Հոկտեմբերի 9-ին կառավարությունը հավանություն կտա «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ֆինանսների նախարարության առաջարկին: Ըստ այդմ, առաջարկվում է ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չտարածել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք:
Ֆիննախի ներկայացրած հիմնավորման մեջ նշված է` «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչեւ պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով:
Մասնավորապես, առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաեւ ապրանքային մնացորդների ձեւանմուշի լրացման հմտությունների պակասով»:
Ըստ կառավարություն ներկայացրած փաստաթղթի, օրենքի փոփոխության նպատակը առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել երկար ժամկետների սահմանումն է: Սրա արդյունքում կառավարությունն ակնկալում է, ինչպես նշված է կայքէջում, առեւտրական գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել հարմար պայմաններ ստեղծել:
Նախագծին հավանություն տալուց հետո, այն ուղարկվել է Ազգային Ժողով:
Հիշեցնենք, որ ՓՄՁ ներկայացուցիչներն երեկ հանդիպել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը նրանց ուղարկել է ֆինանսների նախախար Գագիկ Խաչատրյանի մոտ` խնդիրը քննարկելու, իսկ երեկոյան պաշտոնական հաղորդագրություն էր տարածվել, թե ինչ փոփոխություններ են լինելու:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ