Ընդդեմ Սուրիկ Խաչատրյանի գործով մի քանի հայցերի հեղինակ, Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Հայաստանում արդարադատության հույս չունի:
«Տրամաբանություն ունեցող ոչ մի քաղաքացի չի կարող հույս ունենալ, որ Հայաստանում որեւէ դատարան կարող է արդար վճիռ ընդունել ռեժիմի հենասյուներից որեւէ մեկի դեմ: Բացառվում է պարզապես:Հայաստանը դատարան չունի, բայց ռեժիմն ունի, ունի իրենց սպասարկող դատարաններ, ոստիկանություն, անվտանգության ծառայություն, քննչական մի քանի ծառայություններ, դատախազություն: Չհաշված այն հանցագործ ոհմակները, որոնք սպասարկում են իրենց ու իրենց հովանավորյալ օլիգարխներին»,- ասաց պարոն Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն էլ իր հերթին է Սամվել Հարությունյանին դատի տվել` իր պատիվը, արժանապատվությունը զրպարտությամբ արատավորելու համար: Սուրիկ Խաչատրյանը զրպարտություն է համարում Հարությունյանի այն հրապարակումները, թե ինքը կրակել է իրենից հղի սիրուհուն` Արեւիկ Միրզոյանին, եւ սպանել չծնված երեխային: Մարզպետը զրպարտություն է համարում նաեւ իր վերաբերյալ նախկին քաղաքապետի այլ հանցագործությունների մասին հրապարակումները:
«Այս պայքարով ուզում եմ մեր ժողովրդի մտահոգ ու վճռական զանգվածին լրացուցիչ լիցքեր հաղորդել, որ հասկանան, որ յուրաքանչյուրիս իրավունքը պաշտպանելու համար պետք է ընդվզման ճանապարհն ընտրել ու վերջակետ դնել այս իշխող ռեժիմին»,- շարունակեց պարոն Հարությունյանը:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե բռունցքվեցին ու Սյունիքում մեծ շուքով ընդունեցին Սուրիկ Խաչատրյանին, նախկին քաղաքապետը չհամաձայնեց. «Սյունիքում գտնվել են մարդիկ, որոնց համար Սուրիկ Խաչատրյանը սրբության սրբոց է, Աստված է: Նրանք պաշտում են Սուրիկ Խաչատրյանին, ամեն քայլափոխի կքում են նրա առջեւ, բայց այնտեղ կային 200-300 ուսուցիչ եւ այլ մասնագետներ, որոնց այդ ընդունելությանը զոռով էին տարել, ու այդ մարդիկ ժամանակավորապես իրենց արժանապատվությունը կորցնելու հաշվին, փորձեցին աշխատանքը պահպանել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ