Այսօր՝ հոկտեմբերիր 7-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում կողմերը դիտեցին 2013 թվականի օգոստոսի 24-ին Կոմիտաս 5-ում ԶԼՄ-ների կատարած տեսանյութերը:
Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, դիտելով տեսանյութը, դատարանի ուշադրությանը հրավիրեց մի շարք կադրերի վրա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սակայն մեղադրող Երիցյանը համաձայն չէր փաստաբանի կարծիքի հետ՝ պատճառաբանելով, որ տեսանյութը մոնտաժված է եւ միայն անհրաժեշտ պահերն են ցուցադրվել. «Մենք մատնացույց ենք անում, թե Վրթանեսյանը վրդովվում է, բայց մինչեւ այդ երաժշտություն է միացված եւ չի լսվում, թե ի՞նչ է ասում Արգիշտի Կիվիրյանը կամ մեկ ուրիշը, երբ հերթը հասնում է Վրթանեսյանին երաժշտությունն ընդհատվում է եւ կեսից են ցույց տալիս, բայց մինչեւ այդ չի երեւում, թե ի՞նչ է եղել: Վերջում ասում է՝ «մի՛ խփի, նկարահանում ա», այնտեղ ասում է՝ «մի՛ խփի», բայց նկարահանումը գրված է»:
Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ տեսանյութի մոնտաժված լինելը բոլորի համար էլ ակնհայտ է. «Այո՛, կատարված է մոնտաժում, եւ այն հատվածները, որոնք էական են, որտեղ կատարվել է բռնություն, այդ հատվածների փոքր մասն այստեղ հավաքագրված է: Մոնտաժ կատարել չի նշանակում կեղծել, եթե հիմա մեղադրողն ասի, թե կեղծված է, դա ուրիշ խնդիր է»:
Փաստաբանը նկատեց նաեւ,որ քննիչի կատարած զննությունը չի համապատասխանում տեսագրությանը. «Ակնհայտ է՝ զննությունը կատարվել է մեղադրական ուղղվածությամբ եւ ի օգուտ Վրթանեսյանի»:
Հիշեցնենք՝ 2013 թվականի օգոստոսի 24-ին Արգիշտի Կիվիրյանը մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ