Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հետեւանքների կբերի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը

Հոկտեմբեր 08,2014 17:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը եւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկակ Արշամյանը:

Արամ Աբրահամյան.– Նախեւառաջ՝ բնական հարց է ծագում՝ հոկտեմբերի 10-ին մենք կանդամագրվե՞նք Եվրասիական տնտեսական միությանը:

Ավետիք Իշխանյան.– Որեւէ մեկը չի կարող ասել` կլինի, թե չի լինի, որովհետեւ մենք հիշում ենք անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո քանի անգամ այդ ժամանակացույցը փոխվեց` կախված շատ-շատ հանգամանքներից: Իմ կարծիքով՝ հիմնական հանգամանքը այն էր, որ Բելառուսն ու Ղազախստանը ինչ-ինչ պատճառներով խոչընդոտում էին Հայաստանի անդամակցությանը այդ ենթադրյալ միությանը: Կլինի՞ արդյոք դա հոկտեմբերի 10-ին, թե չի լինի, իմ կարծիքով` կախված է նրանից, թե ինչքանով Ռուսաստանը լծակներ կունենա Բելառուսին եւ Ղազախստանին ստիպելու, որ նրանք Հայաստանի անդամակցությունը վավերացնեն:

Հայկակ Արշամյան.– Ես համաձայն եմ, բայց նաեւ հավելեմ, որ Ղազախստանի եւ Բելառուսի, այսպես ասած, «դեմը»՝ լինի դա չակերտավոր, թե իրական, նաեւ ինչ-որ չափով համաձայնեցված է Ռուսաստանի հետ, որովհետեւ ինչքան էլ այդ երկրների նախագահները կամ միապետները փորձեն ինքնուրույն եւ անհաղթ երեւալ Ռուսաստանի մոտ, դա այնքան էլ այդպես չի: Կարծում եմ` այնտեղ կան ոչ միայն հակասություններ, այլեւ կան շահեր: Ես, համենայնդեպս, կարծում եմ, որ Նազարբաեւը, որը, եթե հիշում եք, Սերժ Սարգսյանին հայտարարեց, որ Ղարաբաղի հետ միասին Հայաստանը չի կարող մտնել Մաքսային միություն, նա դա միանշանակ արեց Պուտինի համաձայնությամբ, որովհետեւ Պուտինը այնտեղ ուղղակի նստած էր եւ ոչ մի ձայն չհանեց:

Ա. Ա.– Համաձա՞յն եք:

Ա. Ի.- Ես, ճիշտն ասած, մի փոքր համաձայն չեմ, որովհետեւ հենց նույն Ղազախստանի հետ կապված՝ Պուտինը որոշակի արտահայտություն թույլ տվեց, այսինքն` հակասությունները բավականին շատ են իրականում: Եվ ես մի բան էլ ասեմ, որ սեպտեմբերի 15-ին Ղազախստանում մի խորհրդակցության եմ մասնակցել՝ մարդու իրավունքների հնարավոր վիճակի վերաբերյալ՝ Եվրասիական տնտեսական գոտու ստեղծման հետ կապված, եւ այնտեղ շատ ավելին իմացա Ղազախստանի մասին, քան ես գիտեի: Ի վերջո, ինչ-որ իմաստով նաեւ Ղազախստանի անդամակցությունն է ստիպված քայլ, բայց Ղազախստանը դա ուզում է անել՝ դեմքը փրկելով: Իսկ Հայաստանի միացումը, իմ կարծիքով, ավելի շատ Ռուսաստանին է ձեռնտու, որովհետեւ ի տարբերություն Բելառուսի եւ Ղազախստանի, որոնք ամեն դեպքում այդ միավորումից ինչ-որ բաներ են ուզում քաղել, Հայաստանի միավորման դեպքում դա ուղղակի լրացուցիչ ձայն է Ռուսաստանի համար:

Ա. Ա.– Օգուտների եւ վնասների մասին: Սովորաբար ԵՏՄ-ին միանալու կողմնակիցները, իշխանության ներկայացուցիչները ասում են` մեզ տնտեսապես շատ լավ կլինի, բայց երբ հաշվարկում ես, որ տնտեսապես խնդիրներ կունենանք, ասում են` տնտեսականը՝ հեչ, կարեւորը անվտանգությունն է: Այդ երկվությունը ինչպե՞ս կբացատրեք:

Հ. Ա.– Ես մի քիչ ավելի հեռվից գամ: Այսպես ասած` եթե օրերից մի օր Սերժ Սարգսյանը վեր կենա ու կողմնակիցներին ասի` հրաժարվում ենք Մաքսային միությունից եւ հիմա նորից ընտրում ենք եվրոպական ուղին, այդ նույն մարդիկ նույն հաջողությամբ նորից սկսելու են ծափ տալ ու պաշտպանել Սերժ Սարգսյանի ասածը: Եվ ամեն անգամ Ղարաբաղի խնդիրը մեջբերելը եւ դրանով Հայաստանի ինքնիշխանությունը աստիճանաբար կորցնելը ես համարում եմ շատ սխալ, որովհետեւ Ղարաբաղի հարցը, բնականաբար, պետք է լուծվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ Ղարաբաղի մասնակցությամբ: Այդ հարցը մեր իշխանությունները եւ նաեւ` Ադրբեջանն ու Ղարաբաղը, ինչքան շուտ լուծեն, այնքան ավելի շուտ մենք բոլորս՝ նաեւ հատկապես Հայաստանն ու Ղարաբաղը, ուղղակի Ռուսաստանի այդ ուժեղ ազդեցության տակից գոնե դուրս կգանք: Կարող ենք ավելի մարդավարի խոսել ռուսական իշխանությունների հետ, եւ կարծում եմ, որ Ղարաբաղի խաղաքարտը ավելի շատ խաղարկվում է Հայաստանի իշխանությունների, քան Ռուսաստանի կողմից:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031