Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայից ժամանած արվեստագետ. «Պետք է ֆոբիաներից ազատվել»

Հոկտեմբեր 07,2014 23:57

Երիտասարդ արվեստագետներ Լիդիա Ղազարյանը եւ Վահե Հակոբյանը օրերս են վերադարձել Ստամբուլից: Նրանք մասնակցում էին Հանրային լրագրության ակումբ և Անադոլու Քուլթուր հասարակական կազմակերպությունների «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Նկարիչների փոխայցելություններ» նախագծի ստամբուլյան փուլին:

Նախագծի շրջանակներում տասական երիտասարդ հայ եւ Թուրքիայում ստեղծագործող արվեստագետներ իրենց ղեկավարների հետ մի շարք միջոցառումներ իրականացրեցին սկզբից Երեւանում, հետո արդեն Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ ծանոթանալով երկու երկրների արվեստին ու ստեղծագործական կյանքին:

Լիդիա Ղազարյանն ասում է, որ առաջին անգամ էր երկրից դուրս գալիս, ու շատ ոգեւորված էր, որ հենց Ստամբուլ պետք է գնար: «Ես ոնց որ պատրաստ լինեի այդ ամեն ինչին՝ բուռն իրադարձություններ, նորություններ: Ինչը, որ ես տեսա, իմ պատկերացումների մեջ կար, նույնիսկ կարող եմ ասել՝ այնտեղ ինձ հարազատ ինչ-որ բան գտա»,- ասում է նա: Նշում է, որ հարեւան երկրի երիտասարդ արվեստագետների հետ շփման ընթացքում ցեղասպանության եւ հարաբերությունների լարվածության մասին քիչ են խոսել, ավելի շատ ցանկացել են, որ քննարկման առարկան լինի արվեստը:

10689781_742406815807104_3011954254067493450_n

«Երկարատեւ երկխոսություններ չեն էլ եղել, կարճ ձեռքով-ոտքով, ժպիտներով, միմիկաներով ենք շփվել: Մեր հետ թարգմանիչ է եղել, մի քանի նախադասությամբ ենք հաղորդակցվել միմյանց հետ: Ավելի շատ իրար էներգիաներ էինք տալիս»:

Լիդիա Ղազարյանը նշում է, որ Թուրքիայում ստեղծագործող մասնակիցների մեկը քննարկումներից մեկի ժամանակ ասաց, որ  իրենց մոտ հենց դպրոցներում քարոզում են հայատյացություն: «Ես զգացի, թե ինքը ինչքան ուժ է գտել իր մեջ, որ մասնակցի այդ ծրագրին, իր միջավայրն էլ իրեն խանգարում էր, որպեսզի մասնակցեր այս ծրագրին: Ընդհանրապես կարծում եմ, որ բոլորս էլ ինչ-որ չափ քաջ ենք գտնվել, որ մասնակցել ենք նմանատիպ նախագծի»:

Ասում է՝ ծրագիրը փորձառություն էր նրա համար. հնարավորություն շփվելու դրսի արվեստագետների հետ ու, ինչու չէ, տեսնելու Ստամբուլ քաղաքը:

Վահե Հակոբյանն էլ ափսոսում է, որ քիչ ժամանակ անցկացրեց Ստամբուլում . «Երբ հրաժեշտ էի տալիս, ասացի այդ մասին, իրենք ասացին, որ նույնիսկ Ստամբուլում ապրողները ժամանակ չեն ունենում ամբողջ քաղաքը տեսնելու համար(ծիծաղում է-հեղ) Ստամբուլը մշակույթների խառնուրդների քաղաք էր, կարող էիր տարբեր ժամանակաշրջանների շինություններ տեսնել, եւ ամեն ինչը այնքան ճիշտ էր, իրար կողք ու մեկը մեկին չխանգարող»,- ասում է նա:

Վահեն նշում է, որ չնայած ընտանիքում երեխա ժամանակվանից միշտ խոսել են, որ թուրքերը թշնամիներ են, սակայն ինքը դա չի ընդունել, ասում է. «Պետք է ֆոբիաներից ազատվել»:

Լիդիա Ղազարյանն էլ ավելացնում է, որ նմանատիպ ծրագրերի պետք է մասնակցի, նման փուլ պետք է անցնի յուրաքանչյուր հայ:

 

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ընթերցող says:

    “չնայած ընտանիքում երեխա ժամանակվանից միշտ խոսել են, որ թուրքերը թշնամիներ են, սակայն ինքը դա չի ընդունել”:
    Թուրքերն էլ անկեղծությունն ավելի շուտ կնդունեն, ինչպես և ամեն մարդ, քան թե կեղծ “ֆոբիաներից ազատվածին”:

  2. yervant says:

    ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՆՈՐՈՅԹ ­-
    ՓՈԽԱՆԱԿ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ ԳՆԱԼՈՒ ԹՈՒՐՔԻԱ ԿԸ ԳՆԱՆ ՈՒԽՏԻ
    ԵՒ ԿԸ ՅԱՅՏՆԱԲԵՐԵՆ ՈՐ ՄԵՐ ՊԱՊԵՐԸ ՍԽԱԼԱԾ ԵՆ ` ԹՈՒՐՔԵՐԸ
    ԲԱՐԻ ԵՆ ՄԵՆՔ ԵՆՔ ՉԱՐԸ ՈՐ ԶԻՐԵՆՔ ՉԵՆՔ ՀԱՍԿՑԱԾ ՄԻՆՉԵՒ ՀԻՄԱ։
    Այլ դարք այլ բարք պիտի ըսէր Յակոբ Պարոնեան։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031