Լրահոս
Օրվա լրահոսը

Տաշտը դնում են սենյակի մեջտեղն ու լողանում

Հոկտեմբեր 08,2014 16:00

Տիկին Աննային խանութներն արդեն պարտքով սնունդ չեն տալիս,
որ տանի 2 երեխաներին կերակրի

Կոնդի բնակիչ 36-ամյա Աննա Սուքիասյանի «ունեցվածքը» 2 երեխաներն են: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր պայմաններում, քանի որ տան միակ աշխատողն այսօր անաշխատունակ է: Տիկին Աննան կրծքի քաղցկեղ ունի, 3 անգամ ուղեղի կաթված (ինսուլտ) է տարել՝ դրան էլ գումարած էպիլեպսիկ է:

«Անցած տարի ինքնազգացողությունս էնքան էր վատացել, որ շտապ վիրահատություն նշանակեցին, բայց ես էդքան գումար չունեմ, որ կարողանամ ինձ նման «ճոխություն» թույլ տալ»,- մեզ հետ զրույցում ասում է Աննա Սուքիասյանը:

Կնոջ առողջական խնդիրների մասին իմանալուց հետո տիկին Աննայի ամուսինը հեռացել է տանից՝ ընտանիքը թողնելով նյութական ծանր կացության մեջ: Տանտիկնոջ խոսքերով՝ ամուսնու մասին գրեթե տեղեկություն չունի. «Երբեմն երեխեքին ա զանգում, քեֆ-հալ հարցնում, բայց երբ խոսքը գնում ա նյութական օգնության մասին, պատճառաբանում ա, թե գործերը լավ չեն, դեռ ոտքի չի կանգնել, հազիվ հիմա կարողանում ա իր գոյությունը պահել»,- ասում է երկու երեխաների մայրը: Վարձակալած տունը, որտեղ նա ապրում է 13-ամյա Ռիմայի եւ 14-ամյա Հովհաննեսի հետ, ունի ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարանի բացակայության պատճառով տանն են լողանում՝ տաշտի մեջ: Զուգարանը գտնվում է տնից մի քանի մետր հեռավորության վրա: Զուգարանից էլ շունչները պահած են օգտվում, որպեսզի ծանր գարշահոտից շնչահեղձ չլինեն. «Երեխաներս վախենում են մտնել զուգարան, որովհետեւ անհարմար է եւ անզգույշ շարժումի դեպքում կարող են հայտնվել մեջը»: Այս ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը ամսական 45 հազար դրամ կազմող նպաստն ու թոշակն է, որից 20.000 դրամը տալիս են տան վարձ, 15.000-ը՝ ծախսած էլեկտրաէներգիայի գումարը: Տիկին Աննան ասում է՝ խանութներից պարտքով են ապրանք վերցնում: Հարեւանությամբ գործող խանութների մի մասին էլ այնքան պարտք ունեն, որ այս ընտանիքին այլեւս մթերք չեն տալիս:

«Էդ մարդկանց էլ կարելի է հասկանալ, մի անգամ օգնեցին, երկու անգամ, բայց հո ամեն անգամ չե՞ն կարող: Կողքից լսում են, որ նպաստ-թոշակ եմ ստանում, ասում են՝ հենա, էլի, ինչ մտածելու բան ունես, բայց էդ նույն մարդիկ չեն էլ պատկերացնում, որ էդ չնչին գումարով 2 անչափահաս երեխա եմ պահում, որոնք ունեն իրենց պահանջներն ու ցանկությունները, կոմունալ վարձերն եմ տալիս ու հացի խնդիրը լուծում»,- ասում է ընտանիքի մայրը, ապա ավելացնում, որ օգնության խնդրանքով մի անգամ թաղապետարան է դիմել, որտեղից նրան ընդամենը 5 հազար դրամ օգնություն են տրամադրել:

Տիկին Աննայի աղջիկը երազում է պարուհի դառնալ, տղան՝ խոհարար, բայց կա մի երազանք, որի մասին խոսում են նրանք երեքն էլ. «Ամեն օր քնում-արթնանում ենք այն մտքով, թե երբ ենք սեփական տուն ունենալու: Տուն ունեցող մարդիկ միշտ ավելի ինքնավստահ են: Նրանք չեն մտածում՝ տեսնես ինչ կասեն, եթե այս բանը տեղափոխեմ, կամ չեն մտածում, թե այս ամիս ումից պետք ա փող ճարեն, որ տան վարձը տան: Որ տուն լինի, մենք մեր գլխի ճարը կտեսնենք»:

ՊԵՐՃՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031