Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Երաժշտական երկխոսություն Մետաքսի մեծ ճանապարհին» խորագրով փառատոնը, որին կմասնակցեն Մետաքսի մեծ ճանապարհի 12 երկրներից (Հնդկաստան, Չինաստան, Ղազախստան, Իրան, Հորդանան, Իսպանիա և այլն) Հայաստան ժամանած երաժիշտներ:
Նրանց մասնակցությամբ գալա համերգը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հայաստանը համերգում կներկայացնի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը, որին և պատկանում է փառատոնը Հայաստանում հյուրընկալելու գաղափարը. «Ես ինքս հրավիրված եմ եղել տարբեր երկրներում Մետաքսի ճանապարհի համերգներին: Վերջինը Սիրիայում էր՝ 2010 թվականին: Եվ ես մտածեցի՝ ինչո՞ւ փառատոնը չտեղափոխել Հայաստան: Մեծ ցանկություն կար թե՛ մեր ազգին ցույց տալու մյուս ազգերի ազգային երաժշտությունը, թե՛ մեր ազգայինը ներկայացնելու տարբեր երկրներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հ. Լեյլոյանը:
Նշենք, որ փառատոնը Հայաստանում կազմակերպում են «Համագործակցություն» կանանց հասարակական և «Արմենիան մյուզիք սենթր» երաժշտական կազմակերպությունները՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Մենք ազգային երաժշտության պրոպագանդման և տարածման խնդիր ունենք այսօր: Ի տարբերություն մեր դասական երաժշտության, որը ողջ աշխարհն է ճանաչում, ազգային, ավանդական նվագարանային երաժշտությունը տարածման կարիք ունի»,- ընդգծելով փառատոնի կարևորությունը՝ ասաց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը:
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի շրջանակներում յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանն ու ազգային երաժշտությունը, իսկ վերջում բոլոր երկրների ներկայացուցիչները միասին կկատարեն հայկական ժողովրդական ստեղծագործություններ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ