Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելագարի հիշատակարանը»՝ Ռոբերտ Բոումենի մեկնաբանությամբ

Հոկտեմբեր 07,2014 16:41

Բրիտանական «Living Pictures» ընկերությունը Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործության հիման վրա երեկ Երևանի պետական կամերային թատրոնում բեմադրեց համանուն մոնոներկայացումը, որն ընդգրկված է «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի այս տարվա ծրագրում:

Հանդիսատեսը մոնոներկայացումը դիտելու հնարավորություն ունի նաև այսօր:
Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի վիպակի հերոս Պոպրիշինին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած համեստ քաղծառայող է, որի կյանքում մի օր սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ:
«Մոնոներկայացում խաղալը բավականին լուրջ մարտահրավեր է, քանի որ դու մենակ ես հանդիսատեսի հետ և ներկայացման ողջ պատասխանատվությունը, կարելի է ասել, մենակ ես կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Բոումենը:
Նա իր ուրախությունն արտահայտեց Հայաստանում գտնվելու և «Հայ ֆեստ»-ին մասնակցելու առթիվ և նշեց, որ մոնոներկայացումն առաջին անգամ է ներկայացվում օտարերկրյա հանդիսատեսին. «Ու ես շատ ուրախ եմ, որ դա հենց հայ հանդիսատեսն է: Երևի երբեք չեմ մոռանա ներկայացման երեկվա ջերմ ընդունելությունը»,- ասում է դերասանը:

Ինչ վերաբերում է ստեղծագործության ընտրությանը, Ռ. Բոումենն այն համարում է հանճարեղ գործ, որը հանդիսատեսին ստիպում է մտածել մարդկային բարոյականության, երազանքների ու իրական պայմանների համատեղության մասին:
«Հայ ֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն էլ շնորհակալություն հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղին՝ այսպիսի մի ներկայացում Հայաստան բերելու համար:

«Հայ ֆեստը» յուրահատուկ մի հարթակ է մշակույթների երկխոսության համար, որը շատ կարևոր է մեզ համար»,- ընդգծեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, իսկ ինչ վերաբերում է ներկայացմանը, այն, իսկապես, հույզերի մի ողջ փոթորիկ է՝ ներկայացված ընդամենը մեկ մարդու կողմից»:
Էլեն և Ռոբերտ Բոումեններ ամուսինների կողմից 1999 թ. հիմնադրված «Living Pictures» ընկերությունն առաջին անգամ է Հայաստանում:

Հիմնադիրներին հատկապես գրավել է հայկական ճարտարապետությունը՝ Մայր տաճարը, Սբ. Գայանե եկեղեցին, Զվարթնոցը և այլն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031