Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Վարոսյան. «Թո՛ղ բերեն Կիվիրյանի՝ Վրթանեսյանի մամայի հասցեին կատարած հայհոյանքները, լսենք»

Հոկտեմբեր 07,2014 20:50

Այսօր՝ հոկտեմբերիր 7-ին, Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ՝ շարունակվում էր քննվել Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործը:

Արգիշտի Կիվիրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով,  այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը:

Հիշեցնենք՝ Արգիշտի Կիվիրյանը 2013 թվականի օգոստոսի 24-ին մասնակցել է Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկ շենքի դեմ բողոքի ակցիայի: Նա հաղորդում էր տվել, որ ոստիկանները ոստիկանության բաժանմունք տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրեական գործ է հարուցվել ոստիկանի հաղորդման վրա, ըստ որի Կիվիրյանը ոստիկանին հարվածել եւ ինքն իրեն վնասել է:

Դատական նիստի ընթացքում հրապարակվեցին ոստիկանության տրամադրած տեսանյութերը, որից հետո Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ տեսանյութում ակնհայտ երեւում է, որ խաղաղ հավաք է տեղի ունեցել, եւ ոստիկանությունն այն դադարեցնում է: Նա նկատեց, որ տեսանյութում գործողությունները ծավալվել են այն վայրում, որտեղ ըստ վկաների՝ իրենք են գտնվել, սակայն տեսանյութում նրանք չեն երեւում: Նա հայտարարեց, որ վկաները ակնհայտ սուտ ցուցմունք են տալիս.

«Մի բան ակնհայտ է, որ անձինք ապօրինի կերպով զրկվել են ազատությունից եւ քննիչը դա պետք է տեսած լիներ: Մի բան ակնհայտ է, որ եղել է միջամտություն խաղաղ հավաքի, եւ եթե քննիչը իրավունքն ընդհանրապես գիտեր, եւ գիտեր կոնվենցիան, ապա պետք է տեղյակ լիներ դրա մասին: Պետք է տեղյակ լիներ, որ ոստիկանները օրինաչափ չեն գործել, եւ սա այս քրեական գործի շրջանակներում այն ակնհայտ փաստն է, որ պետք է դատարանը քննի, որովհետեւ ոստիկանների գործողությունների իրավաչափությունից հետո նոր պետք է բխի 316-րդ հոդվածով մեղադրանքի  առկայությունը»:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը շեշտը դրեց այն հանգամանքի վրա, թե ինչո՞ւ է ոստիկանությունը հենց այդ տեսանյութերը տրամադրել գործի քննությանը, որտեղ Արգիշտի Կիվիրյանը չկա: Նա նշեց, որ ոստիկանները սկզբից էլ նկարահանումներ են կատարել այդ տարածքում.

«Եվ հանկարծ իրենց մոտ չկա տեսագրություն «առաջնորդի», «պարագլխի», «հրահանգ տվողի» առկայությամբ, բա ո՞ւմ էին նկարում այդ ոստիկանները: Ամենաակտիվ քաղաքացուն, ինչպես իրենք էին նկարագրում, թողած ո՞ւմ են նկարել, որ վերջում էլ սա են ուղարկել Հատուկ քննչական ծառայություն: Սա շատ խոսուն փաստ է: Այն ժամանակ,երբ Արգիշտի Կիվիրյանը Կոմիտաս փողոցում էր մի քանի ոստիկաններ նկարահանում էին իրականացնում, այդ ամենը ո՞ւր է: Ինչո՞ւ չեն բերում, թո՛ղ բերեն Կիվիրյանի՝ Վրթանեսյանի մամայի հասցեին կատարած հայհոյանքները, լսենք: Ինչո՞ւ չկան այդ կադրերը, որ բոլոր ոստիկաններին հրել է, խփել է, այդպիսի բաներ էլ ենք լսել, ինչո՞ւ չկան: Սա լավ կլիներ իրենց մոտ պահեին, այնտեղ բավականին լավ դրվագներ կան, որտեղ քաղաքացիները ժողովրդավարության հիմունքներ են դասավանդում, լավ կլիներ իրենց սեմինարների ժամանակ լսեին այդ ամենը»:

Մեղադրող Երիցյանը զարմացավ, թե ինչո՞ւ պետք է վկաներն անպայման տեսանյութում երեւային: Նա հավելեց, որ տեսանյութ երեւում էր, թե ոստիկանները ինչպես խաղաղ ձեւով, առանց բռնություն գործադրելու հորդորել են քաղաքացիներին պահել հասարակական կարգը. «Այս տեսանյութին նայելով ոչ ոք իրավասու չէ ասել, որ խաղաղ ցույց է եղել, մինչ այդ ինչ եղել է այս տեսանյութի մեջ չկա»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031