Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախկինում հսկա «Բենտոնիտ» կոմբինատը՝ պարտքերի մեջ

Հոկտեմբեր 07,2014 14:24

Իջեւանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թ.: Գործարանի հենքի վրա ստեղծվել է Ազատամուտ բանվորական ավանը, որն այժմ գյուղի կարգավիճակ ունի: Նախկինում բենտոնիտի կոմբինատում աշխատում էին Ազատամուտի, Աչաջրի, Դիտավանի, Սարիգյուղի, Սեւքարի, Իջեւան քաղաքի հարյուրավոր բնակիչներ:

Ադրբեջանի կողմից իրականացվող տրանսպորտային շրջափակման հետեւանքով գործարանն անգործության էր մատնվել, աշխատել կարճ ժամկետներով` բենտոնիտի փոշու հերթական խմբաքանակի պատվերի դեպքում: Գործարանի սեփականատերերի մի քանի փոփոխությունները նախկինում դրական արդյունք չեն տվել: Հերթական սեփականատերն այդ ընթացքում գործարանում առկա գույքի մի մասը վաճառել է:

Կոմբինատի ներկայիս սեփականատերերը Ջավախքից բանաստեղծ Օքրո Օքրոյանի որդիներն են: Նրանց կողմից կոմբինատում վերակառուցման որոշ աշխատանքներ են կատարվել, նոր սարքավորումներով հոսքագիծ է գործարկվել: Սակայն ձեռնարկությունը այժմ հայտնվել է պարտքերի եւ դրա հետեւանքով՝ դատական գործընթացների մեջ:

Երեւանի տարբեր հասցեներում գրանցված «Բելարթմի» եւ «Յումակս» ՍՊԸ-ները գումարի բռնագանձման պահանջով դատի են տվել « Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին: Այս հայցերով դատական առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացել է հոկտեմբերի 1-ին : Հայցվոր ՍՊԸ-ները դատարանին միջնորդել են, որպես հայցի ապահովման միջոց, արգելանք դնել կոմբինատի գույքի եւ դրամական միջոցների վրա, դատարանը մերժել է այդ միջնորդությունները:

Նույն դատարանում շարունակվում է «Բենտոնիտի» պարտքերին վերաբերող եւս մեկ դատավարություն: Հրազդանում գործող «Արջերմեկ» ՍՊԸ-ն 2014 թ. մարտին դատի է տվել «Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ-ին՝ պահանջելով «Բենտոնիտից» գումար բռնագանձել: Սույն դատական գործով հերթական նիստը նշանակված է հոկտեմբերի 17-ին:

«Արջերմեկ» ՍՊԸ տնօրեն Հայկ Արաբյանից տեղեկացանք, որ իրենց ընկերությունն Իջեւանի բենտոնիտ կոմբինատում ջերմամեկուսացման աշխատանքներ է կատարել, որոնք ավարտվել են 2013թ. սեպտեմբերին: Նրա վկայությամբ՝ իրենք այդ աշխատանքների կանխավճարը ստացել են, սակայն հիմնական գումարը՝ ոչ: «Արջերմեկը» քաղաքացիական հայցով պահանջում է Բենտոնիտ» ԲԲԸ-ից բռնագանձել 3.3 միլիոն դրամ: Հայկ Արաբյանն ասաց, որ իրենց պահանջով արգելք է դրվել ընկերության գույքի վրա:

«Իջեւանի բենտոնիտ կոմբինատ» ԲԲԸ կոմերցիոն մենեջեր Մարտիրոս Թոփալյանը մեզ հետ հեռախոսազրույցում չհայտնեց «Արջերմեկ» ՍՊԸ-ին իրենց ունեցած պարտքի չափը՝ համարելով դա առեւտրային գաղտնիք: Հետո պ-ն Թոփալյանը, դժգոհ լինելով կոմբինատի մասին մեր հոդվածներից, ասաց, որ կոմբինատին առնչվող հարցերով այլեւս չզանգահարենք իրեն:

Մեր տեղեկություններով` 4-5 տարի առաջ վրացիները «Բենտոնիտից» արտադրական հոսքագիծ են գնել, որը ներկայումս հաջողությամբ աշխատում, բենտոնիտի փոշի է արտադրում Ադրբեջանի Ղազախի շրջանի Դաշ Սալահլի գյուղում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031