Հոկտեմբերի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ թեմի մի խումբ երիտասարդներ ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ և ԱՀԹ միջազգային ՀԿ-ների համակարգող Շուշան Պետրոսյանի հետ այցելեցին Գեղարքունյաց թեմի Ճամբարակ քաղաքի կիրակնօրյա ու միջնակարգ դպրոցներ, և մանկապարտեզներ: Նրանց դիմավորեցին Ճամբարակի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Պսակ քահանա Մկրտչյանը և Ճամբարակի մշակույթի տան տնօրեն Լուսինե Ունանյանը:
Օրեր առաջ Ճամբարակի կիրակնօրյա դպրոցի սաները դիմել էին Արարատյան Հայրապետական թեմին՝ գրենական պիտույքներով իրենց օժանդակելու խնդրանքով: Խնդրանքն անպատասխան չմնաց. Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ ԱՀԹ երիտասարդները թեմի բոլոր եկեղեցական համայնքների անդամների և բարերարների ջանքերով հավաքեցին անհրաժեշտ պարագաները: Գնեցին նաև քաղցրավենիք:
Նախ այցելեցին Ճամբարակի կիրակնօրյա դպրոց: Աշակերտներին և մշակույթի տան պարի խմբի սաներին հանձնեցին անհրաժեշտ գրենական պիտույքներով փաթեթներ:
Երիտասարդներն այնուհետև այցելեցին քաղաքի թիվ 3 մսուր մանկապարտեզի և թիվ 5 մանկապարտեզի սաներին: Փոքրիկներին քաղցրավենք հյուրասիրեցին ու նվիրեցին գրենական պիտույքներ: Երեխաներն էլ հայրենասիրական և հոգևոր երգերով ողջունեցին հյուրերին:
Այցի վերջին կանգառը Ճամբարակի թիվ 4 միջնակարգ դպրոցն էր: Չնայած անմխիթար պայմաններին (1976 թվականի շահագործումից ի վեր դպրոցը չի վերանորոգվել)՝ դպրոցի տնօրեն տիկին Հասմիկ Գաբրիելյանն ասաց, որ դպրոցը երբեք չի դադարել գործել, նույնիսկ՝ պատերազմի ժամանակ: Նա շնորհակալություն հայտնեց այցի և նվերների համար և ասաց, որ ցանկացած նմանատիպ նախաձեռնություն մեծ օգնություն է իրենց համար:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին