Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուգցվանգ կամ պատային իրավիճակ

Հոկտեմբեր 08,2014 16:30

Հայաստանում օրենսդրական գործունեությունը հաճախ շախմատի մենամարտ է հիշեցնում: Դրա համար էլ որոշեցի օրենսդրական շինարարության վերաբերյալ իմ այս շաբաթվա վերլուծությունը զուգակցել շախմատային տերմինաբանությամբ ու փիլիսոփայությամբ: Վստահ եմ, այդպես ձայնս ավելի հասանելի կլինի մեր շախմատասեր հասարակությանը եւ ֆեդերացիայի ղեկավարներին:

Դեբյուտի ընտրություն

Մրցակիցներն ընտրում են բաց, կիսաբաց կամ փակ սկզբնախաղ: Մեզ շարքային որեւէ օրենք անցկացնելիս ընտրվում է բաց սկզբնախաղ՝ նախապատրաստում են օրենքի նախագիծը, հանրային քննարկում անցկացնում, ժամանակին ուղարկում Ազգային ժողով, որտեղ համապատասխան հանձնաժողովներում քննարկումից հետո նախագիծը մտնում է օրակարգ: Ոչ պոպուլյար օրենքների պարագայում դիմում են փակ սկզբնախաղի՝ առանց քննարկումների, արտահերթ նստաշրջանում 24-ժամյա ռեժիմով եւ փաթեթով օրակարգ են մտցնում՝ այն հույսով, որ հակառակորդները ցայտնոտի մեջ կհայտնվեն, եւ իրենք դիրքային առավելություն կստանան: Այսպես են ընդունվել «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքների վիճահարույց փոփոխությունները եւ այլն:

Գամբիտ

Գամբիտը այնպիսի դեբյուտ է, որի ժամանակ զոհաբերվում է որեւէ խաղաքար՝ ակտիվ դիրք ստանալու կամ շուտափույթ հարձակում սկսելու համար: Մեր օրենսդիրները երբեմն առաջնորդվում են գամբիտի սկզբունքով: 2014թ. «Շրջանառության մասին օրենքի փոփոխություններ» առաջարկելիս դիմեցին գամբիտի: Հայտարարեցին, թե 2.5%-ով նվազեցնում են շրջանառության հարկը, փոխարենը ընդամենը փաստաթղթավորում են պահանջում: Նույնիսկ հաշվարկել են, թե խեղճ կառավարությունը քանի միլիարդ է տուժում: Բայց մեր «փոքր ու միջին ձեռնարկատերերը» իրենց լավը չեն հասկանում, հրաժարվեցին ընդունել կառավարության զոհաբերությունը եւ անցան դիրքային պայքարի:

Միջնախաղ

Միջնախաղը ամենաբարդ հատվածն է, երբ մրցակիցները արդեն հիմնականում բացահայտել են իրենց մարտավարությունը, զարգացրել ֆիգուրները եւ պատրաստվում են հարձակման: Օրենսդրական միջնախաղը մեզ մոտ շարունակվեց բողոքի ակցիաներով, փոքր ու միջին ձեռնարկատերերը լքելով աշխատավայրերը՝ փողոց դուրս ելան: Խորհրդարանում նրանց պաշտպանելու դուրս եկան ընդդիմադիրները, պահանջեցին օրենքի փոփոխություն կատարել, հասարակական կազմակերպություններն էլ առաջարկեցին, որպեսզի պարտադիր փաստաթղթավորումը կատարվի կամավորության սկզբունքով. ով կտրամադրի փաստաթղթերը, ավելի քիչ հարկ կվճարի, ով չի տրամադրի` կվճարի ամբողջությամբ: Կառավարությունը, սակայն, մնաց անհողդողդ:

Վերջնախաղ

Շախմատում խաղն ավարտվում է, երբ մատ են հայտարարում հակառակորդի արքային, կամ կողմերը համաձայնում են որեւէ այլ ելքի: Անկեղծորեն՝ չէի ցանկանա, որ կողմերն իրար մատ անեին, համաձայնությունն էլ չի երեւում: Ուրեմն ելքը մեկն է՝ պարտիան հետաձգել:

Վերլուծություն

Թե հետաձգման պարագայում, թե նույնիսկ խաղի ավարտից հետո լուրջ շախմատիստները թիմով վերլուծում են խաղի ընթացքը, փորձում հասկանալ իրենց ու մրցակիցների սխալները, որպեսզի ավելի լավ պատրաստվեն նոր մենամարտի: Եթե մեր օրենսդրական վերջին պարտիաները վերլուծենք, ապա պարզ է, որ հիմնական սխալը օրենքները անպատրաստ, առանց քննարկումների առաջ տանելն է, թե մի կերպ անցկացնենք, հետո՝ կտեսնենք: Դա հաճախ բերում է ցուգցվանգի, երբ ցանկացած քայլ վատթարացնում է իրավիճակը կամ նույնիսկ հանգեցնում պատային իրավիճակի: Իսկ գուցե մի նոր նախաձեռնություն է պետք, որով կբացառվի օրենքների հապճեպ կամ առանց քննարկումների ընդունումը: Թեեւ վստահ չեմ, թե դա կարող է փրկել: Ի վերջո՝ Սահմանադրական դատարանն իր ընդունած որոշմամբ արգելեց պատգամավորներին «գործի չգնալ»՝ չներկայանալ արտահերթ նիստերին: Եվ ինչպես գիտեք, ՍԴ որոշումներն էլ պարտադիր ենթակա են կատարման, բայց միեւնույն է՝ այսօր էլ խորհրդարանական մեծամասնությունը չի փոխել «գործի չգնալու» մարտավարությունը:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031