Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստի ընթացքում կողմերը դիտեցին քննչական փորձարարությունը:
Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի՝ Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց, որ փորձարարությանը մասնակցած ստատիստը իր կազմվածքով չի համապատասխանում Արգիշտի Կիվիրյանին: Քննչական փորձարարության ընթացքում ոստիկան Վահրամ Վրթանեսյանը նշել էր, որ ոստիկանության մեքենայում զգալով, որ Արգիշտի Կիվիրյանը հանգիստ է, թուլացրել էր ձեռքը: Փաստաբանը համարում է, որ այդ պայմաններում Արգիշտի Կիվիրյանը չէր կարող հարվածել դռան բռնակին եւ ինքն իրեն վնասել.
«Եթե ուշադրություն դարձնեք Վրթանեսյանը, որը ձեռքն արդեն թուլացրել է, իր ձեռքը խանգարում է, որ ստատիստը գլուխն իջեցնի ներքեւ: Վրթանեսյանը ձեռքը թողեց, բարձրացրեց վերեւ, տարավ հետ, որպեսզի նա կարողանա գլխով հարվածել: Այսինքն՝ եթե, ըստ Վրթանեսյանի, ինքը նույնիսկ թուլացրել էր ձեռքը, Արգիշտի Կիվիրյանը չէր կարող գլխով հարվածել այդ մասին, որովհետեւ ձեռքը խանգարում է: Վրթանեսյանը նույնիսկ այստեղ ձեռքը ստիպված բարձրացնում է վերեւ, որ ստատիստը կարողանա գլուխն իջեցնել ներքեւ, եւ նույնիսկ այդպես հարմար չէ. Ստատիստը տեղավորվում է, հետ է շարժվում, որպեսզի գլխով հարվածի այդ մասին: Ընդ որում՝ ստատիստը փոր չունի՝ ի տարբերություն Արգիշտի Կիվիրյանի»:
Կարդացեք նաև
Լուսինե Սահակյանը համարում է, որ ստատիստը պետք է նման լիներ Արգիշտի Կիվիրյանին, եւ նման ստատիստ գտնելու համար առնվազն պետք է քննչական գործողություն անցկացնեին Կիվիրյանի մարմնակառուցվածքը ստուգեին, չափումներ կատարեին. «Բերում են մի հատ նիհար ստատիստ, տրամաբանություն չունե՞ն, չգիտե՞ն, որ եթե մարդու փորը մեծ է նա չի կարող այնքան կռանալ, ինչքան փոր չունեցողը: Հիմա այս փոր չունեցողը չի հասնում այդ բռնակին, Արգիշտի Կիվիրյանն ինչպե՞ս է այդ բռնակին հասնելու, մի հատ էլ այնպես էր հարվածելու, որ ինքն իրեն մարմնական վնասվածք պատճառեր»:
Մեղադրող Երիցյանը պարզապես ենթադրություն անվանեց Լուսինե Սահակյանի կարծիքը, թե Կիվիրյանից տարբերվող կազմվածք ունեցող ստատիստը չէր կարո հարվածել բռնակին. «Վերջին հաշվով չեն ասել, որ փորով է հարվածել, դեմքով է հարվածել: Որովայնի մեծ կամ փոքր լինելը կապ չունի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ