Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանը կեղծ անձնագրային տվյալներ է ներկայացրել»

Հոկտեմբեր 07,2014 15:26

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստին այսօր Սամվել Հարությունյանը պահանջեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի ինքնաբացարկը:

Պարոն Հարությունյանը նախքան միջնորդությունը ներկայացնելը հայտարարեց, որ Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումը՝ իր պատիվը, արժանապատվությունը, զրպարտությամբ արատավորելու մասին, քննության է առնվել ապօրինաբար:

Ըստ նրա, հայցադիմումը ներկայացնելիս Սուրիկ Խաչատրյանը չի նշել իր հայրանունը, հայցադիմումին կցված չի եղել անձնագրի պատճենը, իսկ հայցադիմումն էլ դատարանին է ներկայացվել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետից ավելի քան մեկ ամիս ուշացումով:

«Երբ իմ փաստաբան Մուշեղ Շուշանյանը պահանջել է ներկայացնել անձնագրի պատճենը, դատարանը բավարարել է այդ միջնորդությունը ու պահանջել է հայցվորին դատարան ներկայանալ անձնագրով: Բայց դատարան է ներկայացել ոչ թե հայցադիմումում նշված անձնագրային տվյալներով Սուրեն Խաչատրյանը, այլ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը: Դատարանում պարզվել է, որ հայցվոր կողմը ունի բոլորովին ուրիշ՝ Սուրիկ Սերգեյի Խաչատրյան անձնագրային տվյալներ: Դատական նիստում Սուրիկ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջերս է փոխել անձնագիրը եւ այդ պատճառով է հայցադիմումում նշել իր նախկին անձնագրային տվյալները:

Նրա հայտարարությունից բխում է, որ իր հին անձնագիրը հանձնել ու նոր անձնագիրը ստացել է հայցադիմումը ներկայացնելու օրվանից՝ 2013 թվականի օգոստոսի 14-ից հետո, որ մինչ այդ իր անունը եղել է Սուրեն, այնինչ, ինքը միշտ էլ ունեցել է Սուրիկ անունը, նոր անձնագիրն էլ ստացել է 2013 թվականի մայիսի 15-ին: Այսպիսով, Սուրիկ Խաչատրյանը դատարանում սուտ վկայություն է տվել:

Այսօրվա դատական նիստին չէր ներկայացել հայցվոր կողմի ներկայացուցիչը, պատասխանող կողմից՝ Սամվել Հարությունյանից բացի, դատական նիստին ներկա էր նաեւ երրորդ անձի՝ Անուշավան Առուշանյանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Անուշավան Առուշանյանը, ըստ նախկին քաղաքապետի, Սուրիկ Խաչատրյանի հերթական զոհն էր: Վերջինս էլ պնդում էր, որ հայցվոր կողմի բացակայության դեպքում հնարավոր չէ շարունակել դատական նիստը, ասաց՝ հայցվոր կողմը Կապանում դատական նիստի մասնակցելու պատճառով չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին: Բայց դատարանը մերժեց դատական նիստը հետաձգելու երրորդ կողմի ներկայացուցչի միջնորդությունը՝ հաշվի առնելով, որ հայցվոր կողմը դիմում չի ներկայացրել դատարանին ու չի հիմնավորել իր բացակայությունը:

Դատարանը դատական նիստը հետաձգեց՝ ինքնաբացարկի միջնորդությունը քննելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031