Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Բուդաղյանի գործով այսօրվա դատական նիստը լարված մթնոլորտում անցավ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2014 14:39

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Արտակ Բուդաղյանի գործով նշանակված դատական նիստի մեկնարկին տուժող Լորետա Բարսեղյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարությամբ հանդես եկավ եւ փորձեց ճշտել, թե նախորդ դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճը լքած մեղադրյալի պաշտպան Հայկ Ալումյանը մասնակցո՞ւմ է այսօրվա նիստին, թե՞ ոչ: Տվյալ պահին Հայկ Ալումյանը դահլիճում էր եւ զբաղեցրել էր իր տեղը ամբաստանյալի կողքին:

Ռուբեն Սահակյանը հղում անելով համապատասխան հոդվածներին իր հայտարարության մեջ նշեց, որ պաշտպանը մինչեւ ընդմիջում հայտարարել է, որ իրավունք չունի լքել նիստերի դահլիճը` առանց նախագահող դատավորի թույլտվության:

Budagyan_2

«Դուք մատերի արանքով եք նայում եւ դիտողություն էլ չեք անում», -դատավոր Նապոլեոն Օհանյանին ասաց պարոն Սահակյանը եւ շարունակեց իր հայտարարությունը.
«Մենք տեսնում ենք, որ շահարկվում է Սուրիկ Խաչատրյանի նշանակումը` որպես մարզպետ, եւ արդյունքում ստացվում է, որ այս դատական նիստում մեղադրյալի պաշտպանը դոմինանտ է եւ ավելի է սրում իրավիճակը, որպեսզի հասարակությանը ցույց տա, որ մենք խոչընդոտում ենք դատական նիստը, իսկ դուք էլ այս գործով չեք կարող անաչառ լինել: Մենք չգիտենք նա մասնակցո՞ւմ է այսօրվա դատական նիստին, թե չէ: Այն հիմքը, որն ինքը բերեց եւ լքեց դատարանի դահլիճը ամենեւին օրենքի տառին չի համապատասխանում»,- հայտարարեց տուժողի ներկայացուցիչը եւ նշեց, որ ինքը նման հայտարարությամբ հանդես չէր գա` համաձայն իր խառնվածքի եւ գործընկերոջ հանդեպ որեւէ բան չէր արտահայտի, եթե նման շահարկում չլիներ եւ Հայկ Ալումյանն էլ դատարանի դահլիճից հեռանալուց հետո լրագրողներին հարցազրույցներ չտար, որոնց ճնշող մեծամասնությունը, ըստ պարոն Սահակյանի, չի համապատասխանում իրականությանը:

Հայկ Ալումյանն էլ ի պատասխան Ռուբեն Սահակյանի նշեց, որ իր գործընկերոջ հետ անձնավորված բանավեճի մեջ չի մտնի, իսկ հնչեցրած հայտարարությանն էլ հումորով է վերաբերվում:

«Ես չէի ցանկանա որ այսօրվա դատավարությունը դառնա երկու կոլեգաների անձնավորված բանավեճ, դրա համար չեմ պատասխանում իմ կոլեգային, թեեւ շատ բան ունեմ ասելու…բայց որեւէ ձեւով չեմ մեկնաբանի իր ասածները, որոնք հասցեագրված են անձամբ ինձ: Ես էլի շարունակում եմ համարել, որ այս դատավարությունը չի կարող ընթանալ օբյեկտիվ, քանի դեռ գործը քննվում է Սյունիքի մարզում բնակվող եւ Սյունիքի մարզում աշխատող բնակիչ հանդիսացող դատավորի կողմից, իսկ Սյունիքի մարզպետը Սուրիկ Խաչատրյանն է», – ասաց պարոն Ալումյանը:

Նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հոկտեմբերի 15-ին, քանի որ փորձագետը չէր ներկայացել, իսկ Ռուբեն Սահակյանը նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ պնդել էր, որ փորձագետի մասնակցությամբ անցկացվի խոհանոցի տեսաձայնագրության հետազոտությունը: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին ապահովել փորձագետի մասնակցությունը:

Նշենք, որ այսօրվա նիստին ներկայացել էին նաեւ վկաներ հանդիսացող Տիգրան ու Տրդատ Խաչատրյանները` Սուրիկ Խաչատրյանի որդիները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031