջանները: Իսկ հայերը Սյունիքում և Արցախում ութ տարի շարունակ կերտեցին հերոսական էջեր (1722-1730 Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարը), սպասելով ուռուսի օրհնված ոտքին (ինչպես հետո կբնորոշի Խ. Աբովյանն իր հայտնի աշխատության մեջ): Ինչևէ, այս փուլում գոնե, Աբովյանի օրհնած սհաթը` ռսի ոտի հետ կապված չունեցանք:
Ռուսական կոնկրետ ազդեցությունների փուլը սկսվեց 19-րդ դարի առաջին քառորդից, երբ վրացական թագավորությունը միացվեց Ցարական կայսրությանը և վերջինս իր նկրտումները շարունակեց դեպի Այսրկովկաս (երբ նայում ենք Մոսկվայից, ստացվում է Անդրկովկաս): Այստեղ կանգ առնենք: Հենց այս փուլից է, որ սկսվում են ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները տարածքում գերիշխանության հասնելու համար:
Այս գործընթացները կպատեն ամբողջ 19-րդ դարը: Անդրադառնանք այն խնդիրներին, որոնք իր առջև դնում էր կայսերական Ռուսաստանը.
Ա. Հաստատվել Կովկասում, մասնավորապես Հարավային Կովկասում
Բ. Տիրանալ մերձկասպյան բարեբեր շրջաններին
Գ. Հնարավորինս օգտվել թուլացած Պարսկաստանի վիճակից
Դ. Վերցնել Օսմանյան Թուրքիայից այնքան, որքան հնարավոր է. Կլիներ դա Արևմտյան և Արևելյան Հայաստանների, թե նեղուցների տեսքով` էական չէր: Կովկասյան գործոնը կնպաստեր ամրապնդելու ցարական Ռուսաստանի հարավային սահմանները:
Այս բոլոր ձգտումներում, աջակիցներ էին դիտարկվում այդ տարածքների բնակիչները` ինչպես Բալկաններում, այնպես էլ Կովկասում: Ու այստեղ շատ կարևոր էր «ազատարարի» իմիջի ստեղծումը, որը կնպաստեր այդ գործոններն օգտագործելուն: Ու կարելի է ասել այդ իմիջը ստեղծվում էր շատ արագ: Ստեղծողները հենց տեղի վերնախավն էր, որը շատ արագ հասկանում և ընկալում էր ուժերի վերադասավորությունը: Եթե Ռուսաստանը չունենար տեղացիների անվերապահ աջակցությունը բոլոր ասպեկտներում, ապա հավատացած եղեք, որևէ ռուս-պարսկական կամ ռուս-թուրքական պատերազմում նա հաղթանակ չէր տանի: Ասվածի վառ ապացույցը թերևս 1812 թվականն է: Ռուսաստանը պատերազմում է նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ, որին մինչ այդ չէին կարողացել հաղթել համաեվրոպական հինգ դաշինքները: Ուժերի և ռեսուրսների մեծագույն մասը նետված են Ֆրանսիայի դեմ: Միևնույն ժամանակ Ռուսաստանը պատերազմում է Թուրքիայի և Պարսկաստանի դեմ: Հաղթող է դուրս գալիս երեք ճակատներում գրեթե միաժամանակ: Ահա հենց այս փուլում է, որ «ազատարարներին» հայերս օգնում ենք ամեն ինչով` սնունդ, մարդկային ռեսուրսներ, գիշերելու վայրեր, զորակայաններ և այն ամենն, ինչ անհրաժեշտ է: Ռուս զինվորականներից շատերն իրենց հուշերում նշում են, որ հայերն առաջին էին նետվում մարտի և կռվում էին առաջին գծում:
Կարդացեք նաև
Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ կազմավորվեցին բազմաթիվ կամավորական ջոկատներ, որոնք աջակցում էին ռուսական զորքին: Որպես կանոն, ռուսական զորքը չէր ունենում այնքան կորուստ ինչքան բնակիչները: Փոխարենը ռուսները խոստանում էին ազատագրում: Բայց… այդ ազատագրումը չէր ենթադրում անկախ պետության ստեղծում, դա ենթադրում էր մի լուծի փոխարինումը մյուսով: Եվ այդ փուլի միակ կազմակերպված կառույցը` եկեղեցին, այժմ բացում էր իր բոլոր ամբարները և ռեսուրսները քաղաքական ռոտացիայի առջև: Իսկ փոխարենը.-«ռուս գեներալ Տորմասովը, 1810թ. Անհաջողություն կրելով Ախալցխա քաղաքի մոտ, գավառը ենթարկում է սարսափելի թալանի, չբավարարվելով իրեն օգնած քրիստոնյաների թալանով`ռուսական զորքերը տարածքի 1500 ընտանիքներ բռնագաղթեցնում են Վրաստան, մասնակի հայաթափման ենթարկելով այդ գավառը»: Այստեղ թերևս հարկ է անդրադառնալ մի գործոնի, որը շատերը անուշադրության են մատնում: Կարելի է հաշվել, թե քանի հայ է սպանվել 19-20-րդ դդ. ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմների ընթացքում, ինչպես նաև բոլոր այն դեպքերում (1812, 1856, 1878, 1918), երբ ռուսները վերցնելով Արևմտյան Հայաստանի բազմաթիվ տարածքներ ռազմական գործողությունների ընթացքում, հետ են տվել դրանք դիվանագիտական ճանապարհով, տեղի աջակից բնակիչներին` հատկապես հայերին, թողնելով անզեն և միայնակ թուրքական իշխանությունների դեմ: Հավատացեք, այդ թիվն ավելի պակաս տպավորիչ չի լինի, քան Ցեղասպանության զոհերի թիվն էր :
Անշուշտ, Ռուսաստանը որպես կայսրություն տանում էր քաղաքական գիծ, որն օրինաչափ է բոլոր կայսրությունների համար. օգտագործել բոլորին և հնարավորինս շատ` իր քաղաքական նպատակների համար: Ազատագրման կամ անկախ պետականության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանզի Ռուսաստանին անհրաժեշտ էր Կովկասը`լավագույն դեպում հնարավորինս քիչ հայերով: Այս ֆոնին, առնվազն քաղաքական ոչ ճիշտ հաշվարկների հերթական դրսևորումն էր մեր հոգևոր և աշխարհիկ վերնախավի կողմից ներկայացվող այն տեսլականները կամ ծրագրերը, որոնք ուղղված էին անկախ Հայաստան ստեղծելուն: Ժամանակի գործիչները չէին նկատում ակնհայտ փաստեր, ինչպիսին է օրինակ յուրաքանչյուր պատերազմից հետո կամավորական կամ քիչ թե շատ կազմակերպված հայկական ռազմական ուժերի ցրումը` մինչ հաջորդ պատերազմ: Ռուսական արքունիքն անշուշտ չէր էլ վերաբերվում այդ խնդրագրերին: Ավելին` իր վարչաքաղաքական բարեփոխումներով, որոնցից վերջինը վերաբերվում է վրացա-իմերեթական մարզի ստեղծմանը, ամեն ինչ արվում էր Հայաստան տերմինն ի սպառ վերացնելու համար: Ի դեպ, այդ կամավորական խմբերից ցրումը և կանոնավոր բանակի ստեղծման կանխումը ակնհայտ երևաց նաև առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո: Երբ հայերս ունենալով շուրջ 120.000 կռվող միայն ռուսական կողմից, ի զորու չեղանք ստեղծել քիչ թե շատ կանոնավոր բանակ, որը մեզ հետագայում կպաշտպաներ թուրքական սպառնալիքից ու Սարդարապատի փուլում նորից հույսը աշխարհազորն էր: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ ռուսական իշխանությունները վարում էին շեշտված հակաեկեղեցական քաղաքականություն: Քանի դեռ 19-րդ դարում ընթանում էին ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները` ռուսական իշխանություններն ընդգծված հակաեկեղեցական քաղաքականություն չէր վարում, բայց 1903թ. Հունիսի 12-ին ընդունված օրենքի համաձայն պետությանն էին անցնում եկեղեցու շարժական և անշարժ գույքը` որոշ բացառություններով: Այս քաղաքականությունը շարունակվեց նաև խորհրդային կարգերի փուլում, երբ հայկական ճարտարապետական եզակի նմուշ ներկայացնող եկեղեցիները հաճախ վերածվում էին պահեստների: Ձևականորեն թողնելով եկեղեցուն կրթական գործի կազմակերպիչ` ցարական արքունիքն ամեն կերպ նպաստում էր ռուսական գրի, լեզվի և մշակույթի տարածմանը: Բացվում էին ռուսալեզու գիմնազիաներ և տարբեր կրթական հաստատություններ: Ռուսերենը ստանում էր «պրեստիժային» կարգավիճակ: Իհարկե, այս երևույթը բարձրացրեց հակակառավարական ալիք, բայց չստացավ այն ծավալները, որոնք անհրաժեշտ էին եկեղեցու իրավունքների ամբողջական վերականգմանը:
Մեկ այլ սադրանք տեղի ունեցավ Կովկասում 1905թ.: Այս փուլում սկսվել էր ռուսական հեղափոխական շարժումը և կենտրոնը տարբեր ազգությունների ուշադրությունը շեղելու համար դիմում էր ամեն տեսակ սադրանքների, սա հետագայում կդառնա դասական գործելաոճ: Ու այսպես, 1905թ-ին, Կովկասում սկսվեցին հայ-թաթարական բախումները, որոնք հետագայում հիմք դրեցին հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այդ բախումների ընթացքում հավասարապես տուժեցին երկու կողմն էլ… Նույն կերպ` ինչպես հետագա հայ-ադրբեջանական կոնֆլիկտներում:
Վահրամ Թոքմաջյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորման»
Պատմության և ազգագրության հարցերով փորձագետ