Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանը Հայաստանը չէ»

Հոկտեմբեր 08,2014 13:30

Ըստ Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի՝ ՀՀ մյուս քաղաքներն ու գյուղերը սպասում են գրադարանների զարգացման լուրջ վերափոխումների:

Տարիներ առաջ «Առավոտի» զրույցը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի (լուսանկարում) հետ այնքան էլ դրական երանգներ չուներ: Տիկին Կարապետյանը մտահոգություն էր հայտնում գրադարանների վերանորոգման, ջեռուցման, կահավորման եւ այլ խնդիրների հետ կապված: Տնօրենի խոսքերով, այսօրվա ընթերցողը գրադարան այցելելուց ակնկալում է լիարժեք տեղեկատվություն ժամանակակից միջոցներով (էլեկտրոնային գրքեր, կրիչներ, թվային բազաներ), գումարած գեղարվեստական միջավայրը, ազատ ժամանցը կազմակերպելու տարատեսակ գործառույթները (շնորհանդեսներ, դասախոսություններ, հանդիպումներ անվանի մտավորականների հետ եւ այլն):

Այսօր արդեն Գրադարանավարի օրվա առիթով Հասմիկ Կարապետյանը նշեց, որ կոնկրետ իրենց համակարգում չկան չնորոգված գրադարաններ (Իսահակյանի անվան գրադարանն ունի 7 մասնաճյուղ): «Քաղաքապետարանի՝ Գրադարանների զարգացման ծրագրերով իրենց համակարգում ընդգրկված գրադարաններն ունեն կենտրոնացված ջեռուցում: Հրաշալի վերանորոգվել է թիվ 33 գրադարանը (Կիեւյան 1,3): Մինչեւ 2017թ. նախապատրաստվել են նաեւ մնացած մասնաճյուղերի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերը: Կարճ ասած՝ 2017թ. մեր համակարգում կլինեն միայն ու միայն վերանորոգված գրադարաններ»,- հայտնեց տնօրենը: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ օրերս էլ քաղաքապետարանից պահանջել են նոր կահույքով, տեխնիկական միջոցներով համալրելու պահանջագրերը եւ վստահ է, որ դրանք անարդյունք չեն լինի: Նշեց, որ 2 տարվա ընթացքում քաղաքապետարանի ծրագրով գրադարանային ֆոնդը համալրվել է 20000 նոր գրականությամբ:

Հետաքրքրությանը՝ փաստորեն, այլեւս ոչ մի պահանջ կամ խնդրանք գրադարանը չունի՞, տիկին Կարապետյանը պատասխանեց. «Ուզում եմ օգտագործել այս տոնական առիթը եւ բարձրացնել Իսահակյանի անվան գրադարանի տանիքին երկրորդ հարկ կառուցելու հարցը: Օրական 1000-1200 այցելուի պարագայում մեր տարածքն այլեւս չի բավարարում: Մեզ մոտ սովորական երեւույթ է էլեկտրոնային գրքերի թվայնացված բազաների անվճար տրամադրումը, լեզուների անվճար ուսուցումը, ֆիլմերի անվճար ցուցադրումը… Գրադարանում գործում են բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ գրքամոլների, գրական ու թատերական ստուդիաներ եւ այլն: 2013թ. հունվարից մենք իրականացնում ենք հայկական առաջին գրադարանային էլեկտրոնային ծրագիրը՝ ԷԼԳՐԱԴ, որը մշակել է նախկին Մերգելյան, այսօր՝ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը: 2015-ի հունվարից էլ այդ ծրագրին կմիանան համակարգի 3 մասնաճյուղերը»: Ավ. Իսահակյանի անվան գրադարանի տնօրենն անդրադարձավ ֆոնդերում գտնվող մաշված ու արդիականությունը կորցրած մեծ քանակի գրականությանը. «Ընթերցողին չի կարելի հրամցնել նման գրականություն, եւ վաղուց հասունացել է դրանց վերահրատարակման անհրաժեշտությունը»:

Տիկին Կարապետյանի ձեւակերպմամբ՝ իրենք կարեւորում են օտարերկրյա հեղինակների բարձրարժեք գրականությունը հայերեն թարգմանելու խնդիրը. «Մենք վերահրատարկման անհրաժեշտություն ունեցող ցանկեր ենք դնում հրատարակիչների սեղանին՝ նրանց հավաստիացնելով, որ հանձինս գրադարանների՝ թարգմանված, վերահրատարակված, արժեքներն ունեն իրենց գնորդները»: Հավելեց նաեւ, որ իրենք մանկավարժական մոտեցումներին զուգահեռ՝ երեխաների գեղագիտական հարցերում մեծ նշանակություն են տալիս հրատարակված մանկապատանեկան գրականության ակնահաճո, գեղեցիկ դիզայնին:

Այսօր ի՞նչ խնդիրներ ունի հայաստանյան գրադարանային ոլորտը հարցին էլ՝ Հասմիկ Կարապետյանն այսպես պատասխանեց. «Չասել, որ խնդիրներ չկան, հեռու է իրականությունից, իհարկե՝ Երեւանը Հայաստանը չէ… Հանրապետության մեծ ու փոքր քաղաքներ ու գյուղեր սպասում են գրադարանների զարգացման լուրջ վերափոխումների»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031