Երեք օր հետո Հայաստանը հավանաբար կստորագրի ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը, որն իր հետքը կթողնի համարյա բոլոր ոլորտների վրա: Խոսքի և մամուլի ազատությունը նույնպես փոփոխություններից անմասն չեն մնա: ԵՏՄ անդամակցության՝ մամուլին ու ազատ խոսքին սպառնացող վտանգների, հետագա հնարավոր փոփոխությունների մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում խոսեցին Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ու Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Պարոն Մելիքյանը նկատեց, որ եթե անդամակցության ազդեցությունը սահմանափակվեր միայն տնտեսական և ֆինանսական ոլորտներով, վնասը կլիներ նվազագույն, սակայն այն կազդի նաև խոսքի ազատության վրա. «Հայաստանը խոսքի ազատության առումով անդամակցած բոլոր երկրներից ամենալավ վիճակում է գտնվում: Մենք, որպես կանոն, քննադատաբար ենք վերաբերվում իրավիճակին ու շարունակելու ենք այդպես վերաբերվել, բայց օբյեկտիվորեն պետք է ընդունենք, որ և՛ Ռուսաստանից, և՛ Ղազախստանից, առավել ևս՝ Բելառուսից ավելի բարվոք վիճակում ենք:
Այստեղ տարվա սկզբին փորձ կատարվեց ֆեյք օգտատերերի մասին օրինագիծն առաջ տանել, սակայն ոչինչ չստացվեց: Հիմա Եվրասիական միության բարքերը եթե տեղափոխվեն Հայաստան, արդյոք հասարակությանն ու լրագրողական հանրությանը կհաջողվի՞ հասնել նրան, որպեսզի ֆեյքերի օրինագծի նման փաստաթղթերը չընդունվեն»:
Լևոն Բարսեղյանը նշեց, որ խոսքի ազատությունը սահմանափակելու ակնարկներ, որպես այդպիսին՝ չկան, բայց ֆիզիկայում գործող հաղորդակից անոթների սկզբունքը այստեղ նույնպես աշխատում է. «Երբ ՀՀ հանրության կամքը չհարցնելով կամ այդ կամքին հակառակ ինչ-ինչ դրդապատճառներով, ամենայն հավանականությամբ՝ իշխանություն պահելու համար, մտցնում են ինչ-որ միության մեջ, հասկանալի կերպով Հայաստանն իր վրա պետք է կրի այդ միության բարքերի, քաղաքականության ու քաղաքակրթության ազդեցությունը: Անգամ մարդկային ռեսուրսների, տարածքի, տնտեսական հզորության հանգամանքներով Հայաստանը չի կարող էական ազդեցություն ունենալ միության վրա:
Կարդացեք նաև
Օրերս լսել եմ, որ ՌԴ օրենսդրական լրացումներից մեկով անգամ սոցկայքերում ՝ զանգվածային անկարգության կոչեր պարունակող գրառումներին «լայք» սեղմելը կամ այն վերահրապարակելը դիտվում է որպես քրեական հանցագործություն ու նման գրառում արած անձն ու գրառումը հավանության արժանացրած այլ օգտատերերը քրեական պատասխանատվության օբյեկտ են դառնում»:
«Եթե մեր իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելուց հետո չկարողանան դիմագրավել Ռուսաստանի, Ղազախստանի նման երկրների պահանջներին ու նրանց օրինակով ստեղծեն «Գլավլիտի» ոճի մի կառույց, իրավիճակը կհասցնեն բելառուսականին՝ կզրկվենք խոսքի ազատությունից: Առհասարակ, միշտ պետք է տարանջատել ու հասկանալ՝ ինչ-որ անդամակցություն որքանով շահեկան կլինի հասարակ մարդու, քաղաքացու համար»,- ավելացրեց Աշոտ Մելիքյանը:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը «Մեդիա կենտրոն»-ի
Սյունե ՍԵՎԱԴԱ