Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կին լինելը բարդ մասնագիտություն է»

Հոկտեմբեր 08,2014 14:00

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի տիկին Ելենա Կուխտան խոստովանում է, որ հայուհիներից սովորել է շատ սիրել ու շատ լռել

Վերջերս կայացած «Ուղեւորություն բրազիլական երաժշտությամբ» խորագրով բրազիլական երաժշտության համերգի ժամանակ իբրեւ երգիչ ելույթ ունեցավ ոչ միայն Հայաստանում Բրազիլիայի արտակարգ ու լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն, այլեւ անակնկալ մատուցեց Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի տիկին Ելենա Կուխտան: Վերջինս կատարեց «Իպանեմա» հայտնի երգը: Ու այնքան պրոֆեսիոնալ, որ դահլիճը պայթեց ծափահարություններից:

«Առավոտը» զրուցեց տիկին Կուխտայի հետ, հետաքրքրվեցինք՝ արդյոք երաժշտական կրթություն ունի՞ դեսպանի կինը:

«Ես փոքրիկ գաղտնիք կբացահայտեմ ձեզ համար, ես Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի եմ, պրոֆեսիոնալ երգչուհի, ավարտել եմ Կիեւի մշակույթի եւ արվեստի ակադեմիան: Սկսել եմ քիչ հանդես գալ, քանի որ ամուսնուս աշխատանքի բերումով ստիպված ենք տեղից տեղ տեղափոխվել: Այդ պակասը փորձում եմ լրացնել գոնե որեւէ երկրի ազգային միջոցառման շրջանակներում ինչ-որ բան ներկայացնելով»,- պատասխանեց տիկին Կուխտան:

b2

Իսկ իրեն դո՞ւր է եկել Հայաստանը: «Շատ եմ սիրում Հայաստանը, եւ կլիման եմ հավանում, եւ մարդկանց ջերմությունը: Իմիջիայլոց, նաեւ հայերեն եմ երգում՝ «Էրեբունին», Օրբելյանի «Իմ Երեւանը», հաճույքով եմ երգում ձեր երգերը: Ինձ միշտ թվացել է, թե չեմ կարող հայերեն երգել, ուրախ եմ, որ հաջողվել է»,- ասում է մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ հնարավո՞ր է մենահամերգ ունենա Հայաստանում կամ հանդես գա որեւէ անսամբլի հետ: «Շատ եմ ուզում, արդեն հանդես եմ եկել «Կադանս» անսամբլի հետ, հրաշալի երաժիշտներ են: Կարծում եմ՝ իրենց հետ ինչ-որ նախագիծ կանենք»,- նշեց Հայաստանում Ուկրաինայի դեսպանի տիկինը:

«Շատ եմ կարոտում Ուկրաինան, ու գիտակցում եմ, որ դիվանագետի հետ ապրելը նույնն է, ինչ ապրես զինվորականի հետ: Քսան տարի է՝ ամուսնացած եմ, նրա հետ մեկնում եմ այն երկրներ, ուր ինքն է գնում: Այդ պարագայում քո մասնագիտությունն այդքան չի կարեւորվում, ամբողջությամբ նվիրվում ես ամուսնուդ, ճիշտ այնպես, ինչպես ընդունված է ձեզ մոտ՝ Հայաստանում: Ինձ շատ են դուր գալիս ձեր ավանդույթները, հայուհիների շնորհիվ հասկացել եմ, որ ավելի շատ ժամանակ եւ ուշադրություն պետք է հատկացնեմ ամուսնուս, շատ սիրեմ ու շատ լռեմ»,- հավելում է մեր զրուցակիցը:

Իսկ դժվա՞ր է լինել դիվանագետի կին: «Կարծում եմ՝ կին լինելն է ընդհանրապես դժվար, լինի դիվանագետ, ինժեներ, շինարար, թե վարչապետ: Կին լինելը նույնպես մասնագիտություն է, այն էլ բարդ մասնագիտություն»,- համոզված է տիկին Կուխտան:
«Առավոտի» հետ զրույցում նա պատմեց, որ ամուսնու հետ շրջել է ողջ Հայաստանով մեկ, ասում է՝ գյուղ ու քաղաք բաց չի թողել, ամեն ինչ տեսել է. «Մխրճվել ենք ձեր հնամենիության, ազգային ավանդույթների մեջ: Կարծում եմ, եթե ուզում ես ճանաչել, թե ինչպիսին է տվյալ ժողովուրդը, պետք է նրա ավանդույթներն իմանաս, երգես նրա երգերը, պարես պարերը, օգտվես ազգային խոհանոցից: Ես ձեր ժողովրդին մաղթում եմ լավ կյանք ու լավ ապագա: Թող հաջողությունը մշտապես ուղեկցի հայ ժողովրդին: Շատ եմ սիրում հայկական ամեն ինչը, այդ թվում՝ խոհանոցը, մասնավորապես՝ խեցգետնի քյաբաբը: Հայերն ու ուկրաինացիները ընդհանրություններ ունեն, նման են բարությամբ, բացսրտությամբ, չէ՞ որ քրիստոնյաներ ենք, ընդհանուր արժեքներ ունենք: Ես Երեւանում ինձ այնքան լավ եմ զգում, ասես տանը լինեմ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031