Սյունիքի բնակիչներ Անուշավան Առուշանյանը եւ Արեւիկ Միրզոյանը դատի են տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին:
Հիշեցնենք, որ ըստ Սամվել Հարությունյանի, Արեւիկ Միրզոյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի սիրուհին էր: Ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանը, տարիներ առաջ, հենց իրենից հղիացած Արեւիկ Միրզոյանի վրա է կրակել ու սպանել չծնված երեխային:
Պարոն Հարությունյանի հավաստմամբ, Անուշավան Առուշանյանն էլ է մարզպետի զոհերից:
Այժմ Անուշավան Առուշանյանն ու Արեւիկ Միրզոյանը միացել են Սուրիկ Խաչատրյանի` դատարան ներկայացրած հայցին եւ պատիվ ու արժանապատվություն են պահանջում նախկին քաղաքապետից:
Կարդացեք նաև
Սամվել Հարությունյանը պնդում է, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ է Առուշանյանի եւ Միրզոյանի հայցերը վարույթ ընդունել: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետը պնդում է, որ իր դեմ Սուրիկ Խաչատրյանի հայցն էլ է օրենքով սահմանված ժամկետից ուշացած վարույթ ընդունվել:
«Արեւիկ Միրզոյանի եւ Անուշավան Առուշանյանի կողմից դատարանին 2014 թվականի մայիսի 14-ին ուղղված հայցադիմումները դատարանի վարույթ ընդունելու հարցը դատարանը քննության է առել եւ որոշում կայացրել օրենքով սահմանված եռօրյա ժամկետի խախտմամբ, ուշացումով: Հայաստանի քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներով առաջնորդվելու եւ Արեւիկ Միրզոյանի ու Անուշավան Առուշանյանի հայցադիմումները դատարանի վարույթ ընդունելու հարցը եռօրյա ժամկետում քննության առնելու եւ որոշում կայացնելու փոխարեն` հետին ամսաթվով դատարանը ընդունել է ապօրինի որոշում , այն ձեւակերպել 2014 թվականի մայիսի 19-ով, կից գրությամբ ինձ հասցեագրել 2014 թվականի հունիսի 4-ին, փոստով ինձ ուղարկել 2014 թվականի հունիսի 11-ին, ինչը ստացել եմ հունիսի 12-ին: Այսպիսով, դատարանի գործողություններում եւս առկա է պաշտոնական դիրքի չարաշահման եւ պաշտոնեական կեղծիքի հատկանիշներ», մեզ հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ