ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Անուշ Ղազարյանին պատկանող բնակարանից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի օպերլիազոր Գարեգին Մուրադյանը և ոստիկանության նախկին ծառայող Գարուշ Գևորգյանը 2014 թվականի հունիս ամսվա սկզբներին գողություն կատարելու նպատակով պտուտակահանի միջոցով փորձել են բացել Անուշ Ղազարյանին պատկանող տան մուտքի դռան հարակից պատուհանի փեղկը, սակայն նկատելով իրենց հանցավոր գործողություններին հետևող հարևանուհուն, իրենց կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել և դեպքի վայրից դիմել են փախուստի:
Նշենք, որ սույն հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ աշխատակիցների ձեռնարկած գործողությունների արդյունքում:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: