«Ցանկացած անկախ մարդ, ով որ այդ ներկա չի եղել Կոմիտաս 5 հասցեում, տեսնելով տեսանյութերը նրա համար ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն այդ օրը գործել է որպես սեռական մոլագարների հանցախումբ»,- այսօր՝ հոկտեմբերիր 7-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:
Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկաններ ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:
Արգիշտի Կիվիրյանն ակնհայտ է համարում, որ ոստիկանությունը փոխարեն կատարի իր գործառույթները, Կոմիտաս 5-ում փնտրում է կանանց, որպեսզի սեռական ոտնձգության ենթարկի. «Արաբկիրի փոխոստիկանապետն աղջկան նստեցնում է իր ծնկներին եւ այդ վիճակով է տանում ոստիկանության բաժանմունք: Այսինքն՝ տվյալ պարագայում մենք ոչ թե գործ ենք ունեցել ոստիկանների հետ, այլ գործ ենք ունեցել սեռական մոլագարների հանցախմբի հետ: Եվ ինչքան էլ ուզում է՝ մեղադրողը հայտարարի, որ չի երեւում, ուրեմն՝ տեսողության հետ կապված խնդիրներ ունի»:
Պարոն Կիվիրյանի խոսքերով՝ տեսանյութերում պարզ երեւում է, որ ոստիկանությունը ոչ միայն բռնություն է գործադրում նաեւ լրագրողների նկատմամբ՝ խոչընդոտելով նրանց աշխատանքը: Դատավոր Արթուր Մկրտչյանը ընդհատեց Արգիշտի Կիվիրյանին՝ հորդորելով խոսել առանց վիրավորանքների, ի պատասխան նրան՝ Արգիշտի Կիվիրյանը բացականչեց. «Դատական նիստերի ընթացքում Ձեր մշտական այս պահվածքից ելնելով ես գիտեմ՝ ինչ դատական ակտ է կայացվելու»:
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց՝ հաջորդ դատական նիստին տուժողի ներկայությունն ապահովելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ