Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Չեմ կարող ասել, թե ինչպես են ոչխարներն անցել ՀՀ սահմանը»

Հոկտեմբեր 07,2014 17:57

Օրերս ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովում Վերահսկիչ պալատը քննարկեց «էդիլբաեւ» տեսակի ոչխարների հայտնի պատմությունը:

Ըստ ՎՊ-ի բացահայտման, «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը կառավարությանը ներկայացրել էր ծրագիր ու ասել, որ 1350 գլուխ «էդիլբաեւ» տեսակի ոչխար է ներմուծելու: Գումար էր վերցրել՝ 90 մլն դրամ ներդրում եւ 160 մլն դրամ փոխառություն: Բայց պարզվել էր, որ 2012-2013-ին Հայաստան ընդհանրապես «էդիլբաեւ» տեսակի ոչխար չի ներմուծվել ոչ մի ընկերության կողմից: Այդ գումարով Աշտարակում առել են 235 գլուխ տեղական գառներ ու վերջ:

Այս պատմության մեջ մի ուշագրավ հանգամանք կա: Քննարկման ժամանակ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման (FREDA) հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանը վստահեցնում էր, որ այժմ Հայաստանում 820 հատ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար կա, իսկ թե ինչու է ՊԵԿ-ը նման տեղեկատվություն տվել՝ չգիտի:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն իր հերթին տեղեկացրեց, որ երբ խնդիրը լրացուցիչ հետազոտել են, պարզվել է, որ «Արալեռ ՏՈՏ» ընկերությունը 366 հատ «Էդիլբաեւ» տեսակի ոչխար անցկացրել է սահմանը, սակայն մինչ օրս մաքսազերծված չէ:
Ուստի հարց է առաջանում՝ ինչպե՞ս են ոչխարներն անցել ՀՀ սահմանը եւ բերվել Հայաստան, եթե դրանք մաքսազերծված չեն: Տրամաբանությունը հուշում է, որ դա հնարավոր է այն դեպքում, եթե ոչխարները ձեւակերպեն, ասենք, բրնձի անվան տակ ու արդյունքում՝ դրանք անցնեն ՀՀ սահմանը, բայց փաստաթղթերով «էդիլբաեւ» տեսակի ոչխար այդպես էլ չերեւա:

Aravot.am-ի հետ զրույցում Տիգրան Խանիկյանը մեր հարցին՝ այդ ոչխարները մաքսանե՞նգ ճանապարհով են բերվել Հայաստան՝ պատասխանեց. «Ոչ, հիմա քննություն է գնում: Քննչական մարմինը այդ պարզաբանումը կտա: Ես զերծ կմնամ դրան գնահատական տալուց: Ենթադրում եմ, որ դա թյուրիմացություն է: Քննություն է գնում, թող քննությունն ավարտվի, կանդրադառնանք այդ հարցին»:

Իշխան Զաքարյանը մեզ հետ զրույցում մեր հարցին՝ մաքսանե՞նգ ճանապարհով են անցել այդ ոչխարները ՀՀ սահմանը՝ վերացական պատասխան տվեց. «Չգիտեմ, չեմ կարող ասել: Ես չեմ կարող ասել, թե ինչպես են անցել սահմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031