Հոկտեմբերի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրեց ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:
Անդրադառնալով կադրային փոփոխությանը՝ ոստիկանության պետը կադրային քաղաքականությունը կարևորեց որպես բարեփոխումների սկզբունքային բաղադրիչ, ընդգծելով, որ համակարգի վերափոխման հաջողությունը գերազանցապես պայմանավորված է պրոֆեսիոնալ և արդի գաղափարախոսությունը կրող ոստիկանի աշխատանքով:
Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց նաև, որ բարեփոխումների երկրորդ փուլը հաջողություն կարող է ունենալ միայն գաղափարակիցների թիմի միասնական աշխատանքով, ինչն ակնկալվում է նաև ճանապարհային ոստիկանության անձնակազմից:
Կարդացեք նաև
Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կրկին հիշեցրեց արտաքին ծառայությունների որակյալ աշխատանքի կարևորությունը ոստիկանության հանդեպ քաղաքացիների վստահության ամրապնդման գործում և հավաստեց, որ նոր, հասարակության գործընկեր ոստիկանի ձևավորման ընթացքը հետևողական է լինելու:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց Ճանապարհային ոստիկանության հետագա աշխատանքի վերաբերյալ:
ՀՀ Ոստիկանություն