Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Հարությունյանը «քննում է» իր խորհրդականին

Հոկտեմբեր 07,2014 20:13

ՀՀ Վճռաբեկ դատարանի Մխիթար Գոշի անվան գրադարանում շարունակվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:

Հանձնաժողովը ժամը 18.00-ի սահմաններում «քննում էր» ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին: Նրան հաջորդելու է Նելիկ Հարությունյանը, և հարցազրույցի փուլն ավարտվելու է:

Փաստորեն, ՍԴ նախագահը քննում է իր իսկ խորհրդականին և այս պարագայում կասկածի տակ է դրվում մրցույթի անցկացման օբյեկտիվությունը: Ավելին, Եղիշե Կիրակոսյանը միակ թեկնածուն չէ, որ աշխատում է հանձնաժողովի անդամների ղեկավարած գերատեսչություններում: Թեկնածուներից Նելիկ Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետն է, Դավիթ Խաչատուրյանը Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորն է, այն դեպքում, երբ ակադեմիայի ռեկտոր  Ռուբեն Մելիքյանը ընդգրկված է մրցութային հանձնաժողովում:

Aravot.am-ի հետ զրույցում «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ևս այս հարցով մտահոգություն հայտնեց ու մանրամասնեց. «Կարծում եմ, որ ՍԴ նախագահը, նաև ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ հանդիսացող անձը, միգուցե ավելի կոռեկտ կլիներ, որ իրենք իրենց ենթակայության տակ աշխատող հավակնորդների համապատասխան փուլին չմասնակցեին»: Մուշեղ Շուշանյանը կարծում է, որ այս փաստը կարող է դիտվել որպես «հավասար պայմաններ ապահովելու սկզբունքի խախտում»:

Սակայն Կարգը այս հարցերը չի կարգավորում. «Դեռ մեզ հայտնի չէ՝ արդյոք կհրապարակվե՞ն տվյալները, թե հանձնաժողովի, որ անդամը հավակնորդներից ում օգտին ինչ գնահատական է տվել»: Նշենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ն գրավոր դիմել է և խնդրել տրամադրել տեղեկատվություն այդ մասին: Մուշեղ Շուշանյանն ասաց. «Եթե այդ տեղեկատվությունը հրապարակվի և  հանրությունը հնարավորություն ունենա տեսնել՝ ով ինչպես է գնահատել և երբ, ՍԴ նախագահի կողմից իր խորհրդական-հավակնորդին  տրված գնահատականը լինի իրոք օբյեկտիվ, կարծում եմ որևէ խնդիր չի առաջանա: Հակառակ դեպքում, եթե այդ տեղեկատվությունը փակ մնա,  կասկածների պարարտ հող կդառնա»:

Պարոն Շուշանյանն ասաց, որ դիմում են ներկայացրել ու խնդրել տրամադրել հարցազրույցի փուլի տեսաձայնագրությունը՝ կրիչով, բայց հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչն ասել է, որ դա տրամադրելու կարգն նախատեսված չէ և հանձնաժողովը, միգուցե կանդրադառնա այդ հարցին ու որոշում կկայացնի դրա վերաբերյալ:

Ինչպես  արդեն տեղեկացրել ենք, ի պատասխան դիտորդական կազմակերպության տարածած այն մտահոգության, թե երեք թեկնածուներ ժամկետից ուշ են ներկայացրել փաստաթղթերը, բայց ընդգրկվել են, Գագիկ Հարությունյանն այսօր այսպես պատասխանեց. «Այդ հարցերին կանդրադառնանք արդյունքների ամփոփումից առաջ, կքննարկենք, թե ինչ իրավիճակ է եղել, հանգամանքները, այնուհետև կանցնենք արդյունքների ամփոփմանը»:

Այս առիթով պարոն Շուշանյանն ասաց. «Ոչ թե պետք է հարցազրույցի փուլի ավարտից հետո այդ հարցին անդրադառնալ, այլ հանձնաժողովը երեկ իր աշխատանքները պիտի սկսեր հենց այդ հայտարարությունում մատնանշված փաստերը քննարկելուց, բայց ձեռնամուխ եղան հարցազրույցի փուլին անցնելուն»:

Պարոն Շուշանյանը տարակուսանք է հայտնում, թե ինչ կարող է փոխել այդ քննարկումը. արդյոք հարցազրույցի փուլը չեղյա՞լ պիտի համարվի, կամ խնդրահարույց երեք թեկնածուները չընդգրկվե՞ն ընտրված անձանց ցուցակում:

Aravot.am-ը զրուցեց նաև Եղիշե Կիրակոսյանի հետ:  Նա նշեց, թե «մրցույթը թափանցիկ էր ու բավականին լուրջ, և իրեն լուրջ վերաբերվող ցանկացած իրավաբանի  համար դա մարտահրավեր է»: Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ անհավասար պայմաններ են ստեղծվել իր և իր մրցակիցների միջև, պարոն Կիրակոսյանը պատասխանեց, թե «հիմքեր չունեմ կասկածելու հանձնաժողովի անաչառության և անկողմնակալության վրա»:

Տեղեկացնենք, որ այսօր ավարտվեց ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ներկայացնող դատավորի հավակնորդների հարցազրույցի փուլը, վաղը հանձնաժողովը կամփոփի արդյունքները, և կորոշվեն այն երեք թեկնածուների անունները, որոնք ներկայացվելու են ՀՀ նախագահին: Նրանցից մեկն անպայման կին է լինելու:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031