Լրահոս
Օրվա լրահոսը

Գնում էինք գլխիկոր…

Հոկտեմբեր 08,2014 15:00
aragast

Չիլոյի ընկնելու լուրն առանք առավոտյան, գործի գալուց հետո։ Նախորդ օրը «Առագաստում» տղերքի հետ նստել, մի փոքր էլ գինով էր եղել, հետո վեր էր կացել, աթոռի հետ ետ-ետ գնացել ու հավասարակշռությունը կորցնելով, վերեւի տախտակամածի ցածր պատից շուռ եկել, ընկել էր ցած՝ բետոնի սուր պռնկին կոտրելով ծոծրակը։ Շտապեցինք հիվանդանոց։ Դեմքը ցավագին գունատ, խոսքը բեկված էր, չէինք հասկանում ասածը, բայց հստակ ճանաչում էր բոլորիս։ Շատ էր ուզում ինչ-որ բան ասել, չէր ստացվում, դեմքը ջղաձգվում էր, լարվում, երեխայի պես աչքերով հեգելով ասես խնդրում, ապա անզորությունից անօգնական թուլանում էր՝ լալագին մռնչոց արձակելով։ Այն հզոր, առողջ, ահարկու Չիլոյից բան չէր մնացել…

Ոչ մի տարի աշունն այլեւս այդքան պայծառ, թափանցիկ չեղավ, ու մեռնելն այդքան անhեթեթ, ինչպես 1975-ի այդ զրնգուն օրն էր։ «Առագաստ» սրճարանում, որպես երկրային կյանքի վերջին հանգրվան, դրված էր բանաստեղծի դագաղը։ Դեմքը հանգիստ էր. ասես վերջապես ազատվել էր կյանքի ամենօրյա հարվածներից, ինչը հաճախ խեղդում էր գինով։ Արեւից մի պտղունց շող պոկվել, ընկել էր պաղ երեսին ու արեւով այրված նրա հոգին արեւի թեւով արդեն սլացել, կյանքի աղմուկից հեռացել էր, ձուլվել տիեզերքի անեզր ազատությանը։ Իսկ մենք ցավից կուչ էինք եկել դագաղի կողքին, կարեկցանքի անհասցե բառեր փնտրելով. ննջեցյալը լացող չուներ, մանկատանն էր մեծացել, որդեգրող մայրն այլեւս չկար։ Ողբասացը Ռոզա անունով ուսուցչուհին էր, քսան օր առաջ էին ամուսնացել, ու մեկ էլ «Առագաստի» մեր հարազատ, անդավաճան Նինան, ում աչքի առաջ տեղի էր ունեցել ողբերգությունը։ Սգո թափորը, դագաղն ուսին սրճարանից ուղղություն վերցրեց դեպի համալսարան ու հենց համալսարանի դիմացից էլ տեղավորվեցինք մեքենաների մեջ՝ դեպի Սովետաշենի գերեզմանոց։

Սլավիկ Չիլոյանին էինք տանում հանձնելու հողին ի պահ։

Մեծ չէր հուղարկավորների թիվը, «Գարունի» կոլեկտիվն էր, Չիլոյի մտերիմ ընկերները՝ բանաստեղծներ Հենրիկ Էդոյանը, Դավիթ Հովհաննեսը, Հովհաննես Գրիգորյանը, գրականագետ եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը ու երեւի մի երկու տասնյակի չափ ջահել գրողներ։ Գերեզմանատանը, դին հողին հանձնելուց առաջ տեսա Չիլոյի պաշտելի կնոջը, գեղեցկուհի Ժասմենին՝ խորն ու լուռ ողբալիս։ Ում այնքան գեղեցիկ տողեր էր նվիրել, ում մինչեւ վերջ սիրեց իրեն հատուկ վայրի ու կոպիտ սիրով։ Տղամարդիկ ձեռքերով հողը լցրեցին, մահվան պսակներ չկային, մենք թարմ ծաղիկներ դրեցինք շիրիմին։ Թաղումից վերադարձանք ու Գրողների տան փոքրիկ մի սենյակում հավաքվեցինք հոգեհացի։ Հենրիկ Էդոյանի կինը՝ ջերմ ու բարեսիրտ Ժաննան, մորմոքալով տեղը-տեղին հոգացել էր ամեն բան։ Ճառեր չեղան, ով սիրտ ուներ, այդպես լուռ էլ ցրվեցինք, չհաշտված ճակատագրի անագորույն դատավճռի հետ։ Այսպես ավարտվեց Չիլոյի կյանքի երկրային առասպելը։ Ավելի ճիշտ՝ այնքանը, ինչքանին ես եմ ներկա գտնվել։

Չիլոյին առաջին անգամ տեսա «Գարունի» միջանցքում, ուսերը ետուառաջ թափ տալով, անփույթ, արագ քայլվածքով դեպի մեզ գալիս։ Մինչեւ աչքերի մեջ սեւ, խիտ մազակալած դեմքին ժպիտ էր ու բարություն։ Հիմա էլ իմ հուշերի խորքից այդպես է երեւում՝ անփույթ, արագ քայլվածքով դեպի մեզ գալիս, թեպետ շատ անգամ ենք նստել, խոսել «Գարունի» իմ փոքրիկ խցում։ Եթե ես ժամանակի հարցում սխալվեմ, ընկերներս կուղղեն ինձ։ Կարծես նոր էր բանտից ազատվել, հստակ չգիտեմ՝ ինչ հոդվածով էր դատվել, եւ քանի անգամ, գիտեմ միայն, որ տարիներ առաջ Լենինի ծննդյան օրը, «Սովետական Հայաստան» թերթում տպվել էր նրա մի բանաստեղծությունը, որտեղ խորհրդային ԿԳԲ-ն հայհոյանք էր նկատել առաջնորդի հասցեին, հեռացրել էին թերթի մի քանի աշխատողի։ Իսկ Չիլոյի նման վայրի, հույզերի ժայթքումը չզսպող մարդու վրա միշտ էլ կարելի էր մեղադրանք սարքել։ Ու անդադար սարքում էին։ Այս ամենը լսել եմ «Գարունի» իմ ընկերներից, ովքեր Չիլոյին գիտեին դեռ համալսարանից։ Պատմում էին նաեւ նրա համալսարանական արկածները՝ էշին հեծած լսարան մտնելու ու՝ ընկեր Մկրյան, երեք մանեթ կտաս, էշի հետ դուրս կգամ, չէ, ուրեմն չէ։ Ու նման շատ պատմություններ։ Հենրիկ Էդոյանն էր կարծեմ պատմում, թե առավոտյան, գործի գնալիս ոնց էր դուռը մի կերպ հրելով բացել ու դռան դեմը, ձյան հաստ շերտի տակ գտել էր մանկան պես անխռով քնած Չիլոյին։ Արթնանալուց հետո, ձյունը թափ տալով վրայից, առույգ ճմլկտվել էր այնպես, ասես մոր փռած անկողնուց էր վեր կացել։ Հնարովի էին այս պատմությունները, թե իրականություն, մեկ է, մենք հավատում էինք ու փռվում ծիծաղից։ Նրա ֆիզիկական հզոր ուժի մասին առասպել կթվար իմ լսածները, եթե աչքովս չտեսնեի նրա ամեհի «հարձակման» հետեւանքը։

Կհիշեք «Գարունի»՝ «Առագաստին» նայող բոյեբոյ ապակուց պատուհանները։ Սրանք ընկնելու վտանգից, մինչեւ գոտկատեղ ներսից պաշտպանված էին երկաթե ամուր, հաստ ճաղաշարով, որի երկու ոտքերը մանրահատակի տակ ամուր թաղված էին բետոնի տակ։ Էհ, Չիլոյի գազանացած զայրույթի առաջ ինչ ցեմենտ, ինչ բետոն։ Ահա, այդ սենյակի դուռը մի օր շրխկոցով բացել, խփել էր պատին ու թե՝ ուր է Վարդգեսը, եկել եմ Վարդգեսին սպանեմ։ «Խոստացել էր էս համարում ստիխներս դնի, խաբել է»։ Վարդգեսն էլ դուռը ներսից կողպել, պախկվել էր, Չիլոն էլ վստահ, որ Վարդգեսը ներսում է, ցուլի մռնչյունով, քաշել, քոքահան էր արել պատուհանի երկաթե ճաղաշարի մի ոտը, որ տանի, երկաթով սպանի Վարդգեսին։ Վաչոն ու մի քանի տղամարդ նետվել էին զսպելու գազանին ու մի կերպ համոզել էին, տարել դուրս։ Ու էդ ճաղաշարի մի ոտը էդպես էլ մնացել էր օդի մեջ, որպես մերօրյա բիբլիական ուժի ու հզորության առհավատչյա։ Այդ մասին ինձ պատմեց մեր տեխնիկական խմբագիր, երջանկահիշատակ բանաստեղծ Վաչագան Հովհաննիսյանը։
Սլավիկ Չիլոյանի հետ իմ բարեկամությունը սկսվեց, երբ Դավիթ Հովհաննեսի ու մյուս տղաների հետ եկան, խմբագրության դուրս գրած գույքը՝ հին աթոռ, գրասեղան, տանելու։ Չիլոյի համար տուն էին վարձել, կահավորում էին։ Այդ նույն օրը, մի քանի ձեռագիր բանաստեղծություն ձեռքին, վեհերելով խնդրեց, որ մեքենագրեմ ամսագրի համար։ Իսկույն հասկացա, որ ամսագրի համար չի, գիրքն է ուզում հանձնել տպագրության, մեքենագրուհուն վճարելու փող չունի։ Ասացի՝ բեր, ամբողջը ես ազատ ժամերիս կմեքենագրեմ։ Հուզվեց, լայն ժպտաց ու հաջորդ օրն ամբողջ արխիվը վերցրած, եկավ։ Ասաց՝ խնդրում եմ պահիր մոտդ, վախենում եմ կորչեն, երբ լրիվ տեղափոխվեմ իմ տուն, կգամ կտանեմ։ Հիշում եմ՝ մի քանի թղթապանակ՝ ձեռագիր բանաստեղծություններ, Ժակ Բրելի գործերի թարգմանությունները. նրանք բարեկամներ էին եղել ու նամակագրական կապի մեջ։ «Ռոլանդի երգը» էպոսի ոչ ամբողջական թարգմանությունն էր եւ շատ ուրիշ գործեր։ Այսինքն՝ ինչը որ ես հասցրի մեքենագրել, ինչը որ տարավ հրատարակչություն, ես չեմ նայել բոլոր թղթապանակները, կոռեկտ չէր, ինքն էր գալիս, գրասեղանիս դարակից հանում էր թղթապանակն, ընտրում գործերն ու տալիս էր ինձ։ Մի օր էլ խնդրեցի, որ Ժակ Բրելի մի բանաստեղծությունը ֆրանսերեն կարդա։ Տեր Աստված, այդ խելառ, մազի մեջ կորած վայրենի դեմքը ոնց փոխվեց, ոնց գեղեցկացավ ու փայլեց։ Հիշում եմ՝ գիրքը հանձնել էր հրատարակչություն, մտցրել էին եսիմ որ թվի պլանի մեջ, նույն օրը սուր էր քաշել հրատարակչության հաշվապահի գլխին, վաղօրոք ստացել էր երեսուն տոկոս հոնորարն ու ուղիղ եկել էր «Առագաստի» առաջին հարկ՝ Լիլիկի մոտ սեղան գցելու։ Խաբար էր արել, բոլորիս կարգադրել էր իջնել խմելու։ Երբ գործից հետո իջանք ու դեռ հեռվից լսեցինք Վահագն Մուղնեցյանի երգի ձայնը, հասկացանք, որ Չիլոյի գրքի առաջիկա հոնորարն էլ էր արդեն խմվել, պրծել։

Այսպես շարունակվեց, մինչեւ աշնանային այն պայծառ օրը, երբ աշունն այլեւս այդքան թափանցիկ չեղավ, ու մեռնելն այդքան անhեթեթ։ Երբ գիշերների պաղից զուլալված լճի մակերեսին արեւոտ զեփյուռը հեզ ու հանդարտիկ օրորում էր ուռենու կանաչ, դեղին տերեւները, մենք էլի սիրում էինք աշխարհն ու կյանքը, Նինային, «Առագաստը»։ Պակասել էր միայն մեր կյանքի տաղտուկ տափակությունը փշրող, ոգու կապանքներ չճանաչող քաղաքի խորհրդանիշը, ու քաղաքը մի տեսակ զրկվել էր իր փայլից։
Իսկ բանաստեղծի արխիվը, ամենը, ինչ տվել էր ինձ ի պահ, կարճ ժամանակ անց հավաքեցի, կապեցի ու հանձնեցի նրա մտերիմ ընկերներից բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին։ Տասնամյակներ անց, 1992 թվականին, ընկերների ջանքերով միայն տպագրվեց Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» միակ ժողովածուն։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031