Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոսրով Հարությունյանը կասկածի տակ է դնում Լեւոն Զուրաբյանի քայլերը

Հոկտեմբեր 08,2014 12:30

Հայկական պատվիրակությունը
ԵԽԽՎ-ում դիվանագիտական պարտություն չի կրել

ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, ինչի հիման վրա էլ հետագայում ընդունվելու է բանաձեւ: Սրա վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե զեկույցի վերնագիրն այլեւս փոփոխման ենթակա չէ, եւ որ ԵԽԽՎ-ում զեկուցող են նշանակել Ռոբերտ Վալտերին, որը հայտնի է իր պրոադրբեջանական կողմնորոշումով: Լեւոն Զուրաբյանն այս ամենում մեղադրեց ՀՀ իշխանությանը, ասելով, թե 3-4 ձայն է պակասել, որ զեկուցողը գոնե փոխվեր, սակայն Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն տվել: Կատարվածն ավելի խայտառակ ձեւով մեկնաբանվել է ադրբեջանական ԶԼՄ-ներում, ըստ որոնց՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվել, նախագահությունը բարձրախոսներն ու հայերեն թարգմանությունն անջատել է տվել, մեր պատվիրակությանը դուրս հանել դահլիճից եւ սպառնացել են սանկցիաներ կիրառել: Սրա վերաբերյալ «Առավոտը» զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ:

Պատասխանելով հարցին՝ արդյոք կատարվածը դիվանագիտական պարտությո՞ւն է, որը նաեւ թուլացրեց Հայաստանին ու ԼՂՀ-ին, Խոսրով Հարությունյանն ասաց. «Նախ դա զեկույց չէ, ուղղակի ԵԽԽՎ բյուրոն որոշում է կայացրել այդ անվանումով զեկույց ու զեկուցող նշանակել, որի նախաձեռնողները իսպանական, հունական եւ իտալական պատվիրակության անդամներ են եղել ու այս ամենը պարզապես Ադրբեջանի խավիարային դիվանագիտության հետեւանք է եւ այդ մասին նաեւ մեր պատվիրակությունն է այնտեղ հայտարարել: Խնդիրը կայանում է նրանում, որ ԵԽԽՎ-ն փորձում է միջամտել մի պրոցեսի, որն իր մանդատից դուրս է: Այնտեղ շատ լավ գիտեն, որ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման խնդիրը վերապահված է ԵԱՀԿ կառույցին, մասնավորապես՝ Մինսկի խմբին եւ մեր պատվիրակության հորդորին, որ դուք, ըստ էության, միջամտում եք մի ոլորտի, որը ձեր գործունեությունից դուրս է՝ ցավոք, խորհրդարանականների վրա ազդեցություն չի թողել:

Երկրորդն էլ՝ ըստ էության, խոսքը գնում է կոնֆլիկտի բանաձեւի փոփոխման մասին է, որը չեն էլ գիտակցում, որեւէ միջազգային փաստաթղթում ԼՂՀ-ն չի դիտվում Ադրբեջանի օկուպացված տարածք եւ մեր պատվիրակության հայտարարությունն այն մասին, որ եթե դուք շարունակեք այսպես, եւ փորձեք դե ֆակտո կոնֆլիկտի բանաձեւը նենգափոխել, ապա մենք կհրաժարվենք այդ հանձնաժողովի, կամ ձեր ստեղծած զեկույցի շուրջ համագործակցելու բոլոր հնարավորություններից, իմ կարծիքով՝ լիարժեք դիրքորոշում էր: Մենք չպետք է մոռանանք, որ սա խորհրդարանական կառույց է, որտեղ քվեարկությամբ են որոշում հարցերը եւ որտեղ կան տարբեր հետաքրքրություններ:

Պետք է արձանագրենք, որ ԵԽԽՎ-ն, ցավոք, աստիճանաբար սկսում է դավաճանել իր իսկ դավանած արժեքներին եւ սկզբունքներին: Որպես օրինակ նշեմ, որ այսօր ԵԽ-ն նախագահում է Ադրբեջանը, մի երկիր, որտեղ լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնություններն այլեւս միջազգային հանրության համար ակնհայտ փաստ է ու սրա ֆոնին փոխանակ պատգամավորները մտահոգվեն, որ ԵԽ-ն զիջել է մի պետության, որտեղ մարդու իրավունքներն ամեն ժամ ոտնահարվում են, եւ փոխանակ նման խնդիրները քննարկման առարկա դարձնեն, որի մասին մեր պատվիրակները բազմիցս ասել են, նրանք գնում են այլ ճանապարհով, իսկ սա խոսում է այն մասին, որ ԵԽԽՎ-ն աստիճանաբար կորցնում է իր քաղաքական միջազգային հեղինակությունը եւ այսպես մտածում են նաեւ եվրոպացիների շրջանում:

Այս պայմաններում, այս բանաձեւը, բյուրոյի կողմից նման զեկույց նախապատրաստելու խնդիրը մնաց օրակարգում: Ես սա չեմ համարում դիվանագիտական պարտություն: Եվ ուզում եմ հիշեցնել, որ ԵԽԽՎ ղեկավարությունը մինչ այս փորձեր էր արել շփվել Մինսկի խմբի համանախագահների հետ, նրանք մերժել էին, ասելով, որ սա ձեր մանդատի խնդիրը չէ: Ցավոք, սա խորհրդարանական կառույց է ու այնտեղ ամենատարբեր որոշումները կարող են կայացվել, բայց այս զեկույցը լսվելուց հետո գնալու է նախարարների կոմիտե, որտեղ նստած են մարդիկ, որոնք մեծ քաղաքականություն են իրականացնում եւ պատասխանատու են այդ քաղաքականության համար, համոզված եմ, անկասկած կմերժեն կամ անպատասխան կթողնեն սա: Այս ամենն ադրբեջանցիների համար ընդամենը դառնալու է քաղաքական շոու սարքելու բան: Ես քաղաքական լուրջ հետեւանքներ չեմ տեսնում»:

Դիտարկմանն էլ՝ Լեւոն Զուրաբյանը Հայաստանի իշխանություններին մեղադրեց մատը մատին չտալու պատճառով դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվելու համար, նաեւ այն բանի համար, որ նվաստացած է զգացել, երբ տեսել է, թե ինչպես են ԵԽԽՎ-ում սուլում Հայաստանի պատվիրակներին, թուղթ գցում, Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ մանրամասների չի տիրապետում եւ ավելացրեց. «Ինչ է նշանակում պատվիրակության անդամ: Լեւոն Զուրաբյանն այնտեղ ՀԱԿ-ը չի ներկայացնում, Հայաստանն է ներկայացնում: Երբ հայկական պատվիրակությունը նախաձեռնում էր Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները կասեցնելու վերաբերյալ նախաձեռնություն, նույն Լեւոն Զուրաբյանը, ինքը որեւէ քայլ այս ուղղությամբ արե՞լ է, կամ՝ մի քայլ արե՞լ է ադրբեջանական այդ նախաձեռնությունը ձախողելու ուղղությամբ, կներեք, թույլ տվեք կասկածել: Թող նա առարկայորեն ասի, թե ի՞նչ է արել, որեւէ մեկի հետ բանակցե՞լ է, ի վերջո, ֆրակցիա է այնտեղ ներկայացնում, որեւէ կոմիտեի կազմում է, փորձե՞լ է, արդյոք, համախոհներ ձեւավորել: Եթե խոսում ենք ձախողման մասին, ապա ոչ թե միայն իշխանությունների, այդպես ճիշտ չէ, որ ես օպոզիցիա եմ, ապա պատասխանատվություն չեմ կրում: Այս որոշման դեմ է քվեարկել քառասունմեկ հոգի, իսկ դա ուղղակիորեն արտաքին գործերի նախարարության, դեսպանատների աշխատանքների արդյունքում»: Պարոն Հարությունյանը հավելեց, որ կատարվածը դիվանագիտական պարտություն համարելը՝ նշանակում է ցանկալին իրականության տեղ ներկայացնել:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031