Լրահոս
Օրվա լրահոսը

Աշունը կլինի թեժ, թե մելամաղձոտ՝ կախված չէ հանրահավաքների հռետորների կոչերից

Հոկտեմբեր 08,2014 17:30

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի՝ ոչ իշխանական ուժերի ֆունկցիան մեկն է՝
ապահովագրել համակարգին այնպիսի գործընթացներից, որոնց արդյունքում
քրեական օլիգարխիան կզրկվի կառավարման լծակներից:

– Քաղաքական «թեժ աշնան» մեկնարկը տրված է. «ոչ իշխանական» ուժերը մարզային հավաքներ են անցկացնում հոկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին ընդառաջ, քննարկվում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` նախագահ դառնալու հնարավորությունները: Պարոն Մեհրաբյան, Ձեր կարծիքով՝ «ոչ իշխանական» ուժերը ունե՞ն իշխանափոխության, Հայաստանում համակարգային փոփոխություններ իրականացնելու հնարավորություն, «քառյակը» կամ «եռյակը» ի՞նչ խնդիր է լուծում:

– Ձեր կողմից նշված շրջանակը ներկայիս իշխող համակարգի անբաժանելի մասն է, ինչպես էլ այն կոչվի, ինչպիսի թվականներով, ածականներով կամ գոյականներով էլ տարփողվի կամ հռչակվի որպես «հրաշալի» կամ նույնիսկ «զարմանահրաշ»՝ դրանից ֆունկցիոնալ առումով ոչինչ չի փոխվում, քանզի այդ շրջանակը ոչ թե քաղաքական սուբյեկտ է, այլ գործիք, որի «կոթը» գտնվում է այդ շրջանակից դուրս եւ նույնիսկ՝ բավականին հեռու: Հետեւաբար՝ աշունը կլինի թեժ, թե, ասենք, մելամաղձոտ՝ դա կախված չէ ո՛չ այդ հանրահավաքների հռետորների կոչերից եւ ո՛չ էլ նրանց ցանկություններից: Այդ կարգի հարցերը տրված չէ որոշելու գործիքին, այլ որոշվելու է այդ՝ «կոթը բռնողի» կողմից: Ինչպես որոշի՝ այնպես էլ կլինի: Համենայնդեպս, նրանց ֆունկցիան մեկն է եւ մնում է նույնը՝ ծառայել որպես խլացուցիչ, միջադիր՝ համակարգի եւ հանրության միջեւ, ապահովագրել համակարգին այնպիսի գործընթացներից եւ փոփոխություններից, որոնց արդյունքում քրեական օլիգարխիան հանկարծ կզրկվի քաղաքական կառավարման լծակներից:

– Վերջերս ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բարձրացրեց 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների «մեղավորների», «ցուցարարներին ցրելու գործում զինված ուժերի եւ անօրինական զինված խմբավորումների ներգրավման օրինականության» հարցը, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին ընդդիմությանը մեղադրեց` «Մարտի մե՞կ եք ուզում…»: Մարտի 1-ի պատասխանատուների բացահայտման մասին մերթընդմերթ այս հիշեցումները, մյուս կողմից՝ ԲՀԿ-ի հետ նույն հարթակում երկրի անօրինականությունների մասին ՀԱԿ-ի կողմից բարձրաձայնելը որքանո՞վ եք բարոյական համարում:

– Ամենավերջին բանը, որ կուզենայի անել՝ դա բարոյական գնահատականներ տալն է: Մանավանդ ներկայիս քաղաքական իրավիճակում, ներկայիս հասարակական-քաղաքական իրողությունների պայմաններում, ներկայիս ժամանակաշրջանում, որն այլ կերպ, քան բարոյականության ամբողջական խավարում, դժվար է անվանել: Սակայն, մյուս կողմից, այս ամենը խոսում է մեկ բանի մասին. Մարտի մեկի «էջը» փակված չէ՛: Մարտի մեկին թափված արյունը, զոհերի հոգիները շեքսպիրյան Համլետի հոր ուրվականի պես հետապնդում են թե՛ ոճրագործներին, թե՛ ոճիրը պարտակողներին, թե՛ նրանց հետ գործակցողներին եւ ուրացողներին: Եվ այդպես էլ շարունակվելու է, քանի դեռ այդ՝ մարդկության դեմ գործած ոճրագործությունը մնացել է անպատիժ: Ներկայիս համակարգն իր իշխանական եւ «այլընտրանքային» հատվածներով սերում է Մարտի մեկից, հենվում Մարտի մեկի «նվաճումների» վրա, վայելում է Մարտի մեկի «հաղթանակի» պտուղները: Մարտի մեկն այն իրադարձությունն է, որի վրա տարածվել է յուրատեսակ «օմերտա», որով միաձուլված եւ բյուրեղացած է համակարգն իր «արժեքներով» եւ աստիճանակարգով, իր թեւերով եւ «այլընտրանքներով» հանդերձ, եւ մերթընդմերթ այդ «օմերտա»-ի դիպվածային խախտումները ռենտգենային պատկերի պես հենց դա էլ ի ցույց են դնում: Էլ որտե՞ղ լինի բարոյականությունը, ինչի՞ մասին է խոսքը: Խոսքը կարող է գնալ միայն մաֆիոզ, գանգստերական «բարոյականության» մասին, որն, ինչպես գիտենք, գտնվում է բարոյականության տրամագծորեն հակառակ կողմում:

– Կառավարությունն անցյալ շաբաթ հավանություն տվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին, ռուսական կողմից նշում են, որ եթե ոչինչ չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում ՀՀ անդամակցության պայմանագիր կստորագրվի: ՀՀ անդամակցության շարունակաբար ձգձգվող գործընթացը, կարծես, մոտենում է ավարտին, ի՞նչ պայմաններում է Հայաստանն անդամակցելու ԵՏՄ-ին. ի՞նչ կարող ենք շահել, ի՞նչ կորցնել՝ թե քաղաքականապես, թե տնտեսության զարգացման առումով:

– Տնտեսական առումով այս պայմանագիրը ոչինչ է, այն ոչ միայն ապագա չունի, այլեւ նույնիսկ ներկա: Սակայն քարոզչական առումով պայմանագրի տնտեսական կողմը ծառայում է որպես ծխածածկույթ սրա քաղաքական հետեւանքների համար: Իսկ սրա հետեւանքն է Հայաստանի պետականության լուծարման եւ բովանդակազրկման մեկնարկը: Հայաստանի տնտեսական, առեւտրային քաղաքականությունն ամբողջությամբ հանձնվում է մի, այսպես կոչված, «վերպետական» մարմնի, որն, ըստ էության, նույն Ռուսաստանն է: Եվ հաշվի առնելով, թե ինչ ահռելի ազդեցություն ունի Ռուսաստանը Հայաստանում ռազմական, էներգետիկ, տնտեսական, տեղեկատվական, քաղաքական ոլորտներում, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչի տակ է ստորագրելու Հայաստանը: Հայաստանն այսօր Ռուսաստանի պատանդն է, եւ դա փաստ է, որը սպառնում է նույնիսկ իրավաբանական հիմք ստանալ, ինչը կօրինականացնի այդ՝ մետրոպոլիա-գաղութ հարաբերությունները: Հետեւաբար՝ տնտեսական իբր առավելությունների մասին խոսակցություններն ուղղակի անլուրջ են:

Դրանք հիշեցնում են Բուլգակովի «Շան սիրտը» վեպի հերոս Շարիկովի «դատողությունները» Էնգելսի եւ Կաուտսկիի բանավեճի մասին: Այսօր Ռուսաստանը ենթարկվում է դաժան պատժամիջոցների, եւ որեւէ միտում չկա, որ դրանք կթուլանան, իսկ ավելի հավանական է, որ այդ պատժամիջոցները կսաստկանան: Եթե Ռուսաստանի գործողություններում լիներ գոնե նվազագույն տնտեսական շարժառիթ, ապա Կրեմլը վաղուց պետք է սրբագրեր իր ռազմատենչ քաղաքականությունը: Սակայն մենք տեսնում ենք, որ Պուտինը պատրաստ է ցանկացած զոհողությունների տանել իր երկիրը հանուն նրա, որ թույլ չտա հետխորհրդային երկրներին դուրս գալ իր ազդեցության դաշտից, ավելին՝ Ռուսաստանի իշխող վերնախավը չի թաքցնում իր մերժողականությունը եւ ատելությունը հետխորհրդային երկրների անկախության գաղափարի նկատմամբ: Սա ուղղակի ֆաշիզմ է, այո՛, ռուսական ֆաշիզմ՝ իր բոլոր բաղկացուցիչներով: Պետք է իրերը կոչել իրենց անուններով. Կայսերական Ռուսաստանը Հայկական անկախ պետականության թիվ մեկ թշնամին է: Եվ պատրաստվելով ստորագրել ԵՏՄ կոչվածին անդամակցելու պայմանագիրը՝ Հայաստանի իշխանությունը պետք է գիտակցի, որ իշխանությունից նա վերածվում է լավագույն դեպքում պարետի, ավելի շուտ՝ պահակի կամ կարմիր թեւկապով «դրուժիննիկի», որը պիտի ներքին կարգուկանոնին հետեւի, որպեսզի իրական կառավարիչները որեւէ դիսկոմֆորտ չզգան, էլ չեմ խոսում՝ ներքին վտանգի մասին: Սակայն նաեւ պետք է խոստովանել, որ մեր իշխանությունն ընդունակ չէ ադեկվատ գործողությունների, քանի որ վերջին տարիների բացասական քաղաքական «սելեկցիայի» հետեւանքով քաղաքական որոշումներ ընդունելու լիազորություններ թե՛ իշխանությունում, թե՛ «չիշխանությունում» ստանձնել է մի կոնտինգենտ, որը բացի նրանից, որ վերոնշյալ գանգստերական «բարոյականության» կրողն է, այլեւ ընդունակ չէ նույնիսկ յոթերորդ դասարանի մաթեմատիկայի խնդիր լուծել: Նրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ են անում: Նրանք ուղղակի կուրորեն առաջնորդվում են Ռուսաստան-«հայրիկից» եկող անասնական վախով՝ առանց հասկանալու, որ ստորագրելով այդ խայտառակ եւ վնասակար փաստաթուղթը՝ նրանք ստորագրում են իրենց իսկ քաղաքական մահվան վկայականը: Այնպես որ՝ իմաստ չունի երկար-բարակ դատողություններ անել ինչ-որ «տնտեսական», «քաղաքական» կամ այլեւայլ «գիտա-հետազոտական» բաների մասին: Ամեն ինչ շատ ավելի պրիմիտիվ է, ցավոք:

– Սերժ Սարգսյանը Հունաստանի նախագահի հետ բանակցությունների ավարտին հայտարարեց, որ Հայաստանը վճռական է Եվրամիության հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեանն էլ հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանն ու ԵՄ-ն կունենան հարաբերությունների նոր փաթեթ: Այսինքն՝ Հայաստանը չի սահմանափակվում Վիլնյուսում ԵՄ-ի հետ համատեղ հռչակագիր ընդունելով, Բրյուսելի հետ կապերը զարգացնելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում: ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը` ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում, ինչպե՞ս եք պատկերացնում, ի՞նչ ձեւաչափով, ո՞ր ոլորտներում, ո՞ր ուղղություններով կարող են զարգանալ:

– Իհարկե, «վճռականություն» ասվածը միայն հռետորաբանություն է, ոչ ավելին: Այսինքն՝ Հայաստանն այստեղ եւս քաղաքականության սուբյեկտ չէ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ՌԴ-ն իր կարմիր գրչով որտեղ կքաշի իր «գիծը»՝ դրանով իսկ թույլ տալով «գծից այն կողմ» գտնվող «անվնաս» մասերով շարունակելու հարաբերությունները ԵՄ հետ: Իհարկե, մենք գործ ունենք բավականին դինամիկ գործընթացի հետ, եւ շատ բան կախված կլինի նաեւ նրանից, թե ինչպես կընթանան ՌԴ-ԵՄ հարաբերությունները, որքանով Եվրոպան իր բյուրոկրատական-հաշվապահական մոտեցումները կկարողանա փոխարինել քաղաքական, ռազմավարական մոտեցումներով: Դրանից է նաեւ կախված, թե որտեղով կանցնեն ՌԴ-ի այդ «կարմիր գծերը»: Հայաստանի հնարավորությունները կախված են ներքին դիմադրությունից: Մենք տեսնում ենք, որ պետությունը եւ քաղաքական դաշտն իրենց ֆունկցիաներն ընդունակ չեն կատարելու: Շատ բան, հետեւաբար, կախված է մեր քաղաքացիներից, նրանց ինքնակազմակերպման աստիճանից, իրենց իսկ իրավունքների եւ ազատությունների համար պայքարելու, իրերն իրենց անուններով կոչելու ունակությունից եւ վճռականությունից:

Ներկայիս գաղափարական վակուումի պայմաններում չափազանց մեծ է նաեւ ԶԼՄ-ների դերը: Չպե՛տք է հանդուրժել որեւէ ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ, ինչը շատ սպասելի է, եթե հաշվի առնենք, թե ինչ զառանցանքի եւ զառամախտի գիրկն են ընկել մեր «ռազմավարական դաշնակցի» քաղաքական եւ լրատվական դաշտերը: Քաղաքացիական հասարակությունը պետք է միշտ ընդվզի այն դեպքերում, երբ Երեւանում բազմած ռուս դիվանագետները լկտի պահանջներով են հանդես գալիս, կամ Ռուսաստանի մերձքաղաքական որոշ դեմքեր սկսում են հրապարակայնորեն անսթափ եւ ցինիկ դատողություններ իրենց թույլ տալ՝ վստահ լինելով, որ մեր ողորմելի դիվանագիտությունը ոչ մի հանդիմանություն չի ցուցաբերի: Այո՛, քաղաքացիական գործոնը շատ կարեւոր է Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների համար եւ վճռորոշ՝ Հայաստանի, Հայկական Պետականության ապագայի համար:

– Ռուսաստանի ու Ադրբեջանի հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, այդ թվում նաեւ՝ ամենազգայուն ոլորտներում՝ չնայած համաշխարհային տնտեսության խնդիրներին, Աստրախանում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը վստահեցրեց ՌԴ նախագահ Պուտինը: Հայտնի է, որ երկու երկրների միջեւ ստորագրվել է ներդրումների փոխադարձ խթանման ու պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունն էր օրերս Ադրբեջանում, Մատվիենկոն նշեց, թե Ադրբեջանը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում ՌԴ-ի ռազմավարական գործընկերն է: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացման պայմաններում Հայաստանն ինչպե՞ս պետք է դրսեւորի, որպեսզի կորուստները մեզ համար նվազագույնը լինեն:

– Գաղտնիք չէ, որ Պուտինի եւ Ալիեւի հակամարդկային, վերից վար կոռումպացված «հոգեհարազատ» ռեժիմներին իրար կապում է միեւնույն՝ նավթա-գազային պարազիտիզմի հենքը: Այդ ռեժիմներն ունեն միեւնույն մտահոգությունները՝ կապված ինքնապահպանման հետ, եւ վտանգն էլ տեսնում են միեւնույն կերպով: Մյուս կողմից՝ Մոսկվան ներկայումս սիրաշահում է Ադրբեջանին, որպեսզի նրան եւս ներքաշի իր «ինտեգրացիոն» պրոյեկտներում, առայժմ անարդյունք: Նրանք երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի Արեւմուտքի հետ ունենան բացառապես առեւտրային հարաբերություններ, դրանով իսկ ձեռք բերեն ազդեցության լծակներ Արեւմուտքում՝ ապահովագրելով իրենց Արեւմուտքի քննադատություններից:

Մոսկվայում լավ են հասկանում, որ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունն ամբողջացնելու համար Ադրբեջանի ներգրավելը «ինտեգրացիոն» դաշտում կենսականորեն անհրաժեշտ է, եւ դրա համար նրանք գործածում են «բլիթի եւ մտրակի» ավանդական քաղաքականությունը: Անկասկած, սա դեմ է Հայաստանի շահերին, սա դեմ է տարածաշրջանի ապագային: Հայաստանը պետք է փորձի հավասարակշռել ռուս-ադրբեջանական գործոնը, թույլ չտա, որպեսզի այդ զույգը միասնական ջանքերով չեզոքացնի Մինսկի խմբի գործոնը: Հակառակ դեպքում մենք կստանանք նույն բանը, ինչ եղավ 1920-21թթ. Թուրքիայի պարագայում, իսկ 1923-ին՝ Ադրբեջանի, երբ Ռուսաստանն իր պատանդ Հայաստանի հաշվին վճարեց մեր հարեւանների լոյալության դիմաց: Դրա համար Հայաստանը պետք է հնարավորինս զարգացնի բազմակողմանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ: Ինչպես նաեւ, որն ամենակարեւորն է, ներքին բարեփոխումներ իրականացնի, ինչը, ինչպես նշեցի պատճառները, ներկայիս համակարգի գոյության պարագայում հնարավոր չէ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031