Այսօր՝ հոկտեմբերի յոթին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Սուպեր Մամա» կինոկատակերգության շնորհանդեսը, որին նախորդել էր ստեղծագործական կազմի մամուլի ասուլիսը:
«Ֆիլմը կինոկատակերգություն է, բայց դրամայի էլեմենտներ է պարունակում, այն նաեւ սիրային պատմություն է»,-«Սուպեր Մաման» այսպես ներկայացրեց Հայկ Մարությանը: Նշեց, որ մեկ տարի է տեւել, մինչ ֆիլմը ծնվի. «Այսօր սպասում ենք, որպեսզի գնահատեք մեր ֆիլմը»: Կինոկատակերգության բյուջեն 250000 դոլար է կազմում, ուղերձը, Հայկ Մարությանի ձեւակերպմամբ, հումորի միջոցով խոսելն է խնդրից եւ լուծում առաջարկելը: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Հայկ Մարությանը (Կարգին Հայկո), Գարիկ Պապոյանը, Անի Խաչիկյանը, Լեւոն Հարությունյանը, Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Արման Մարտիրոսյանը եւ ուրիշներ: Ռեժիսորներն են Վահագն Խաչատրյանն ու Արման Մարությանը: Սցենարի հեղինակն է Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Կարգին Հայկոն: Վերջինս մարմնավորել է եւ կնոջ եւ տղամարդու: Նկարահանումները կատարվել են Երեւանում եւ Դիլիջանում, ֆիլմը նկարվել է 45 օրում:
Կարդացեք նաև
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու իրենից անբաժան Կարգին Մկոն չկա այս ֆիլմում, Հայկ Մարությանն ասաց. «Ուղղակի այս ֆիլմում Մկոյին համապատասխան դեր չկար, դերասաններն ընտրվել են ըստ պահանջի: Եթե վաղը, մյուս օրը այլ ֆիլմ նկարվի եւ Մկոյին համապատասխան դեր գտնվի, իրեն եւս անպայման կհրավիրենք»:
Գարիկ Պապոյանն էլ հավելեց, որ միշտ ցանկացել է նկարահանվել ֆիլմում, ուրախ է, որ նման առաջարկ է ստացել: Այս ֆիլմում նրան բաժին է ընկել, այսպես կոչված չար կերպար:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ