Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» պարզաբանումը՝ կրճատումների մասին

Հոկտեմբեր 08,2014 15:30
nairit

«Առավոտի» սեպտեմբերի 26-ի «Նաիրիտում» կրճատումներ են» հրապարակման մեջ նշել էինք, որ գործարանի հարկադիր պարապուրդում գտնվող աշխատակիցներին «սեւ թուղթ են» ուղարկում՝ նրանց տեղեկացնելով աշխատանքից ազատման մասին: Հոդվածում մեր աղբյուրները փոխանցել էին, որ կրճատման տակ են ընկել 500-600 աշխատակիցներ: Նյութում մեր աղբյուրները վստահեցրել էին, որ կրճատման հեղինակը գործարանի նախկին տնօրեն Հովհաննես Հախինյանն է, որն իր երկու եղբայրներին «ձեռք չի տվել»՝ չնայած եղբայրներն արդեն վաղուց թոշակառու են՝ 70 տարեկանն անց են:

Հրապարակման օրը «Առավոտը» գործարանի լրատվական ծառայությունից փորձել էր ճշտել կրճատման մասին տեղեկությունները, ինչպես նաեւ՝ թե քանի աշխատակցի են ազատել աշխատանքից, բայց այդ օրը մեզ պարզաբանում չտվեցին, քանի որ, ինչպես լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն էր վստահեցրել՝ արձակուրդից վերադառնալուն պես բոլոր տեղեկությունները կճշտվեն, եւ պատասխան կտրվի:

Անուշ Հարությունյանն օրերս մեզ տեղեկացրեց, որ գործարանի աշխատակիցներից ընդամենը 7 հոգի է կրճատվել, ընդ որում՝ բանվորական աշխատակազմից կրճատում չի եղել:

Ինչ վերաբերում է Հախինյանի 70-ն անց եղբայրներին, ապա Հարությունյանն ասաց. «Առանձնացնել գլխավոր տնօրենի եղբայրներին, որոնք շատ վաղուց են աշխատում գործարանում, բարոյական չէ: Բազմիցս նշվել է, որ «Նաիրիտը» դինաստիոն աշխատակազմ ունի, այսինքն՝ աշխատողների 70%-ը մարդիկ են, որոնք ընտանիքներով են աշխատում, կան այնպիսիները, որոնց աշխատանքային ստաժը միասին 120-130 տարի է կազմում»:

Մեր հրապարակման մեջ նաեւ գրել էինք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կրճատվել են պիտանի եւ լավ մասնագետները, բայցի այս՝ Հովհաննես Հախինյանը 2011 թվականին, երբ գործարանն արդեն վատ վիճակում էր, մոտ 50 աշխատակիցներ է ընդունել վարչական կազմում, որոնց կարիքը չկար:

Այս առնչությամբ էլ Անուշ Հարությունյանն ասաց, որ յուրաքանչյուրն էլ կարծում է, որ ինքն է պիտանի ու լավ աշխատողը, մինչդեռ, թե ով է կրճատվում, դա որոշում է տնօրինությունը: Ինչ վերաբերում է ուռճացրած կազմին, Հարությունյանն ասաց, որ 5 տարիների ընթացքում կրճատվել են հենց վարչական մասի աշխատողները, իսկ բանվորական կազմից ոչ ոք չի ազատվել:

Ն. Բ.

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031