Վարդան Բուռնազյանի հայցը վարույթ էր ընդունվել դեռևս 2012թ. օգոստոսի 18-ին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվել է 27 նիստ: 20.11.2013թ. գործով որոշում է կայացրել ՀՀ Վերաքննիչ դատարանը և ամբողջովին բեկանել է առաջին ատյանի վճիռը: 15.01.2014թ. որոշում էր կայացրել ՀՀ Վճռաբեկ դատարանը պատասխանողի՝ Հրաչյա Հարությունյանի վճռաբեկ բողոքը վերադարձնելու վերաբերյալ:
07.02.2014թ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ գործն ընդունել է վարույթ: Վարդան Բուռնազյանը դիմել էր դատարան՝ պատիվը, արժանապատվության եւ գործարար համբավն արատավորող, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար՝ Հրաչյա Հարությունյանի դեմ: Վ.Բուռնազյանը պահանջել էր «հրապարակայնորեն» ներողություն խնդրել եւ հատուցել 3.700.000 ՀՀ դրամ նյութական վնասը, որից մեկ միլիոնը՝ որպես վիրավորանքի հետեւանքով առաջացած, իսկ 2 միլիոնը՝ զրպարտության, 700 000 դրամը՝ փաստաբանական ծառայության համար վճարված գումարը:
Գործն ուշագրավ է նրանով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անվտանգության եւ վարչակարգի դեպարտամենտի պետ Հրաչյա Հարությունյանն իր էլեկտրոնային փոստով դիմել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերությանը եւ դիմումն էլ, ըստ էության, հրապարակային չի եղել: Հետեւաբար, պահանջներից մեկը՝ հրապարակայնորեն ներողություն խնդրելու, առնվազն տարակուսանք է առաջացնում: Հրաչյա Հարությունյանի նամակ-դիմումը ստացել է նշյալ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը:
Կողմը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Հրապարակային ներկայացնել» եզրույթի մեկնաբանության համար:
Ըստ ՀՀ Սահմանադրական դատարանի, «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի` ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերին և 43-րդ հոդվածին համապատասխանատվության հարցը որոշելու վերաբերյալ գործով կայացված ՍԴՈ-997 որոշում սահմանել է` «…Ակնհայտ է, որ վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջև, առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետևանքների հաղթահարմանը: Իր կարևորությամբ հանդերձ, վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը»:
Իսկ համաձայն Վճռաբեկ դատարանի «Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը… Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում»: «…արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով որպեսզի փաստի, որ ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը։ ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատման համաձայն, այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց։ Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային…(անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):
Կարդացեք նաև
Վճռաբեկը հղում է արել որոշում թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործին՝«Վիրավորանքը և զրպարտությունը» բաժնին:
Դատաքննությունից 2,5 տարի հետո դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը դատարանին ներկայացրել է արտառոց պահանջ՝ հայցի հիմքում դրված առանցքային ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող ապացույց՝ «ՀԷՑ» ՓԲ ընկերության անվտանգության և վերահսկողության տնօրեն Զոլոտուխինի կողմից ստորագրված գրությունը, որով վերջինս մերժում է հայցվորին, որը զբաղեցնում է ընկերության անվտանգության և վերահսկողության տնօրեն Զոլոտուխինի տեղակալի պաշտոնը, տրամադրել 23.06.2012թ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ»-ին ներկայացրած պատասխանողի դիմումի բնօրինակը և ընկերության անվտանգության և վարչակարգի ղեկավար Կուզնեցովի գրության բնօրինակը, ուղղված անվտանգության և վերահսկողության տնօրեն Մաքսիմովին, համարելով «ոչ նպատակահարմար»:
Դատարանը բավարարել հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը և միջնորդության բավարարման հիմքով կայացրած իր որոշմամբ, հարկադիր կատարման միջոցով ձեռք է բերելու հայցի հիմքը կազմող գրավոր ապացույցը: Այդ փաստը հաստատում է այն իրողությունը, որ պատասխանողը դիմումը ներկայացրել է ոչ հրապարակային ձևով և այդ դիմումը հրապարակման ենթակա չի եղել: Պատասխանողի դիմումը գտնվում է մեկ անձի տնօրինության ներքո: ՀՀ Սահմանադրության 12-րդ հոդվածով սահմանված է՝ ՀՀ պետական լեզուն հայերենն է: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում ամրագրված է՝ դատավարությունը տարվում է հայերեն:
Հետևաբար, դատարանի կողմից ձեռք բերվող ապացույցը ոչ միայն պատասխանողի կողմից հրապարակորեն ներկայացված փաստաթուղթ չէ, այլև կանխահայտորեն անընդունելի է որպես գրավոր ապացույց, քանի որ կազմված է օտար լեզվով:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ