Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցը չի որոշվի մինչև հոկտ․ 10-ը, իսկ ծերուկ Նազարբաևին պետք չէ նեղացնել. «Առաջին լրատվական»

Հոկտեմբեր 07,2014 13:03

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, հոկտեմբերի 10-ին Հայաստանն ու եվրասիական եռյակը նախատեսում են ստորագրել Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության փաստաթուղթը: Համաձայն ՄՄ օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև պետք է տեղակայվի մաքսակետ, որին դեմ է պաշտոնական Երևանը՝ ըստ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի: Մաքսակետի տեղակայման հարցը սկզբունքայի՞ն է, ըստ Ձեզ, որտեղ Ռուսաստանը չի կարող զիջումներ անել հօգուտ Հայաստանի, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի անդամակցությունը եվրասիական պրոյեկտներին Ռուսաստանի համար հավելյալ ձայն է ապահովում ՄՄ-ում քվեարկությունների ժամանակ:

– Ես չեմ կարծում, որ մաքսակետն այն հարցն է՝ հանուն որի Ռուսաստանը կփորձի ճնշումներ գործադրել: Բոլոր կողմերի համար հասկանալի է, որ հնարավոր մաքսակետը բավականին պայմանական բնույթ է կրելու: Ի՞նչ է, իսկապե՞ս Դուք մտածում եք, որ Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ իրական մաքսային աշխատանք են իրականացնելու, այնտեղ հերթեր են գոյանալու. դա ձևական ինչ-որ կետ է լինելու Ղազախստանին հանգստացնելու և չգրգռելու համար: Չէ՞ որ Ղազախստանին պետք է ինչ-որ փաստարկ ներկայացնել, Ղազախստանը լուրջ գործընկեր է, ուստի անհրաժեշտ է ցույց տալ, որ նրա շահերը ևս հաշվի են առնվում: Իմ կարծիքով՝ այս ողջ եվրասիական ինտեգրացիան տնտեսության մասին չէ, որպեսզի մենք հենց այս հարցերը քննարկենք: Սա հերթական ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը ԼՂ ստատուս քվոն չի ցանկանում փոխել, եթե դիտարկենք ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Հայաստանը կարևոր է՝ որպես ռազմավարական գործընկեր Կովկասում: Այս պրոյեկտներում ես հեղափոխական տնտեսական նշանակություն չեմ տեսնում, նույնը վերաբերելու է այս կետին. պետք է, չէ՞, Նազարբաևի հետ որևէ կոմպրոմիս գտնել: Եղան որոշակի էմոցիոնալ գնահատականներ, որոնք արտահայտվեցին, օրինակ, Ժիրինովսկու կողմից: Դրանք՝ մի կողմ, բայց ծերուկին պետք չէ վիրավորել, անհրաժեշտ է որոշակի միջոցներ ձեռնարկել: Ես կարծում եմ, որ սա մաքուր ձևականություն է լինելու, ֆորմալ ինչ-որ բան, որը թույլ է տալիս ենթադրել, որ պրոյեկտներում պահպանվում է ինչ-որ համաձայնություն, կոնսենսուս:

– Ըստ Ձեզ՝ Ձեր նշած անհրաժեշտ միջոցները հնարավոր կլինի՞ ձեռնարկել մինչև հոկտեմբերի 10-ը, երբ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը:

– Ես չեմ կարծում, որ մինչև հոկտեմբերի 10-ը ինչ-որ բան որոշակի և հստակ կդառնա: Իմ կարծիքով՝ այդ ստորագրությունը կհետաձգվի: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ. այս իրավիճակում կարևոր է ոչ թե վերջնական նպատակը՝ կմիանա՞ Հայաստանը, թե՞ ոչ, այլ այն ազդանշանը, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է:

Արաքս Մարտիրոսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031